Աղետի գոտում համաճարակի վտանգ կա։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Մտահոգությունը հետեւյալն է, որ նախ բավականին մեծ քանակով տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր լինել, մյուս կողմից, կան անկած կենդանիներ՝ հավեր, խոզեր, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ չէ։ Դրա համար առողջապահության ոլորտի մեր գործընկերները մի կողմից աշխատանք են իրականացնում, մյուս կողմից էլ հորդորում են զգուշ լինել։ Նաեւ գետի ափերով շարունակվում է որոշակի փնտրողական աշխատանք։ Եթե այդ մարմինները հայտնաբերվեն, համապատասխան տեղերում անասունների համար գերեզմանոցներ են առանձնացվել, որպեսզի հիվանդություն չտարածվի»,- ասաց Գնել Սանոսյանը։
Նախարարն ասաց, որ աղետի գոտում վնասների չափն ընդհանրացնել դեռ հնարավոր չէ, ստեղծված է հանձնաժողով, գնահատումներ են անում։ «Մեկ օրինակ ես բերեմ՝ հիմա ունենք բարձրահարկ շենքեր, որոնց առաջին հարկերը ջրով եւ տիղմով են լցվել։ Քաղաքաշինության կոմիտեի գործընկերները նախնական ուսումնասիրություն են անում, բայց բավական ժամանակ կպահանջվի, որպեսզի հասկանանք՝ շենքերն ինչ աստիճանի են վնասվել, վնասվել են, թե չէ, վթարայնության ինչ աստիճանի են, ապրելու համար ենթակա են, թե՞ ոչ։ Այդ դեպքում պատկերն ամբողջովին կփոխվի։ Աշխատանք տանում ենք, որոշակի գնահատումներ իրականացնում ենք, ինչ-որ ժամանակ հետո գուցե կկարողանանք խոսել, բայց, ցավոք սրտի, բավական մեծ թվեր կլինեն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ըստ նախարարի՝ հատկապես Ալավերդի քաղաքն ու Քարկոփ բնակավայրն են տուժել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՖԲ էջից