Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ մեզ փնովել եւ մեր կատարած ահռելի աշխատանքը մոռացության տալ». Աշոտ Մելքոնյանը՝ Ժաննա Անդրեասյանին

Հունիս 05,2024 16:02

ԱԺ-ում 2023 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է. «Պատմության դասագրքի մասին էդքան խոսում էին մեր բոլոր հայտնի եւ անհայտ պատմաբանները: Նրանցից ոչ մեկը գիրք չի գրել, էդքան խոսում էին, էդքան կարեւորում էին, ո՞ւր են իրենց գրած գրքերը, ինչո՞ւ ենք մենք էլի պատմության դասարանի դասագրքի մրցույթ հայտարարում ու մնում նույն վիճակում»: Նախարարը նաեւ ասել էր, որ հաջորդ տարվա համար մրցույթները հայտարարված են, թող դիմեն, կընտրվի լավագույնը:

Աշոտ Մելքոնյան

Aravot.am-ը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանից մեկնաբանություն խնդրեց Ժաննա Անդրեասյանի հայտարարության վերաբերյալ:

«Մենք չգրեցինք 7-րդ դասարանի դասագիրքը, այն պատճառով, որ չասեն՝ մենաշնորհ ենք հաստատել ու տեսանք, թե արդյունքը ինչ եղավ (խոսքը Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած աղմկահարույց դասագրքի մասին է-Գ.Հ.): Նույնը նաեւ 8-րդ դասարանի դասագրքին է վերաբերում, գրվել է դասագիրք, որի վերաբերյալ ահռելի քանակությամբ դիտողություններ են հավաքվել տարբեր գիտակրթական հաստատություններում: Ինչ վերաբերվում է 10-րդ դասարանին, մենք դասագիրք ենք պատրաստում, որը կարող է լինել օժանդակ ձեռնարկ: Իսկ այն արտահայտությանը, թե ուր են մեր պատմաբանները, ասեմ ձեզ՝ նրանք 30 տարի դասագիրք են գրել 1990-ականներից սկսած: Ինչ դասագրքեր էլ, որ նոր գրվում են, այդ դասագրքերը հիմք ընդունելով են գրվել: Մեր կատարած ահռելի աշխատանքները պետք չէ մոռացության տալ ու անտեսել»,-ասաց գիտնականը:

«Աշոտ Մելքոնյանն առաջին անգամ «Հայոց պատմություն» հրատարակել է 1998, երկրորդ անգամ՝ 2008թ., երրորդ անգամ՝ 2018թ.: Դա անհատապես եմ գրել, միայն ես: Իսկ 90-ական թվականների Բարխուդարյանի եւ Բաբկեն Հարությունյանի դասագրքի հեղինակներից մեկն եմ եղել, իսկ 2000-ական թվականների բոլոր դպրոցական դասագրքերի խմբագիր եմ եղել: Այդ դասագրքերի վրա ահռելի աշխատանք ենք կատարել զրոյական վիճակից: Խորհրդային տարիներին դասագրքեր չկային, մենք ստեղծեցինք այդ դասագրքերը: Եվ փոխանակ մեզ փնովելու, լավ կլիներ, որ ասվեր, որ մենք նաեւ դասագրքաստեղծ աշխատանքի մեջ երբեք չեն թերացել: Թողնելով մեր գիտական աշխատանքը՝ զբաղվել ենք այդ կարեւոր համապետական նշանակության աշխատանքով: Որոշ ժամանակ դադար ենք տվել, մտածել ենք ասպարեզը տանք ուրիշներին ու տեսաք, թե ինչ եղավ»,-ասաց պատմաբանը:

Աշոտ Մելքոնյանը նաեւ հիմնավոր պատճառ նշեց, թե ինչու չեն մասնակցել մրցույթի. «Լուսահոգի Արտակ Մովսիսյանը, ես եւ ուրիշները ժամանակին հայտարարեցինք, որ անընդունելի են այն չափորոշիչները, որոնք դրվեցին շրջանառության մեջ եւ մեզ պարտադրեցին գրել Հայոց պատմության նոր դասագիրք՝ այդ չափորոշիչներով, եւ դա այն դեպքում, երբ դրանցում հայրենասիրություն բառը չկար, փոխարենն անընդհատ շրջանառվում էր համակեցություն հարեւանների հետ ձեւակերպումը; Պատճառներից մեկը հենց դա էր, որ այդ չափորոշիչներով չցանկացանք գրել դասագիրք: Նախորդ նախարար Վահրամ Դումանյանը խոստացել էր, որ չափորոշիչները կփոխվեն, մենք էլ դիտողություններ էինք ներկայացրել, սակայն դրանք չփոխվեցին: Իսկ այդ չափորոշիչներով դասագիրք գրել չէր լինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930