Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ սահմանազատման գործընթացին։ «Գործընթացը լինելու է այն քարտեզով, որը վարչապետը ներկայացրել է։ Եթե 1976 թվականի քարտեզով է գնում, այդ գծով ոչ մի միլիմետր այս կողմ չի լինի։ Մենք բոլորս գիտենք, որ Սյունիքում կա սուվերեն տարածքում ներխուժում, բնականաբար, պետք է հետ գնան»։
Հարցին, թե Սյունիքից քանի՞ քմ է օկուպացված թշնամու կողմից, Ղուկասյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել։ Հարցին՝ գուցե հետ գնան, հետո՞ սկսվի սահմանազատումը, նա արձագանքեց․ «Ես հանձնաժողովի մեջ չեմ եւ չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ են բանակցում։ Բնականաբար հետ պետք է գնան, 1976 թվի քարտեզն է դրված սեղանին, չէ՞»։
Լրագրողները նաեւ հարցրին՝ հարցեր չի՞ առաջացնում այն, թե ինչո՞ւ է հատվածական իրականացվում սահմանազատումը։ Ռոբերտ Ղուկասյանն ասաց․ «Սյունիքի մարզում դեռ սկսված չէ, եթե սկսվի, երբ որ ես տեղեկություն կունենամ, երբ Սյունիք կգա այդ հարցը, ձեզ տեղյակ կպահեմ»։
Սյունիքի մարզպետն անդրադարձավ նաեւ հարցին, թե ռուս սահմանապահները դուրս եկե՞լ են Ներքին Հանդից։
Կարդացեք նաև
«Մեծամասամբ դուրս եկած տեղեր կան, բայց ես անձամբ չեմ եղել։ Այն տեղերից են դուրս եկել, որտեղ եկել էին 44-օրյա պատերազմից հետո»,- ասաց նա։ Մարզպետի խոսքով՝ այսօր Ներքին Հանդում այլեւս ռուս սահմանապահներ չկան։
Հարցին, թե Սյունիքում կա՞ն տեղեր, որտեղից դեռ դուրս չեն եկել, նա պատասխանեց․ «Տեսեք՝ եթե կա մի տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գան, մնացածը մնան, մինչեւ հաջորդները դուրս գան։ Բնականաբար, հստակ չեմ կարող ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»։
Անդրադառնալով Տեղ գյուղին, որտեղ համայնքի արոտավայրերի բռնազավթման հետեւանքով գյուղացիները խնդիրներ ունեն, մարզպետն ասաց․ «Համայնքի հետ միասին մենք նոր հողատարածքներ մուտք ենք ապահովել, եւ այդ խնդիրն այդպես է՝ լուծվում, մինչեւ սահմանազատում-սահմանագծումը։ Հույս ունենանք, որ կհասնի այնտեղ, եւ այդ տարածքներն արդեն կլինեն մերը»։
Ռոբերտ Ղուկասյանը նաեւ ասաց, որ Սյունիքում որեւէ բան տեղի չի ունենում, բացի այն, որ ռուս սահմանապահների դուրս են եկել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ