Լրահոս
Օրվա լրահոսը

«Շարժման մեջ ու կողքը կան մարդիկ, որոնք Հ1-ը ուզում են ներկայացնել մոնստր». Շիրինյանը՝ Պետրոս Ղազարյանի գրառումների ու ծաղկաման շպրտելու մասին

Հունիս 05,2024 15:24

Այսօր ԱԺ-ում Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին լրագրողները հարցրեցին`խորհրդի անդամները քաղաքական գրառումներ են անում համացանցում, նրանք կարո՞ղ են անաչառ կարծիք հնչեցնել: Շիրինյանը ճշտեց՝ ո՞ւմ մասին է խոսքը. «Թե՛ խորհրդի անդամները, թե՛ Հանրային հեռուստաընկերության լրագրողը՝ Պետրոս Ղազարյանը սոցիալական ցանցերում իր գրառումներով կատարում է իր աշխատանքի շարունակությունը: Կան հանրային անձինք, որոնք այդ գրառումներով շարունակում են իրենց աշխատանքը, որոնում են կարծիքներ, անձանց, որոնք կարող են մասնակցել նաեւ հեռուստատեսային հաղորդումներին»:

Դիտարկմանը, որ գնահատականներ են հնչում հաճախ՝ նա պատասխանեց. «Ես ճիշտն ասած չեմ նկատել, կարծում եք խորհրդի նախագահը պիտի 900 աշխատողի, ռադիոյի 300 աշխատողի գրառումները սաղ ստուգի՞: Եթե ունեք բողոք, խնդրում եմ գրավոր դիմեք»:

Հարցին՝ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է մարդկանց վրա լուտանքներ, հայհոյանքներ թափելը տարածողի, փորձում են սեւացնել շարժումը: Շիրինյանը հարցով պատասխանեց՝ դուք Հանրայինում լուտանքներ ու հայհոյանքնե՞ր եք լսել. «Գիտեք, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ են հայտնում երբեմն նույնիսկ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճերի ժամանակ, այդ կարծիքների համար մենք չենք կարող պատասխան տալ ու չենք էլ ուզում, որովհետեւ համարում ենք, որ ցանկացած կարծիք կարող է հնչի»:

Թե ինչու Հանրայինը չի գալիս լուսաբանելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, երբեմն կադրեր է վերցնում ուրիշներից ու ռեպորտաժ հավաքում՝ Շիրինյանը պատասխանեց, որ ագրեսիվ պահվածք կա շարժման մասնակիցների կողմից Հ1-ի լրագրողների նկատմամբ: Հարցին՝ չե՞ք կարծում, որ դա իրենց պատրաստած ռեպորտաժների արդյունքն է՝ նա պատասխանեց. «Չէ, չեմ կարծում: Շարժման մեջ ու կողքը շատ կան մարդիկ, որոնք դեմոնիզացնում են Հանրային հեռուստաընկերությունը, ուզում են ներկայացնել որպես կառավարության խոսափող, որպես մոնստր, որը իրենց հետապնդում է»:

Լրագրողները հարցրեցին՝ մամուլում հրապարակում կա, որ լրատվականի ղեկավարը ծաղկաման է շպրտել աշխատողի վրա: Շիրինյանը պատասխանեց. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանել «Հրապարակի» հրապարակումը: Ինձ հայտնի չէ»: Նա ասաց, որ հնարավոր է հետո հարցնի ու պարզի՝ եղե՞լ է նման բան, թե՞ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930