Լրահոս
Օրվա լրահոսը

«Փետրվար ամսից ապահովագրական համակարգը փլուզված է, կարկուտից տուժած տնտեսությունների մոտ պրոբլեմ կա»․ Գեւորգ Պապոյան

Հունիս 05,2024 15:11

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հաստատեց տեղեկությունները, որ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում խնդիրներ կան։

Վերջին երկու ամիսներին կարկտահարության հետեւանքով տուժել են բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, իսկ կարկտահարությունից ապահովագրության ծրագիրն այս տարի չի իրականացվել։

Գեւորգ Պապոյանը հստակ թիվ չասաց, թե ինչ վնաս է հասցրել կարկուտը գյուղատնտեսությանը։ «Մենք ունենք պրոբլեմ եւ սպասում ենք մարզպետարաններից գնահատականների։ Մարզպետարանները գնահատեն, ուղարկեն նախարարություն, եւ մենք արդեն կհասկանանք, թե ինչ պետք է անել այդ իրավիճակի հետ»,- ասաց նա։

Պապոյանը հավելեց․ «Բայց խնդրի լուծումը պետք է լիներ եւ եղել էր ապահովագրություն, բայց փաստացի փետրվար ամսից ապահովագրական համակարգը փլուզված է եղել հետեւյալ պատճառով։ Եղել էր մի ընկերություն՝ «Սվիս Ռե», որը վերաապահովագրել է մեր ապահովագրական ընկերություններին։ Այսինքն՝ ասել է, ոչինչ, եթե դու ավել կորուստ կունենաս, ես քո փողը կտամ։ Դա բերել է նրան, որ ապահովագրական ընկերություններն անընդհատ կորուստով են աշխատել։ Այսպիսի օրինակ բերեմ՝ 7000 հա ցորեն է ապահովագրվել, ուղիղ այդքան էլ ապահովագրավճարի տակ է մտել։ Պատկերացնո՞ւմ եք, այդտեղ բիզնես տրամաբանություն ո՞նց կարող է լինել, եթե 7000 հա ապահովագրվի, եւ մոտ 7000-ն էլ փոխհատուցվի։ Սա նշանակում է, որ այստեղ մենք ունեցել ենք խնդիրներ ու հարցեր, որոնք պետք է կարգավորենք։ Հիմա մենք աշխատում ենք ապահովագրական ընկերությունների հետ, հասկանում ենք իրենց մտահոգությունները, ԿԲ հետ ենք աշխատում։ Պետք է փորձենք նորից ներգրավել վերաապահովագրող կազմակերպություն, բայց գնահատման մեխանիզմները պետք է փոխվեն։ Եթե մենք գնահատման մեխանիզմները չփոխենք, մեր ապահովագրական ոլորտի ոչ մի ընկերություն չի մտնի այդ բեռի տակ։ Արդարության մեխանիզմը պետք է պահպանվի, որովհետեւ ստացվում է, որ կան մարդիկ, որոնք չարաշահել են եւ կան մարդիկ, որոնք չեն չարաշահել։ Եվ արդյունքում՝ չարաշահող մարդկանց պատճառով այսօր չչարաշահող մարդիկ տուժած են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930