Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն բաժանարար գիծը, որը նորմալ իշխանության դեպքում պետք է վերածվեր պետական սահմանի, ձեւավորվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում». ռազմական փորձագետ

Հունիս 05,2024 14:56

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով լուրերին, որ Կիրանցում արդեն քանդում են գյուղացիների տները, իշխանությունը մարդկանց ժամանակ է տալիս դուրս գալու՝ պատճառաբանելով, թե դրանք ադրբեջանական են եւ պետք է հանձնվեն, ասաց. «Շատ է ասվել եւ կարճ ամփոփեմ, թե ինչու այն, ինչ տեղի է ունենում հակասահմանադրական է եւ, ըստ էության, դավաճանություն։

Այն բաժանարար գիծը, որ նորմալ իշխանության դեպքում առնվազն պետք է վերածվեր պետական սահմանի, ձեւավորվել է ադրբեջանական ագրեսիան ետ մղելու արդյունքում։ Այսինքն, անգամ եթե ելնենք կեղծ թեզից, թե խորհրդային վարչական սահմաններով այդ տարածքները ադրբեջանական են եղել, թեեւ դա այդպես չէ։ Ագրեսիայի փաստը Հայաստանի Հանրապետության հանդեպ, որ մեկնարկել էր 1991-ից, Խորհրդային Միության փլուզման պահից ավելի շուտ, արդեն իսկ այդ ագրեսիայի հանգամանքը զրոյացնում, ապալեգիտիմացնում է մինչ այդ գոյություն ունեցող բոլոր վարչական սահմանների վերաբերյալ առկա պայմանավորվածությունները, իրավական հիմքերը։ Եվ ագրեսիայի արդյունքում ձեւավորված բաժանարար գիծն էր, որ նորմալ, հայաստանակենտրոն իշխանության պարագայում կվերածվեր պետական սահմանի։ Գուցե, վերջնական ձեւավորված սահմանի ուրվագիծը ինչ-որ տեղ փոփոխվեր փոխադարձության, տրամաբանական փոխզիջումների սկզբունքով։ Բայց շեշտակի փոփոխություններ չպետք է լինեին։

Ինչ է տեղի ունեցել։ Պետությունը իր իրավազորությունն է տարածել այդ տարածքների վրա, որի թիվ մեկ ակնառու ապացույցը կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականներն են։

Ի՞նչ է ասում օրվա վարչապետ կոչեցյալը բոլորովին վերջերս։ Ասում է՝ չենք գտնում կադաստրի այդ վկայականների իրավական հիմքը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աստիճանի նենգ մանիպուլյացիայի հետ մենք գործ ունենք։ Ըստ էության, նա կասկածի տակ է առնում ամեն ինչ։ Կադաստրի վկայականը պետությունը տվել է նաեւ այն պատճառով, հենց այն բանի համար, որ երբ գործը հասներ այդ հատվածում պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատմանը, այդ կադաստրի վկայականները հայկական կողմի համար հանդիսանան որպես փաստաթուղթ, փաստարկ՝ այդ հատվածում առնվազն զիջումների չգնալու համար։

Հիմա այն, ինչ նորմալ իշխանությունը պետք է իբրեւ փաստարկ օգտագործեր տվյալ տեղամասում զիջումների չգնալու համար, ինքը այդ փաստը դելեգիտիմացնում, խոցելի է դարձնում։

Այդ կադաստրի վկայականները տրվել են շատ պարզ պատճառով, որովհետեւ գոյություն ունի պետական սահմանի մասին օրենք, գոյություն ունի 1988 թվականի քարտեզ, որովհետեւ մինչ այդ, 1986-ից սկսած Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդների համատեղ հանձնաժողով է այդտեղ աշխատել, արձանագրություններ կան 1988-ի հունվարին ստորագրված։ Եվ այն հատվածում, ինչ այսօր սկուտեղի վրա մատուցվեց Ադրբեջանին, Հայկական ԽՍՀ իրավազորության տակ տարածքներ են եղել։

Ու էս մարդը որոշել է կամայականության սկզբունքով հիմնվել 1976 թ. քարտեզի վրա։ Ինչո՞ւ։ Պատասխանը բոլորս շատ լավ հասկանում ենք. Բաքվի թելադրանքն է, իմպերատիվ պահանջ, ինչն անում է եւ հաճույք ստանում»,-ասաց ռազմական փորձագետը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930