Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկները սկզբում արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, ապա ծեծի ենթարկում. Ռոման Երիցյան

Հունիս 05,2024 14:34

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չստորագրելու և իբրև թե 5 հազար ՀՀ դրամ տուգանքի պատճառով հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը իրենց հանձնելու «օրինական պահանջները» չկատարելու պատճառով պարեկային ծառայողները, առանց որևէ դիմադրության առնչվելու սկզբում 2 հոգով արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, այնուհետև տեսողությունը կորցրած և դեմքի ամբողջ հատվածը վառված անձին տեսախցիկների առջև դաժանաբար ենթարկում ծեծի, տեղափոխում ծառայողական ավտոմեքենա, որից հետո նրանց միացած ևս 11 պարեկային ծառայողների հետ դուրս հանում իրենց ավտոմեքենայից ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնում մարմնի տարբեր հատվածներին, ցատկով հարվածում նրա մեջքին, հագցնում ձեռնաշղթաներ, կրկին տեղափոխում ծառայողական ավտոմեքենա, որից հետո էլ, երբ քաղաքացին գրեթե ուշագնաց էր, արյունլվա և կուրացած վիճակում նույն պարեկային ծառայողների վաշտի հրամանատարը բացում է ծառայողական ավտոմեքենայի դուռը և մեկ անգամ բռունցքով հարվածում քաղաքացու դեմքին, որից հետո էլ արդեն տեղափոխում ոստիկանության բաժին, որտեղ էլ փորձում են համոզելով ու հոգեբանորեն ճնշելով զերծ պահել քաղաքացուն այդ կապակցությամբ հաղորդում ներկայացնելուց։

Ծեծկռտուքի ընթացքում պարեկային ծառայողներին հանդարտվելու կոչով դիմած պատահական անցորդը նույնպես արժանանում է արցախցու ճակատագրին։

Վերոգրյալ ողջ գործողությունները ֆիքսվել են ոչ ծառայողական տեսաձայնագրող սարքերով։ Փորձագետի եզրակացությունը դեռևս բացակայում է, բայց բժշկական փաստաթղթերով արդեն իսկ արձանագրված է, թե ինչպիսի վնասվածքներ է ստացել քաղաքացին (այրվածքներ, կոտրվածքներ, սալջարդեր ու տարբեր քերծվածքներ)։

Պարեկային ծառայողների նշված վերաբերմունքին քաղաքացին արժանացել է այն բանի համար, որ ստացել է արձանագրությունը չստորագրելու և իբրև թե հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը հանձնելու պահանջ, սակայն այն չի կատարել, քանզի նախ գտել է, որ որևէ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով չի կրում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը ստորագրելու պարտականություն և երկրորդ՝ հայտարարել է, որ չի տրամադրելու սեփականության իրավունքով իրեն պատկանող տրանսպորտային միջոցը, քանի դեռ ցույց չեն տվել այն հետախուզման մեջ գտնվելու վերաբերյալ որոշումը։ Նշվածին պարեկային ծառայողները պատասխանել են․ «Էդ մեզ օրե՞նք ես սովորեցնում, հյուր ես, քեզ հյուրի պես պահիր»։ Լսելով այդ կապակցությամբ քաղաքացու կոռեկտ վրդովմունքը՝ հանել են արցունքաբեր գազի բալոնը և …(շարունակությունը տե՛ս վերևում)։

Ամբողջ գործողության ընթացքում քաղաքացին գեթ մեկ անգամ անպարկեշտ արտահայտություն չի հնչեցրել և որևէ դիմադրություն չի գործադրել։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների վարչությունում նշված փաստով հարուցված քրեական վարույթի շրջանակներում որևէ պարեկային ծառայող մինչ այս պահ չի ձերբակալվել և անգամ չի հարցաքննվել։

Խոստանում եմ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում կհրապարակեմ վերոգրյալ գործողությունների տեսաձայնագրությունները, ինչպես նաև բոլոր այն անձանց անհատական տվյալներն ու լուսանկարները, որոնք քաղաքացուն ենթարկել են նման վերաբերմունքի։ Միայն դատվելով արդարությունը չի վերականգնվի։

Հետգրություն։ Ինչպես նշել է Ռուբեն Մելիքյանը՝ քաղաքացու գլուխը ջարդող պաշտոնատար անձանց արարքում հանցակազմ չեն տեսնում, բայց ոստիկանի վահանին հարվածող քաղաքացուն՝ փորձում կալանավորել։ Փաստորեն ոստիկանի վահանը քաղաքացու գլխից բարձր արժեք ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930