Լրահոս
Օրվա լրահոսը

«էդ 206 մլն դրամն էլ տանք Հ1-ին, «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես, քանի՞ հոգի է նայում «Շողակաթ». ՔՊ-ականները՝ «Շողակաթը» փակելու մասին

Հունիս 05,2024 14:19

Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ասաց. «2015-ից մինչեւ հիմա Հանրային հեռուստաընկերության բյուջեն որեւէ փոփոխության չի ենթարկվել եւ ինչպես բոլորի մոտ տպավորություն է, որ Հանրայինում մեծ գումարներ են ստանում, իրականում չկա դա: Ես ամեն տարի գալիս եմ այստեղ, այդ հարցը բարձրացնում եմ, որ Հանրայինը 2015-ից այս կողմ աշխատում է առանց մի դրամ բյուջեի բարձրացման եւ դա մեզ համար լուրջ խնդիր է՝ սկսած տեխնիկայի թարմացումից, հանրայինը տեխնիկայի համար բյուջե չունի, ստիպված վարկային միջոցներ է ներգրավում, վերջացրած աշխատավարձերը ու նման այլ հարցերով: Եթե հետ գնանք 2015-ին, թե ինչքան տարբեր գնային իրավիճակում ենք ապրում, կարող եք պատկերացնել Հանրայինի վիճակը, մենք երկար այսպես չենք կարողանա շարունակել»:

ՔՊ պատգամավորները Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանից հետաքրքրվեցին «Շողակաթ» ՍՊԸ-ի մասին: Շիրինյանը պատասխանեց, որ «Շողակաթ» ՍՊԸ-ն Մայր աթոռի բաժիններից մեկն է ֆիլմարտադրող, այն Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից կառավարվող է, ունի պայմանագիր հաղորդումներ պատրաստելու: Խորհուրդը պատվիրում է հաղորդումներ 206 մլն դրամի, այդ գումարով վճարում է նաեւ հեռարձակման ծախսերը եւ ստանում է մշակութային, կրթական, ճանաչողական բնույթի հաղորդումներ. «Այդ գումարը սարսափելի փոքր գումար է՝ որեւէ հեռուստատեսային գործունեության համար, մնացած մասը լրացվում է«Շողակաթ» ՍՊԸ մասնավոր ընկերությունը, որն իր տրամադրության տակ ունի շենքային պայմաններ եւ տեխնիկական միջոցներ»:

ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարցրեց՝ ուրիշ ՍՊԸ կարո՞ղ է ասել՝ ես էլ շենքային պայմաններ ունեմ, տվեք, ես կանեմ, մրցակցություն կա՞, թե՞ դա եղել է կամայական որոշում՝ Արա Շիրինյանը պատասխանեց. «Ո՞նց է պետությունը հանձնարարել «Առաջին ալիք» կազմակերպել, նույն ձեւ էլ դա է, մրցակցության հարց չկա: Այո, կարող էր լինել մեկ ուրիշը, որը համաձայն է դա անել»: Նա ասաց, որ հոգեւոր թեմաները կազմում են ընդհանուր եթերի 17%-ը:

ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն, որը 2021 թ հոկտեմբերի 26-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր. «Աթեիստ եմ, հարցեր կա՞ն», այժմ առաջարկեց. «Իսկ չի՞ լինի էդ 206 մլն դրամն էլ տանք Հ1-ին, ինքը հարստացնի մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա եւ «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես: Ես չեմ իմանում վերջին անգամ երբ եմ տեսել, վիճակագրություն կա՞, թե քանի հոգի է նայում «Շողակաթ», դրա նպատակահարմարությունը ինչ-որ կերպ ստուգվե՞լ է: Օրենքը կարանք փոխենք, գումարներն էլ կվերաբաշխենք բյուջեով Հանրային հեռուստաընկերությանը»:

Արա Շիրինյանը պատասխանեց. «Դա օրենքի պահանջ է, որ լինի կրթամշակութային ալիք, ցանկացած ընկերություն կարող է դառնա պարտնյոր, կարող է նաեւ պետությունը ամբողջ ծախսը վերցնի իր վրա: Ամբողջ աշխարհում մշակութային ալիքները ավելի թանկ են արժենում, քան ունիվերսալ բնույթի հաղորդումները: Մեր Հանրային հեռուստաընկերության բյուջեն 6 մլրդ է, եթե մենք ունենք լրացուցիչ 6 մլրդ, կարող ենք զրոյից սկսել: Հա, կարող ենք նաեւ շենք կառուցել եւ հագեցնենք տեխնիկայով: Այն, որ դուք համարեցիք եկամտի աղբյուր՝ 206 մլն-ը, դա ընդհանրապես թիվ չի՝ որեւէ ալիք պահելու համար, եթե նույնիսկ Հանրայինն իր տարածքում գտնի լրացուցիչ տարածք, տեխնիկական միջոցներ եւ լրացուցիչ անձնակազմ՝ եւս մեկ ալիք գործարկելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930