ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների ուղղությամբ ծխարձակող գլանակ նետած ՀՀԿ երիտթեւի անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց:
Այսօր դատարանը քննեց վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած կալանքի միջնորդությունն ու որոշեց այն բավարարել եւ Ավետիսյանին երկու ամսով կալանավորել՝ կիրառելով բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ տեսակցությունների արգելքը:
Ավետիսյանի պաշտպան Արտակ Նավասարդյանը լրագրողներին ասաց, որ դեռեւս չեն ստացել դատարանի գրավոր որոշումը, բայց այս պահի դրությամբ կարող է վստահորեն ասել՝ արդար որոշում չէր, այն բողոքարկելու են:
Կարդացեք նաև
ՀՀԿ երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանն էլ ասաց, որ ունենք դատաիրավական այնպիսի համակարգ, որը որոշումներ է կայացնում հրամաններով ու հրահանգներով: Ըստ նրա, եթե չլիներ հրահանգ՝ այլ որոշում կլիներ, իսկ եթե կա հրահանգ, այլ որոշում է կայացվում. «Ակնհայտ է, որ սա ճնշման փորձ է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների նկատմամբ, բայց մեզ հնարավոր չէ վախեցնել ճնշումներով ու այսպիսի բանսարկություններով: Մեր պայքարը շարունակելու ենք յուրաքանչյուր ուղղությամբ, որը տանում է երկրի զարգացմանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ