Ինչպես հայտնի է, օրերս Բագրատ սրբազանի՝ Գյումրի այցելության համընկնումով Գյումրու Թատերական հրապարակում նախատեսված Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին թույլ չտվեցին, որ Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը ելույթ ունենա: Երգչախումբը մասնակցում էր «Ազնավուր» հիմնադրամի հրավերով։ Համերգը նախաձեռնել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Փոխնախարար Դանիել Դանիելյանը մոտեցել էր երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանին ու ականջին հայհոյել, ծաղրել, թե «դերյա» է հագել: Առաքելյանը լրագրողների հետ զրույցում մանրամասն պատմեց, թե ինչպես է դա եղել ու ինչպես են վերջին պահին համերգի ժամը փոխել այնպես, որ ֆիզիկապես երեխաները չհասցնեին գալ, ավելի ուշ պարզապես հավաքել էին բեմը: Երեխաները ստիպված ելույթ ունեցան աստիճանների վրա, որովհետեւ 3 ամիս պատրաստվել էին համերգին ու Հունիսի 1-ին՝ իրենց պաշտպանության օրը մեծ հիասթափություն էին ապրում:
Կարդացեք նաև
Այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց այդ միջադեպի մասին: Նախարարը պատասխանեց. «Այն, ինչ նկարագրեցիք, ամբողջությամբ սուտ է, որեւէ մեկին չի արգելվել ելույթ ունենալ, եթե որեւէ մեկը որոշել է ելույթ չունենալ, դա իր խնդիրն է: Դա բարդել որեւէ այլ կառույցի վրա ուղղակի անարդար է: Ինչ վերաբերում է հայհոյանքներին, հայհոյանքներ հնչել են, բայց բոլորովին այլ կողմից եւ մեր ուղղությամբ, իսկ ԿԳՄՍՆ ներկայացուցիչները չեն հայհոյում, նման բան ուղղակի տեղի չի ունեցել»:
Նշենք, որ երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանը կատարվածի մասին իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկական երգչախմբի հունիսմեկյան ելույթը ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից սադրանքներով և հայհոյանքներով չեղարկելու, այն քաղաքական մրցակցության վերածելու փոխնախարարի տագնապալի քայլերը, խոսույթը (էս ամենը ես եմ կարգավորում, ես կչեղարկեմ, ես եմ որոշում, ես թույլ չեմ տա ժամանակին համերգը սկսել, ես ես..), խամաճիկի կարգավիճակում հայտնվելը և իր անհավասարակշիռ գործողություններից բխող իմ զգացումներն ավելի խոցելի էին, քան այն, որ մենք տվյալ միջոցառմանը չմասնակցեցինք:
Համերգը սկսվեց մեկ ժամ շուտ` առանց հանդիսատեսի ներկայության: Դատարկ հրապարակում ելույթ ունեցող մանկական մյուս խմբերի համար սա մեծ հարված էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ