Այսօր վիճաբանություն սկսեց ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ կա միջազգային հետազոտություն, ըստ որի, 2015-ին մեր երեխաների 30%-ը ֆունկցիոնալ անգրագիտություն ունի, դա նշանակում է, որ մարդը գիտելիք ունի, բայց չի կարողանում, չգիտի ոնց կիրառել. «Այդ երեխաները գրել-կարդալ գիտեն, բայց իրենք իրենց կարդացած տեքստը չեն հասկանում: 10 տարեկան երեխաների 30%-ը կարդում են մաթեմատիկայի խնդիրը, բայց այդ խնդրի պահանջը չեն հասկանում: Այնպես չի, որ մեր երեխաները տառաճանաչ չեն»: Նախարարը նշեց, որ այս ցուցանիշը բարելավվել է, TIMSS-ի 2019-ի արդյունքներով այս ցուցանիշը 10%-ով նվազել է, այսինքն, 20% է դարձել՝ 30-ի փոխարեն»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը այստեղ քննության ենթարկեց նախարարի գիտելիքները մաթեմատիկայից: Նա ճշտեց. «Ֆունկցիոնալ անգրագիտություն ունեցող երեխաները 30% էին, ասացիք 10%-ով կրճատվել է, դառան 20 տոկո՞ս: Տիկի՛ն նախարար, եթե 30%-ը 10%-ով կրճատես, կլինի 27 լա՞վ: 30%-ի 10%-ը 3 է, դա տարրական մաթեմատիկա է»:
Հովիկ Աղազարյանը փորձեց իրավիճակը փրկել. «Նկատի ունի ամբողջի 10%-ը կրճատվել է»: Արթուր Խաչատրյանը վիճեց. «Լսեք, 30%-ի 10%-ը 3 է, դե որ հասկացաք, բացատրե՛ք, դա 10 տոկոսային կետ է, եթե հասկացաք, բացատրե՛ք: Պարոն Աղազարյան, որ այսպես բուռն արձագանքեցիք, այսպես որ շարունակվի, եթե ցերեկով, լույսով գտնում ենք, թե ովքեր առանց կրկնուսույցի բուհ են ընդունվում, այսպես որ շարունակվեց, պիտի փորձեք մարդ գտնել, ովքեր առանց Google-ի կարող են ասել՝ Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը որն է եղել»:
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանը ի պատասխան հորդորեց Արթուր Խաչատրյանին հարցերը ձեւակերպել կոռեկտության սահմանում. «10%-ային կետի փոխարեն, խոսելով երեխաների համախմբության 20%-ի մասին՝ բանավոր խոսքում ձեւակերպումից կառչելը ամենալավ ձեւը չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ