«Նախորդ տարի 6300 ուսուցիչ է դիմել՝ կամավոր ատեստավորման համար: Ցուցանիշները վատ չեն»,- այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց, թե ինչու են մշակութային ժառանգության պահպանման համար կապիտալ ծախսերը թերակատարվել:
Ժաննա Անդրեասյանը պատասխանեց. «Նախ, շատ սահմանափակ է շրջանակը, թե ովքեր կարող են դիմել, մասնակցել հուշարձանների վերականգնման մրցույթին: Կան հուշարձաններ, որ գտնվում են շատ դժվարամատչելի վայրերում: Ունենք հուշարձաններ, որ 4-5 անգամ մրցույթ ենք հայտարարում եւ մասնակցության խնդիր ունենում: Թանգարանների մասով մեր հիմնական խնդիրը նախորդ տարի գրանցվել է Ցեղասպանության թանգարանում նախատեսված աշխատանքների մեկնարկման հետ, որը կապված էր նախագծի թերությունների հետ: Թումանյանի թանգարանի հետ կապված աշխատանքները ձգձգվել են»:
Նա ասաց, որ պետք է ուշադիր հետեւեն նախագծմանը, որովհետեւ եղել է դեպք, երբ դրանք անտրամաբանական են եղել. «Կարող է գնանք տեսնենք, նույն չափի մի սենյակում 2 սեկցիայով են ջեռուցումը նախատեսել, մի տեղ՝ 3, մի տեղ ընդհանրապես չեն նախատեսել, կամ լուսամուտ են դրել մի այնպիսի պատի վրա, որը բացվելու հնարավորություն էլ չունի, որովհետեւ 10 սմ այն կողմ ուրիշ պատ է: Այդպիսի նախագծեր շատ ենք տեսել, ավելի լավ է դրանցից հրաժարվենք եւ որակյալ աշխատանք անենք»:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ անդրադարձավ «Netflix»-ի հետ համագործակցությանը, ասաց, որ բավականին մեծ հետաքրքրություն կա ու արդեն կնքված հուշագրեր կան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ