Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ-ի հետ շփումների նկատմամբ՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ուղղություններով. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«2023 թ. նոյեմբերից արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել: Գործընկերները շահագրգռված չեղան մեր առաջարկությամբ՝ մշակելու և կնքելու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների հերթական ծրագիրը։ Ոչ մեր մեղքով նկատելիորեն նվազել է պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։
Միևնույն ժամանակ Մոսկվայի և Երևանի երկկողմ շփումները չեն ընդհատվում՝ մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Փաշինյանի հետ, իսկ ավելի վաղ Միխայիլ Միշուստինը ևս հանդիպել է ՀՀ վարչապետի հետ։ Փոխվարչապետեր Օվերչուկը և Մհեր Գրիգորյանը պարբերաբար շփվում են: Փոխգործակցություն կա նաև մշակութային և հումանիտար հարթակներում»,- ասել է Գալուզինը:
«Կատարվել է ևս մեկ կարևոր քայլ», – անդրադառնալով Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցություններին ասել է Գալուզինը և հավելել. «Այս հանդիպման անցկացումը կողմերին հնարավորություն է տվել առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով: Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը և նպաստելու փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»։
Կարդացեք նաև
Գալուզինի խոսքով՝ Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել ՌԴ-ի և ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքին վերադառնալը:
ՌԴ փոխարտգործնախարարը կարծում է՝ ինչ էլ խոստանա Երևանին ավելի ու ավելի սիրաշահող Արևմուտքը, այսօր ՀԱՊԿ-ին՝ որպես ՀՀ անվտանգության ապահովման մեխանիզմի, գործուն այլընտրանք չկա։