Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հույսը Հայաստանում ենք գտնում

Հունիս 05,2024 14:00

Բռնատեղահանված արցախցին՝ Հայաստանի գյուղում

Արցախյան առաջին պատերազմից հետո, երբ արդեն ազատագրված էին Արցախը Հայաստանից անջրպետող՝ ադրբեջանցիներով բնակեցված Քաշաթաղի եւ Արցախի հարակից շրջանների տարածքները, ցավոք, պետական լուրջ եւ հետեւողական ծրագրեր չիրականացվեցին, որպեսզի տասնյակ հազարավոր ընտանիքներով համալրվեր եւ կրկին հայաբնակ դառնար պատմական մեր հայրենիքի այդ միջնաբերդը: Սկզբնական շրջանում Հայաստանից հարյուրավոր ընտանիքներ կամավոր կերպով վերաբնակվեցին այնտեղ, սակայն հետագայում դրանց մի զգալի մասը, կենսական-սոցիալական պայմանների բացակայության պատճառով, հետ վերադարձան:


Դալլաքյանների ընտանիքը, սակայն, չընկրկեց ժամանակի այդ սոցիալական դժվարությունների առաջ եւ 2001թ.-ին, Հայաստանի Ալավերդի քաղաքից տեղափոխվելով Արցախի Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղը, ապրեց ու հիմնավորվեց այնտեղ: Իսկ ահա 2023թ. սեպտեմբերին, դառը ճակատագրի բերումով, արդեն որպես արցախցի, բռնատեղահանվեցին եւ այժմ ապրում են Լոռու մարզի Փամբակ գյուղում:

– Իմ ընտանիքը տեղահանվել է 3 անգամ: Մի անգամ՝ կամավոր, երկու անգամ՝ բռնի կերպով,-ասում է տիկին Մարինեն,-երեխաներս դեռ փոքր էին, երբ վերաբնակվեցինք Արցախում: Ինձ հետ տեղափոխվել էին նաեւ հայրս, մայրս եւ եղբայրս՝ ընտանիքով: Հարութս առաջին դասարանն այնտեղ հաճախեց եւ դպրոցն ավարտելուն պես ծառայեց Արցախի պաշտպանության բանակում, իսկ այժմ էլ ծառայում է ՀՀ Զինված ուժերում: Աղջիկս ամուսնացել է Արցախում, 3 երեխա ունի, շուտով 4-րդը կծնվի: Հիմա ապրում է Գեղարքունիքի մարզում:

Մինչ այս տեղահանությունը, 2020թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղից ստիպված տեղափոխվեցինք Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ: Կարծես թե կյանքը նորից հունի մեջ էր մտնում՝ տուն ու տեղ տվեցին, որդիս ու փեսաս պայմանագրային զինծառայության մտան եւ նորմալ աշխատավարձ ապահովեցին, մեզ համար պետությունը տուն էր կառուցում Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում, եւ ուր որ է՝ պիտի տեղափոխվեինք: Սակայն եկավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը: Մի քանի օր Ստեփանակերտում մնալուց հետո վերջապես մի բեռնատար մեքենայի թափքի մեջ՝ մի կերպ (50 հոգով՝ ծեր ու մանուկ) տեղավորվեցինք:

Անձրեւի ու ցրտի մեջ, սոված-ծարավ… 3-օրյա տառապանքից հետո, հասանք Հայաստան: Մոտ երկու ամիս Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրելով (Ճամբարակ, Վեդի, Արմավիր) եւ հարմար տուն որոնելով, նոյեմբերին վերջապես եկանք այստեղ: Ինչպես տեսնում եք, այս տան պայմանները լավ են, գյուղն էլ շատ գեղեցիկ է՝ Վանաձոր տանող մայրուղուն կպած: Այժմ մենք այստեղ մեզ համայնքի լիարժեք անդամ ենք համարում, եւ լիովին ապրում ենք գյուղի կյանքով: Համայնքապետը հրաշալի մարդ է, ցանկացած հարցով աջակցում է մեզ: Համայնքապետարանը մեզ օգնել է վառելափայտի ձեռքբերման հարցով, իսկ վերջերս էլ հավաբուծությամբ զբաղվելու համար բարեգործական ծրագրով 25 հատ 2 ամսական ճտեր են տրամադրել…

 

– Ես անչափ գոհ եմ այս գյուղի մարդկանցից,- ասում է Մարինեի 29-ամյա որդին՝ Հարութը,- բոլորը ջերմ ու հոգատար են մեր հանդեպ՝ պատրաստ օգնելու ցանկացած հարցում: Ով ինչով կարողացել, օգնել է: Պետության կողմից պարբերաբար ստանում ենք աջակցություններ՝ սնունդ, հագուստ: Բացի տան վարձի եւ կոմունալ վճարների փոխհատուցման ամենամսյա գումարներից, կենցաղային տեխնիկայի եւ իրերի ձեռքբերման համար միանվագ ստացել ենք նաեւ 252.000 դրամ:

Իմ հարցին, թե՝ ինչպիսի՞ն ես տեսնում քո կյանքն այս գյուղում եւ մեր ժողովրդի կյանքը՝ Հայաստանում, զինվորական Հարութը հակիրճ պատասխանեց.

– Ես իմ կյանքն այս գյուղում եմ տեսնում եւ, երբ հնարավորություն ունենամ, անպայման այստեղ տուն եմ գնելու: Իսկ մեր ժողովրդի կյանքը Հայաստանում ամենաիդեալական ձեւով եմ պատկերացնում: Միգուցե ոմանք այլ աչքերով են նայում եւ այլ բան են տեսնում, բայց ես զինվորականի աչքերով եմ նայում մեր ժողովրդի ապագային եւ տեսնում եմ՝ ոգին չի մեռել եւ օրեցօր ավելի է ուժեղանում: Արցախում մենք կորցրինք մեր հույսը, սակայն Հայաստանում այն նորից ենք գտնում: Հավատում եմ եւ վստահ եմ, որ պաշտպանելու, հզորացնելու ենք մեր երկիրը:

Փամբակում Արցախից բռնատեղահանված ընդամենը 2 ընտանիք է ապրում: Հետաքրքիր զուգադիպությամբ երկուսն էլ զինվորականների ընտանիքներ են, երկուսում էլ ապրում են մայր ու որդի: Եթե Դալլաքյանների ընտանիքում որդին էր զինվորական, ապա մյուս ընտանիքում մայրը՝ Արեւ Բաբայանը: Իմ առաջին հանդիպումը հենց Արեւի հետ պիտի լիներ, որին ճանաչում էի Արցախից եւ մեկ ամիս առաջ պայմանավորվել էի հանդիպել: Սակայն Արեւն անսպասելի մեկնել էր Ռուսաստան: Այնուամենայնիվ, որոշեցի գնալ Արեւի տուն: Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպիսի պայմաններում էր ապրում եւ ինչու էր մեկնել արտերկիր:

Հարեւանուհին՝ տիկին Մանուշը, նախ մեզ բարեհամբույր կերպով դիմավորեց, ապա ուղղորդեց կողքի տունը, որտեղ ապրում էր Արեւը՝ իր պատանի որդու՝ Արտակի հետ: Դա մի փոքրիկ ու գողտրիկ տուն է, որն ունի նաեւ փոքրիկ հողամաս՝ բերքատու ծառերով: Այստեղ տան արցախցի բնակիչը մեկնելուց առաջ անգամ կարտոֆիլ է ցանել, որոշակի գյուղատնտեսական աշխատանքներ կատարել՝ բանջարանոց ունենալու համար:

Արեւը Արցախի Մարտունի քաղաքից է: Տարիներ շարունակ անբասիր կերպով ծառայել է Արցախի ՊԲ տարբեր զորամասերում՝ որպես կապավոր: Ընդհուպ մինչեւ տեղահանության վերջին օրը իր հրամանատարի հետ եղել է մարտական դիրքերում:

Ինչպես պատմում է տիկին Մանուշը՝ Արեւը շատ գոհ էր ե՛ւ իրենից, ե՛ւ գյուղի մարդկանցից: Համայնքապետը շատ ուշադիր էր եւ աջակցում էր ցանկացած հարցով՝ վառելափայտի, սննդի, կենցաղային պայմանների հետ կապված:

-Ես մի տեսակ տխուր եմ, որ Արեւը գնացել է՝ ոնց-որ հարազատս լինի հեռացած, ոնց-որ մի փոքրիկ արեւ լինի ինձնից հեռացած… կարոտում եմ: Գիտեմ, որ ինքն էլ ինձ է կարոտում ու թախծում եմ: Հուսով եմ, որ կվերադառնա…

Ինձ հետ Փամբակ ժամանած ֆոտոլրագրող Վահան Հարությունյանն անընդհատ լուսանկարներ էր քաղում այգու ամեն մի տեսարժան անկյունից ու տան ներսի սենյակներից, եւ մենք մեր հարցերով ու արված լուսանկարներով, կարծես, տնից ու տեղից զրկված, Հայաստանից հեռացած արցախուհու հետքերն էինք փնտրում… :

Երեկոյան Արեւի հետ մի փոքրիկ առցանց հարցազրույց ունեցա:

– Ինչո՞ւ ես գնացել Ռուսաստան: Ի՞նչն է ստիպել, մի՞թե վատ էին ընդունում…,- իմ հարցերը մի քանիսն էին՝ իմանալու համար բուն պատճառը: Սակայն Արեւը չթողեց շարունակեմ հարցերիս շարանը եւ տվեց մի ընդհանուր պատասխան.

– Ես անչափ գոհ եմ եւ շնորհակալ գյուղի բնակիչներից, համայնքի ղեկավարից, բոլորից: Այդտեղ ինձ հարազատի պես են ընդունել: Անգամ տանտերը ինձնից տան վարձ չի վերցրել: Ես չեմ հեռացել: Պարզապես, ֆինանսական խնդիրներից ելնելով, որոշեցի մի քանի ամսով մեկնել արտագնա աշխատանքի ու վերադառնալ: Շատ լավ կլիներ, որ այդտեղ աշխատանք՝ եկամուտի աղբյուր գտնեի: Բայց միեւնույն է, աշնանը գալու եմ: Որդիս անպայման պետք է Հայաստանում բարձրագույն կրթություն ստանա: Բացի այդ, գտնվելով Մայր Հայաստանում, ես ինձ իմ ծննդավայրին մոտիկ եմ զգում եւ իմ մեջ, կարծես, հենց այդտեղ է անմար մնում կրկին Արցախում հայտնվելու ապրեցնող հույսը…

Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2024

Տվյալ նյութը պատրաստված է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Այս հրապարակման բովանդակությունը բացառապես լրագրողի պատասխանատվությունն է, և այն չի կարող ընկալվել որպես Եվրոպական միության տեսակետների արտացոլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930