Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրել ու արարել միմիայն հայրենիքում

Հունիս 05,2024 12:30

Աշխարհաքաղաքական փոփոխությունների այս խառը ժամանակաշրջանում, երբ Հայաստանը հայտնվել է մեծ տերությունների բախման կիզակետում, մեր երկրի ազգային ուժերը միմյանց հետ ավելի սերտ միավորվելու փոխարեն, ընդհակառակը, ստեղծում են նոր կուսակցութուններ՝ խորացնելով անջրպետը հասարակության տարբեր շերտերի միջեւ: Եվ հայ ժողովրդի դասերը մոռանալով՝ բոլորովին կարծես չեն ուզում տեսնել, որ մեր երկիրն օրեցօր սրընթաց գահավիժում է ցած:

Բարեբախտաբար,  միայն արվեստն ունի մարդկանց միավորելու կարողություն: Այն օգնում է մեզ հասկանալ եւ տեղյակ լինել շրջապատող աշխարհի մասին: Ու արտահայտելով մեր հույզերն ու մտքերը՝ դրանք կիսել մարդկանց հետ, հասկանալ միմյանց, միասին հաղթահարել խոչընդոտները: Երեւանում օրերս նշանավոր արվեստագետ, նկարիչ, քանդակագործ Սահակ Սահակյանի անվան թանգարանի բացումը դրա վառ վկայությունն է: Բավականին բազմամարդ ու աշխույժ էր մթնոլորտը: Հավաքվել էին տարբեր մասնագիտությունների մարդիկ՝ նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, ռեժիսորներ, դերասաններ, իրավաբաններ, մարզիկներ  եւ  այլք: Եվ ելույթ ունեցողներն իրենց խոսքում ընդգծելով արվեստի հզոր ուժը, միեւնույն ժամանակ փաստեցին, որ առայսօր  միմիայն մշակույթի ու արվեստի շնորհիվ է աշխարհը  ճանաչում հայերին ու Հայաստանը՝ նրա հայտնի գործիչների շնորհիվ: Հենց այդ շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում  արվեստագետ Սահակ Սահակյանը, որի  հանրաճանաչ աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, իսկ գործերի մի մասը պահպանվում է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում, փայտի աշխատանքների թանգարանում, Սանկտ Պետերբուրգի ազգագրական թանգարանում, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ռումինիայի, Չեխիայի, Իտալիայի, Անգլիայի, Իսպանիայի, Ալժիրի մասնավոր հավաքածուներում: Լինելով  դեկորատիվ-կիրառական արվեստի հմուտ վարպետներից՝ նա ստեղծել է նաեւ գեղանկարչական ու գրաֆիկական գործեր:

Աշխատել է բազմաթիվ նյութերով՝ կավ,  շամոտ, փայտ, մետաղ, յուղաներկ, կտոր, կաշի: Սահակյանը Լոռվա հեքիաթային աշխարհից էր /ծնվ. Ստեփանավանում/ եւ նկարչի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսն առաջին անգամ կազմակերպվել էր Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում: Իսկ արդեն 1969 թվականից սկսած նրա գործերը պարբերաբար ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միությունում: Ինչ խոսք, որ Սահակյանի համար ներշնչանքի լավագույն աղբյուրներից էին Թումանյանի հեքիաթները: Եվ նկարիչը փայլուն կերպով ներկայացրել է հեքիաթների հայտնի  հերոսների կերպարները  հիմնականում փոքր չափի քանդակների տեսքով: Յուրօրինակ մոտեցմամբ է ստեղծված միաժամանակ  «Քաջ  Նազար»-ի շարքը: Սերտորեն կապված լինելով հայ դասական գրականության հետ, տաղանդաշատ արվեստագետը երգիծանքի ոգով ստեղծել է նաեւ պարոնյանական կերպարներ, որոնք բոլոր ժամանակներում արդիական նշանակություն ունեն («Ազգային ջոջեր», «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար» եւ այլն): Քանդակագործը վարպետությամբ է արարել ազգային ծիսական արարողությունները ներկայացնող մանրաքանդակներ: Մի  շարք գործերում էլ («Ուրարտական զինվորներ», «Սասունցիների պարը», «Էրեբունի», «Հարսանյաց կաթսա» եւ այլն) օգտագործելով  հայկական ճարտարապետության ու խաչքարերի զարդաքանդակների տարրերը՝ արտահայտված է մեր ազգային ոգու միասնական ուժը, պայքարը: Եվ, անկասկած, այդ առումով գլուխգործոց է հանդիսանում «Սասունցի Դավիթ» էպոսի հիման վրա ստեղծած նրա շուրջ երեք հարյուրի հասնող խորաքանդակները: Չէ՞ որ էպոսում ներկայացված  դյուցազունների առասպելական սխրանքների միջոցով  ցույց  է տրված,  թե ինչպես պիտի պայքարել երկիրը ներխուժած օտար զավթիչների, այնպես էլ սոցիալական անարդարությունների դեմ: Հենց այդ հերոսների անպարտելի ոգով պիտի դաստիարակվեն  բոլոր սերունդները, որ հայրենի հողը կանգուն մնա, ինչը չափազանց  հրամայական շունչ  ունի հիմա, երբ մեր երկրի սահմանները վտանգված են, երբ ազգովի կանգնած ենք գոյաբանական ծանր խնդրի առջեւ:

Մեծ արվեստագետն իրականում նվիրված լինելով արվեստին՝ փիլիսոփայական  շունչ ու  խորություն է հաղորդել իր գործերին, հաստատ համոզված լինելով, որ ազգային արժեքները երբեք չեն կորչի եւ դրանց պահպանման  համար  մեծ ներդրում  պիտի ունենան հայազգի արվեստագետները: Յոթանասուն տարի հավատարիմ լինելով իր կոչմանը, նա  սիրում էր  միշտ կրկնել.«Յուրաքանչյուր արվեստագետ պիտի ապրի  ու արարի միմիայն իր  հայրենիքում»:

Ժաննա ՀԱԿՈԲՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, գրող

«Առավոտ» օրաթերթ
04.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930