Դաշնակիցները շնորհավորեցին` «փորձառու» քաղաքական գործիչ
«Ընդունեք շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով՝ ամուր առողջության եւ ուժերի մաղթանքներով, կատարելու համար ձեր ժողովրդին ծառայելու բարձր առաքելությունը։ Դուք փորձառու քաղաքական գործիչ եք եւ բազմամյա գործունեության ընթացքում մեկ անգամ չէ, որ համոզվել եք, որ ամենաճշգրիտ կողմնացույցը միջազգային հարաբերություններում ժողովրդական դիվանագիտությունն է։ Իսկ այն միշտ անսխալ նշել է սերտացման եւ համագործակցության ուղին։ Եթե ընթանանք այդ ճանապարհով, եթե հետեւենք մեր փառավոր նախնիների բազմամյա ավանդույթներին, ապա միասին կկարողանանք հասնել շատ ավելիին։ Զգալի գործ արդեն արվել է…»: Սա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձն է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ: Լուկաշենկոն նաեւ հավելել է. «Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակում ինչպես երկկողմ ձեւաչափով, հարցերի լայն շրջանակի ընդգրկմամբ, այնպես էլ միջազգային եւ ինտեգրացիոն հարթակներում»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես Փաշինյանին ուղղված շնորհավորանք էր հղել, նշելով. «Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա։ Մենք կողմ ենք, որպեսզի այս հարաբերությունները շարունակեն հաջողությամբ զարգանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»։ Նույն օրը նաեւ տեղի էր ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ: «Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի եւ բարեմաղթանքների, ինչպես նաեւ ս/թ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար», ասվում էր ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան իշխող ուժի պատգամավորի հարցի, արձագանքել էր նաեւ Բելառուսի նախագաhի՝ Բաքվում արած հայտարարություններին։
Կարդացեք նաև
Լուկաշենկոն Ալիեւին ասել էր՝ «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել…»:
«2020-ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ-ի անդամ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Էդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը»,- նշել էր Փաշինյանը, շեշտելով, թե այդպիսի փորձեր 2020-ի պատերազմից հետո էլի են եղել, 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին, բայց չի ստացվել։ «Մի հատ էլ փորձեցին 2024-ի մայիսի 9-ին, էլի չստացվեց, ու էլի չի ստացվելու», նկատեց նա։
Հայաստան-դաշնակիցներ պաշտոնական մակարդակով մեղադրանքներն այնքան հաճախակի են հնչում, որ կարծես դրանք արդեն սովորական երեւույթ են դարձել: Մեկ մեղադրանքներ, մեկ շնորհավորանքներ ճոճանակն անվերջ ճոճվում է: Ի՞նչ է ստացվում. կամ Հայաստանի իշխանությունների քննադատությունն ուղղված դաշնակիցների լուրջ չի ընկալվում այդ երկրների ղեկավարների մոտ, կամ էլ` Հայաստանի նկատմամբ դաշնակիցների գործած քայլերը ՀՀ իշխանություններն այնքան էլ մեծ մեղք չեն համարում, թեեւ երբեմն դրանց մասին բարձրաձայնում են:
Լուկաշենկոն` Ալիեւին. «Շատ կարեւոր է պահել այդ հաղթանակը»
Մայիսի կեսերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պետական այցով Ադրբեջան ժամանեց: Այցի օրակարգում Մինսկի եւ Բաքվի հարաբերություններն էին, տարբեր ոլորտներում առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։
Մայիսի 16-ին Բաքվում կայացավ Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահների հանդիպումը։ Իլհամ Ալիեւն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առանձնազրույց էին ունեցել, հետո ընդլայնված կազմով հանդիպում, հանդես էին եկել հայտարարությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ուղիղ մեջբերեցին Լուկաշենկոյի խոսքերը, որտեղ նա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանն Ալիեւին ասել էր, թե իրենք եղբայրների պես են շփվում, միանման են ընկալում աշխարհը, եւ նրա խոսքերից նկատելի էր, որ դեռ մինչեւ 44-օրյա պատերազմը երկուսով քննարկել են պատերազմի թեման ու եզրահանգել, որ կարելի է հաղթանակի հասնել։ «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել։ Դա կարեւոր է, շատ կարեւոր է պահել այդ հաղթանակը, եւ երրորդը՝ մենք համաձայնեցինք, Դուք այն ժամանակ շոշափեցիք այդ թեման, որ պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը: Եվ հիմա եկել է այդ դժվարին ժամանակը, երբ անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը, վերադարձնել մարդկանց։ Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել։ Դա ժամանակ է, դա մեծ աշխատանք է, հինգ տարում, գուցե տասը տարում դժվար է ամեն ինչ անել», – ասել էր Լուկաշենկոն եւ Ալիեւին հայտնել իր երկրի պատրաստակամությունը օգնելու, մասնակցելու պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերականգնման աշխատանքներին։
Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել էր, որ, իհարկե, ուրախ կլինեն, եթե բելառուսական ընկերությունները, ձեռնարկությունները մասնակցեն այդ տարածքների վերականգնմանը, եւ ընդհանրապես համատեղ գործունեության հեռանկարում մեծ ներուժ են տեսնում։ «Ես հրավիրել եմ բելառուսական ընկերություններին ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի եւ Արեւելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը։ Մեր կողմից արդեն իսկ իրականացվող, ինչպես նաեւ նախանշված աշխատանքների ծավալը ահռելի է»,- նշել էր նա։
Բելառուսի շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը Լուկաշենկոյի այցի օրերին հայտարարեց, որ Բելառուսը պլանավորում է Ղարաբաղում բնակավայր կառուցել՝ նախատեսված 420 ընտանիքի համար։
Մայիսի 17-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը վայրէջք կատարեց Ֆիզուլիի օդանավակայանում։ Լուկաշենկոյին ուղեկցում էր Ադրբեջանի նախագահը։ Լուկաշենկոյին էին ներկայացվել Ֆուզուլիի եւ Զանգիլանի նոր օդանավակայանների մակետները։ Ալիեւն ու Լուկաշենկոն Ֆիզուլիում «ծանոթացել էին քաղաքի գլխավոր հատակագծին»։ Այնուհետեւ Լուկաշենկոն Ֆիզուլիից Ալիեւի ուղեկցությամբ ուղեւորվեց Շուշի: Սա ԵԱՏՄ կազմում Հայաստանի երրորդ դաշնակից երկրի ղեկավարի այցն էր Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Այս տարվա մարտին Ֆիզուլի ու Շուշի էր այցելել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, իսկ ապրիլին Ղրղըզստանի նախագահ Սադիր Ջապարովը։
Ահա, այսպիսին են Հայաստանի դաշնակիցները: Նրանք աջակցել են Արցախի նկատմամբ Բաքվի ագրեսիան, արցախահայությանը շրջափակման մեջ պահելու եւ ի վերջո՝ Արցախում էթնիկ զտում իրականացնելու Ալիեւի քաղաքականությանը: Ավելին, Հայաստանի դաշնակիցներն այնքան վստահ են, որ Հայաստանից արժանի հակահարված չեն ստանալու, որ հրապարակավ խոստովանում են, թե ինչ զրույցներ են ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիեւի հետ:
ՀԱՊԿ-ի պատասխանը` Լուկաշենկոյի հայտարարությունների առնչությամբ
Նկատի ունենալով, որ ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավարը փաստացի ընդունել էր, որ Ադրբեջանի հետ քննարկել էր Արցախի դեմ սպասվող ագրեսիան, NEWS.am-ը դիմել էր ՀԱՊԿ քարտուղարությանը՝ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը պարզելու նպատակով։
ՀԱՊԿ քարտուղարությունից այսպես էին պատասխանել NEWS.am-ին. «Ձեր մեջբերած հայտարարությունն արվել է ինքնիշխան պետության ղեկավարի կողմից երկկողմ երկխոսության շրջանակում եւ չի կարող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատականի առարկա լինել։ Ցանկանում ենք նշել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացում առաջընթացի կարեւորությունը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը, որի նշանակալից փուլն էր երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում»։
ՌԴ ԱԳՆ-ն էլ, ի դեպ, 2 շաբաթ առաջ ՀԱՊԿ-ն որակեց որպես` «հեղինակավոր բազմապրոֆիլ կառույց», որն արդյունավետորեն լուծում է իր վրա դրված խնդիրներն իր պատասխանատվության գոտում։ Պայմանագրի ստորագրման 32-ամյակի առիթով ՌԴ ԱԳՆ հայտարարությունում արձանագրել էին, որ փաստաթուղթը կարեւոր կայունացնող դեր է խաղացել հետխորհրդային տարածքում բուռն աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում եւ ցայսօր մասնակից պետությունների անվտանգության ապահովման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման առանցքային բաղադրիչն է։ «ՀԱՊԿ-ը նպատակ ունի ընդլայնել արտաքին կապերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում միավորել երրորդ երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք գործում են անվտանգության ոլորտում, այդ թվում դիտորդների եւ գործընկերների կարգավիճակով»,- նշել էր ՌԴ ԱԳՆ-ն։
Կառույցի անդամ երկրները, առաջնորդվելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարությամբ մինչեւ 2025թ. շրջանի համար, հետեւողականորեն ընդլայնում են դաշնակցային փոխգործակցությունը, նշել էին ՌԴ ԱԳՆ-ում։ Դաշնակիցները հատուկ ուշադրություն են նվիրում կազմակերպության ուժային պոտենցիալի ամրացման, մարտական պատրաստվածության հարցերին եւ ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորակազմերի գործողությունների համակարգմանը։ Ըստ ՀԱՊԿ խաղաղարար բաղադրիչի զարգացման՝ ձեւավորվում են անհրաժեշտ պայմաններ, որպեսզի կազմակերպությունն ընդգրկվի ՄԱԿ խաղաղարար գործողություններում։
ՀԱՊԿ-ում Երեւանից հստակություն են ակնկալում
Օրերս ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը նշեց, թե ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երեւանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ «Հուսով ենք, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր կազմակերպության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար»,- ասել է նա։ Միեւնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը նկատել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին»։ «Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, ՀՀ-ն մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ»,- ընդգծել էր նա։
Հիշեցնենք, որ անցյալ ամիս Մոսկվայում անցկացվեց Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը: Եվրասիական «հնգյակի» առաջնորդների հանդիպմանը չեն քննարկել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ իրավիճակը, պարզաբանել էր Ռուսաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը: «ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի համար թեմա չէ. ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական խնդիրներ են»,- ասել էր նա:
Միեւնույն ժամանակ հայտնի է, որ Հայաստանը 2024-ին ձեռնպահ կմնա ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորման մասնակցությունից։ «Հայաստանը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։ Հայաստանը չի մասնակցի նաեւ դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձեւաչափով ընդունմանը»,- անցյալ ամսվա սկզբին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ-ից:
Այսպիսով, պաշտոնական Երեւանը որոշեց ՀԱՊԿ ֆինանսավորումը դադարեցնել, սակայն Հայաստանը մնում է կազմակերպության անդամ` չնայած այն փաստին, որ դժգոհ է ՀԱՊԿ արձագանքից՝ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ: Ավելին, Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է ազատել Հայաստանի ինքնիշխան տարածքից բռնազավթած ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը: Սակայն Հայաստանի դաշնակիցներին սույն փաստը եւս չի անհանգստացնում:
Դատելով պաշտոնական Երեւանի կիսաքայլերից` սա եւս էական պատճառ չէ, որպեսզի Հայաստանը դաշնակից երկրներից գոնե հրապարակային բացատրություններ պահանջի` ցուցաբերած անտարբերության համար:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2024