Միջնադարը, որով մեզ վախեցնում են, այնքան էլ «մութ» չէր
ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում որպես առաջնային խնդիր նշել է, որ մարդկանց մտքի մեջ պետք է տրանսֆորմացիա կատարվի դեպի «սեր, հոգատարություն, որոշակի վարքագիծ, մտածելակերպ»: Հակառակ դեպքում՝ ինչ էլ փոխվի, մարդիկ նույնը կմնան: «2018 – ին արագ փոփոխություններն ինչի՞ բերեցին: Հին ձեւերին՝ ավելի վատ ու խորացված տարբերակով», – արձանագրում է Թ.Պողոսյանը:
Պարզ է, որ հիմա 2018 թվականը չէ: Այսօր տասնյակ հազարավոր քաղաքացիներ փողոց դուրս չեն գա՝ նաեւ այն պատճառով, որ իշխանություններին հաջորղվել է համոզել, թե իբր ցանկացած ընդդիմադիր շարժման նպատակն է «նախկինների վերադարձը»: Բայց եթե նույնիսկ ենթադրենք, որ այդ լեգենդը կտապալվի, հետն էլ՝ «խաղաղություն հաստատելու» լեգենդը, եւ տեղի կունենա իշխանափոխություն: Ինչի՞ է դա հանգեցնելու:
Վստահ եմ, որ առանց մտածելակերպի փոփոխության մենք մեր գլխին բերելու ենք մի նոր «Փաշինյան», որը թեեւ «նախկին» չի լինելու, բայց ունենալու է հին արատները՝ «խորացված տարբերակով»:
Կարդացեք նաև
Հետեւաբար, առանց հասարակական ընկալումների, դիսկուսի, մտածելակերպի փոփոխության, որեւէ շոշափելի առաջընթացի դժվար կլինի հասնել: Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը (լուսանկարում) «Առավոտին» տված հարցազրույցում խոսում է «հոգեմտավոր հեղափոխության» մասին: Ձեւակերպումն ինձ դուր է գալիս:
Սովորաբար, երբ որպես նման փոփոխությունների հիմք է նշվում քրիստոնեությունը, եւ մանավանդ՝ երբ այդ միտքը հնչեցնում է հոգեւորականը, իշխանության կողմնակիցներն դրան հակադրում են հետեւյալ թեզը, ավելի ճիշտ, բացականչությունը՝ «դուք ուզում եք մեզ տանել դեպի միջնադա՛ր»: Այսինքն՝ դեպի մութ, հետամնաց, հակահումանիստական դարաշրջան: Որոշակի հեգնանք կա նրա մեջ, որ իբր սուպեր-ազատական աշխարհահայացք ունեցողների այս տեսակետները մեկը մեկին համընկնում է այն դոգմաների հետ, որոնք դասավանդվում էին խորհրդային դպրոցում: (Պարզ է, որ արմատները 18-րդ դարի ֆրանսիական «էնցիկլոպեդիստների» գաղափարների մեջ են):
Բայց արդեն 1970-ականներից սկսած Խորհրդային Միությունում ապրող առաջադեմ հետազոտողները (լեզուս չի պտտվում նրանց «խորհրդային» անվանել), օրինակ, Ա.Լոսեւը, Ս,Ավերինցեւը կոտրում էին «հետամնաց միջնադար» կարծրատիպը: Նույն գործընթացը գնում էր նաեւ Արեւմուտքում: Ավելին՝ կարելի է կարդալ նաեւ հայ գիտնականների՝ Կարեն Յուզբաշյանի, Սեն Արեւշատյանի, Նիկողայոս Թահմիզյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի աշխատությունները՝ հասկանալու համար, որ միջնադադարը (մասնավորապես, հայ միջնադարը) բացարձակապես այն չէ, ինչ մեր «առաջադեմները» պատկերացնում են:
Վերջերս զրուցում էի մեր ազգագրագետներից մեկի հետ, եւ նա մի հրաշալի օրինակ բերեց՝ որտե՞ղ է հայ կինը ազատ եւ շքեղ՝ միջնադարյան մանրանկարներո՞ւմ, թե՞ 19-րդ դարի երկրորդ կեսի հայ գյուղը պատկերող նկարներում: Ես ընդհանրապես նկատել եմ, որ հաճախ «ազգային» ասելով, մենք հասկանում ենք այդ ժամանակաշրջանի ազգային-ազատագրական պայքարը, եւ «հայդուկական» պատկերացումը (ամենայն հարգանքով) հիմք են տալիս մերժելու կամ հեգնելու ազգային արժեքներն ընդհանրապես: Ինչպես իրավացիորեն նշում էր նույն «մութ միջնադարի» մեր գրողներից եւ պատմիչներից մեկը՝ Եղիշեն՝ «բոլոր չարիքները մարդու մտքի մեջ մտնում են տգիտությունից»:
Այնպես որ՝ մեր «առաջադեմների» մտավախությունները տեղին չեն: Կարծում եմ, կողմնորոշիչ պետք է լինեն մեր պատմության այն բոլոր այն դրվագները, մեր մշակույթի բոլոր այն նմուշները, որոնք «սինխրոնանում են» եվրոպական լավագայն նվաճումների հետ: Պատահական չէ, կարծում եմ, որ Հայր Զաքարիան նույն հարցազրույցում խոսում է Թարգմանչաց նոր շարժման մասին: Խոսքը միայն նեղ իմաստով թարգմանության մասին չէ, խոսքը առաջադեմ, այդ դեպքում՝ իսկապե՛ս առաջադեմ գաղափարների ընկալման, ադապտացման եւ զարգացման մասին է: Հենց այդպես էին վարվում մեր մշակույթի եւ կրթության երախտավորները՝ 4-6-րդ դարերից սկսած:
Մարդկանց պետք է դուրս բերել Պլատոնի նկարագրած քարանձավից ու ցույց տալ լույսը, որքան էլ այն առաջին պահին ցավ պատճառի աչքերին: Դա հիրավի պետական խնդիր է, որի իրագործումն, այո, համբերություն է պահանջում:
Բնականաբար, դուք կասեք՝ մինչեւ տեղի ունենա այդ «հոգեմտավոր հեղափոխությունը», մեր պետությունից բան չի մնա: Հնարավոր է: Բայց ի՞նչ օգուտ, եթե Փաշինյանը գնա, իսկ քաղաքացիները համոզված լինեն, որ կյանքի իմաստը կուշտ ուտել-խմելու մեջ է: Պետություն, այդ դեպքում, միեւնույն է, չենք ունենա: Այնքան ժամանակ, քանի դեռ չկա «սեր, հոգատարություն, որոշակի վարքագիծ, մտածելակերպ»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2024