Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զբոսաշրջիկներին Գյումրի կանչող ալեքպոլյան բաղնիքը․ վերականգնված ծեսերն ու Բալիից հրավիրված թերապիստները

Հունիս 04,2024 22:22

Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի արգելոց- թանգարանի» տարածքում գտնվող Ալեքսանդրա բաղնիքը (Alexsandra Spa կենտրոն, հասցեն՝ Գորկու 28), որն ընդամենը 10 ամիս է՝ ինչ դռներն է բացել վերակառուցումից հետո, կարճ ժամանակահատվածում դարձել է Գյումրու զբոսաշրջային այցեքարտերից մեկը։ Այս կառույցը մեծ թվով զբոսաշրջիկների է բերում Գյումրի՝ նոր շունչ հաղորդելով կոլորիտային քաղաքին։

Պատասխանատուները փաստում են՝ կան մարդիկ, որոնք Մոսկվայից հատուկ մեկ օրով գալիս են Գյումրի՝ պատմամշակութային արժեք ունեցող ալեքպոլյան բաղինքում հանգստանալու ու ժամանակ անցկացնելու համար։

Ալեքսանդրապոլցի մեծահարուստ Գևորգ աղայի` Գևորգ Կոստանյանի կողմից 1860 թվականին կառուցված բաղնիքի շենքը 164 տարի անց հայ արհեստավորների օգնությամբ ռեստավրացիայի է ենթարկվել գործարարներ Արման Սահակյանի և Վարտան Սիրմակեսի նախաձեռնությամբ և ներդրումներով։

Ավելի քան մեկուկես դար առաջ կառուցված բաղնիքը ունեցել է իր ժամանակաշրջանին համապատասխան լավագույն ճարտարապետական և ինժեներական լուծումները, առաջարկել ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ծառայություններ։ Նմանապես վերականգնված Alexsandra Spa բաղնիք-կոմպլեքսը ներառում է ժամանակակից ամենաբարձր պահանջներին համահունչ ծառայություններ, իսկ վերակառուցման համար ներգրավվել են Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետները, օգտագործվել են բացառապես ամենաբարձր որակի սարքավորումներ, նյութեր և կահավորանք՝ պահպանելով ինչպես հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանի տեսքը և նպատակային նշանակությունը, այնպես էլ վերականգնելով գյումրեցիների՝ բաղնիք գնալու ծիսական ավանդույթը։

Սեփականատերերը, ներգրավելով հուշարձանագետ-մասնագետների, բարձրակարգ ճարտարապետների, կոնստրուկտորների, ինժեներների, դիզայներների և շինարարների, որոշեցին վերականգնել շենքի նախնական տեսքը՝ զուգակցելով այն ժամանակակից տարրերի հետ։ Բնականաբար, շատ բարդ խնդիր էր համադրել հին ոճը նոր` մոդեռն ոճի հետ, ստեղծել ջրամատակարարման և ջրահեռացման, ջեռուցման և օդափոխության, էլեկտրամատակարարման, լուսավորման, անվտանգության, հակահրդեհային ազդարարման և ահազանգման ավտոմատացման գերժամանակակից համակարգեր՝ պահպանելով շենքի բացառիկ պատմամշակութային արժեքը։ Անխափան սնուցում ապահովելու նպատակով տեղադրվել է հզոր դիզելային գեներատոր, կառուցվել նոր ենթակայան:

«Ի պատիվ բոլոր ներգրավված մասնագետների՝ պետք է նշեմ, որ դրված խնդիրները ստացան փայլուն լուծումներ՝ համապատասխանելով շինարարական, ինժեներական բոլոր նորմատիվներին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր ինժեներ Արթուր Ղանդիլյանը։

Ալեքպոլի նշանավոր բաղնիքները հիմնվել են մեծահարուստների կողմից՝ կրելով հենց նրանց անունը․ հայտնի էր Կոստանովների, Ուռմընոց, Հակոների, Վեքիլովների, Տեր-Մարտիրոսովների, Ձիթողցոնց, Գևորգ աղի «Ֆանտազիա», «Կենտրոնական» բաղնիքները։

Բաղնիքն Ալեքպոլում միայն լողանալու կամ զվարճանալու վայր չէր, այնտեղ, ինչպես հին հռոմեական բաղնիքներում՝ թերմերում, քննարկվում էին տարբեր հարցեր, այդ թվում քաղաքական, երբեմն գալիս էին առանձնազրույցի։

Այս առումով Գևորգ աղայի կամ Կոնստանովենց հասարակական բաղնիքն ամենահարմար վայրն է եղել, որտեղ անցկացվել են նաեւ զանազան ծեսեր՝ հարսնաբաղնիքի, սգո բաղնիքի արարողություններ, աղջկատես, ընկերական հավաքույթներ։

19-րդ դարում Գյումրիում ընդունված էր օգտվել հասարակական բաղնիքներից։ Բաղնիքներում կանանց և տղամարդկանց համար նախատեսված մուտքերը տարբեր փողոցներից են եղել, որպեսզի հնարավորություն չունենային ճանապարհին միմյանց հանդիպելու։ Մուտքերի անվտանգությունը մաուզերիստներն են հսկել։

Ի դեպ, գյումրեցիները բաղնիք գնացել են ֆայտոններով, բոխչայով, որի մեջ եղել են սպիտակեղեն, ցամքոց, պղնձե սափոր, նաև կերակուր, գաթա, հալվա։ Կանայք բաղնիքում անցկացրել են 5-6 ժամ, հարուստ կանանց լողացրել են «նաթրճիները», մյուսներին՝ «քիսաջիները»։

Նշենք, որ Գևորգ աղայի արևելյան բաղնիքը մոտ 1000 քմ տարածք զբաղեցնող շինություն է եղել, կառուցվել է 20 տարվա ընթացքում՝ 1860-1880-ական թվականներին՝ հին հռոմեական և թուրքական բաղնիքների ոճով։ Այն գտնվել է նախկին Բեհբութովսկի փողոցում։ Կառույցը ունեցել է ջեռուցման համակարգ, որը նպաստել է վառելիքի արդյունավետ օգտագործմանը։

Գևորգ աղան մեծ ուշադրություն է դարձրել նաև բաղնիքի դիզայնին։ Նա բաղնիքի հատակը սալիկապատել էր տվել ալեքպոլցի մեկ այլ հայտնի մեծահարուստի՝ Տայոնց Արտաշես աղային պատկանող գործարանի ծաղկավոր սալիկներով։ Հատակը եղել է տաքացվող:

Բաղնիքը Գևորգ Կոստանյանին է պատկանել մինչև կուլակաթափությունը, դրանից հետո պետականացվել է։ Ու թեև խորհրդային տարիներին այն պաշտոնապես անվանվել է թիվ 4 բաղնիքային տնտեսություն, միևնույն է՝ բնակիչները շարունակել են անվանել «Գևորգ աղի բաղնիք»։

Գործարարներ Արման Սահակյանն ու Վարտան Սիրմակեսը բաղնիքի շենքը գնել են 2020 թվականին՝ այն վերանվանելով «Ալեքսանդրա»՝ Alexsandra Spa կենտրոն։ Ալեքսանդրա անվանումն ընտրելու նպատակը քաղաքի նախկին անունն ավելի ընդգծելու ցանկությունն է, Գյումրիի առավել եվրոպական համբավի տարածումը։

«Alexsandra Spa» կենտրոնի գործադիր տնօրեն Սպարտակ Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կառույցի տեսքն աղավաղվել էր 1988 թվականից հետո, երբ այն դադարել է գործել որպես բաղնիք: 2002 թվականին այն մասնավորեցվել է՝ փոխելով գործառույթը:

Ըստ մեր զրուցակցի, հեշտ չէր 164 տարվա պատմական շենքը հին տեսքին բերելը․ ներսի քարերը պատած էին ցեմենտի և գաջի շաղախի հաստ շերտով, ունեին վառ դեղին, վարդագույն արտաքին հարդարանք, զանազան փայլփլուն դետալներ. մի խոսքով՝ շենքի պատմամշակութային արժեքն ընդհանրապես զրոյացվել էր․ այն վերածվել էր մանկական սրճարանի:

«Իհարկե, հեշտ չէր շենքը նախկին տեսքին բերել․ մենք գտանք գյումրեցի քարտաշ 7 վարպետների, որոնք մայրաքաղաքից հրավիրված վարպետների հետ վեց ամսվա ընթացքում տարաղ կոչվող գործիքով մաքրեցին քարերը, մոտավորապես 6000 քմ. ստացան հին տեսքը»,-ասում է Սպարտակ Հովհաննիսյանը։

Նա նշում է՝ իրենք փորձում են վերականգնել բոլոր ծեսերը, հատկապես հարսնաբաղնիքի ծեսը։ Ըստ «Alexsandra Spa» կենտրոնի գործադիր տնօրենի, արդեն իսկ եղել է դեպք, երբ քավորը նվեր է արել սանիկներին՝ նախքան հարսանիքը նորապսակներին տանելով բաղնիք։

Մեր զրուցակցի ասելով, ցանկության դեպքում պատրաստ են կազմակերպել նաև հարսի ու փեսայի, ինչպես նաև նրանց շրջապատի մարդկանց, ընկերներին կառքով բաղնիք տեղափոխելը։

Նշենք, որ Alexsandra Spa կենտրոնում պահպանելով հին ավանդույթը՝ կանանց և տղամարդկանց սրահներն առանձնացրել են․ երկուստեք կան ցնցուղային սենյակներ, հռոմեական, ֆիննական, ռուսական շոգեբաղնիքներ, արևելյան բաղնիք-համամ, լողավազան, ջակուզի, հանգստի ու մերսման սենյակներ։

«Ի սկզբանե գործարարներ Արման Սահակյանը և Վարտան Սիրմակեսը մտածել էին այնպիսի ներդրում կատարել զբոսաշրջային քաղաքի վերածվող Գյումրիում, որն իր տեսակով առանձնահատուկ ու անկրկնելի կլինի ու, միաժամանակ, կվերականգնի Գյումրու քաղաքային ծիսական ավանդույթները։ Ընտրեցին «օբշչի» կոչված բաղնիքը, այն կարելի է ասել հետսովետական, հետերկրաշարժյան միակ կառույցն է, որը սկսեց ծառայել այն նպատակին, ինչի համար ի սկզբանե ստեղծված էր։

Ես հիշում եմ՝ Սովետի ժամանակ էլ այն ծառայել է որպես բաղնիք, ինքս լողացել եմ այնտեղ։ Ինչքան գիտեմ՝ սկսեց չաշխատել 90 թվականից։ Ես փոքր տղա էի, հիշում եմ, որ մարդիկ գալիս էին, առավոտյան 8-ին մտնում էին բաղնիք, երեկոյան 8-ին դուրս էին գալիս, ուտելիքը պահարանների մեջ էին դնում, հենց լողանում էին, հանում էին, հացկերույթ կազմակերպում, զրուցում, ժամանակ էին անցկացնում։ Հիմա մենք մոտավորապես ունենք նույն պատկերը, մարդիկ գալիս, անգամ բիզնես քննարկում են անում կամ առանձնազրույց ունենում»,-ասում է Սպարտակ Հովհաննիսյանը։

Հարուստ պատմություն ունեցող այս շենքի մշակութային հուշակոթող լինելը շատ է գրավում զբոսաշրջիկներին, նրանք գալիս, տեսնում ու զարմացած հեռանում են։

«Երբ զբոսաշրջիկները ներսի գմբեթները տեսնում են, հիացած, կարելի է ասել գժված արձագանքում են՝ էս ինչ տեսարան է, ինչ գեղեցկություն է, ինչպես է մոտ 200 տարի պահպանվել այս շենքը։ Մեր աշխատակիցներն էլ նրանց ներկայացնում են նաև կառույցի պատմությունը, օգնում՝ հասկանալու՝ ուր են եկել, ինչ են տեսնում։

Զբոսաշրջիկները, իմանալով, որ այն Հայաստանում գտնվող ամենահին բաղնիքն է, սիրով այցելում են, ընդհուպ մինչև և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից, և՛ արտասահմանյան երկրներից հատուկ այս բաղնիքի համար գալիս են Գյումրի։ Դեպք ենք ունեցել, երբ մարդը իր ընկերոջից իմացել է, որ Գյումրիում կա նման spa կենտրոն, հատուկ եկել է Գյումրի՝ պրոցեդուրա ընդունելու ու վերադարձել է Մոսկվա», – հպարտությամբ նշում է «Alexsandra Spa» կենտրոնի գործադիր տնօրենը։

Նրա ներկայացմամբ՝ ծիսական ավանդույթներից բացի վերականգնել են որոշ մասնագիտություններ։

«Մենք, ըստ էության, վերականգնել ենք «քիսաջիների» մասնագիտությունը, մեր բաղնիքում շատ հայտնի է դարձել քիսան ու փրփուրով մերսումը, որը կարելի է ասել մեր այցեքարտն է։ Մարդիկ անչափ գոհ են մնում։

Մենք «քիսաջիներին» հիմա թերապիստներ ենք կոչում, մեր մասնագետները հրավիրված են Բալիից, բարձրակարգ մասնագետներ են։ Այցելուին քիսայում են, հետո հատուկ փրփուրով մերսում են անցկացնում, որից հետ լողացնում են ու ուղարկում հանգստի սենյակ, որտեղ նաև հյուրասիրություն կա՝ թեյ, թան, սուրճ, ջուր»,-ասում է մեր զրուցակիցը։

Սպարտակ Հովհաննիսյանի ասելով, բաղնիք աշխարհ տեսած մարդիկ են այցելում, որոնք թեև տարբեր բաղնիքներում են եղել, սակայն առանձնակի հիացած դուրս են գալիս «Ալեքսանդրա» բաղնիքից։ Գյումրեցի բոլոր չեմպիոնները բաղնիքի այցելուներն են։

«Գիտեք ինչու են հիանում, այս բաղնիքի տեսակը չկա ողջ աշխարհում, ես էլ թանկարժեք սարքված շատ Spa կենտրոններում եմ եղել, բայց նման գեղեցկություն, նման որակ ու նման ավանդական պատկեր ոչ մի տեղ չեմ տեսել։ Մենք հասել ենք նրան, ինչ ուզում էինք ստանալ, իհարկե, մեր գլխավոր նպատակը շատ զբոսաշրջիկներ բերելն է Գյումրի։

Ես վստահորեն կարող եմ ասել՝ մենք փոխել ենք Գյումրու զբոսաշրջային դիմագիծը, թեև դեռ շատ աշխատանք կա անելու, անընդհատ նոր հյուրեր ենք ուզում ունենալ։ Ամեն մի նոր հյուրի այցելության հետ ուրախանում ենք»,-ասում է Սպարտակ Հովհաննիսյանը։

Մեր զրուցակիցը նշում է՝ սեփականատերերը զբոսաշրջությանը զարկ տալուց բացի, նաև աշխատատեղեր են ստեղծել, 20 մարդ աշխատում է բաղնիքում՝ բարձր աշխատավարձով, նրանք բոլորը գյումրեցիներ են, բացառությամբ 5 մերսող կանանց։ Բոլոր աշխատակիցները երիտասարդներ են։

Ազգային ժողովի պատգամավոր, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի գնահատմամբ՝ ներդրողների կողմից պատմամշակութային արժեք ներկայացնող հին բաղնիքի շենքը նորից որպես բաղնիք ծառայեցնելը, անչափ գնահատելի է։

«Այն, որ ներդրողները նորից բաղնիք են դարձրել, այլ ոչ թե ռեստորան կամ սրճարան, նույն կոնցեպտն են շարունակում, դա ինձ համար շատ հոգեհարազատ է։ Դրական է նաև այն փաստը, որ այն քաղաքի զբոսաշրջային ոլորտին նոր շունչ է տալիս, կարողանում է զբոսաշրջիկներ բերել Գյումրի։

Կարծում եմ՝ նման հետաքրքիր նախագծերը Գյումրիում շատ պետք է լինեն, դրանք աջակցության կարիք ունեն տեղի իշխանության կողմից, նման գաղափարներ ունեցող ներդրողներին պիտի ընդառաջել, դրական լուծում տալ նրանց նախաձեռնություններին»,- ասում է զբոսաշրջային ոլորտում մեծ փորձ ունեցող Ազգային ժողովի պատգամավորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930