Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը կբանտարկվի՞, կարո՞ղ է շարունակել պայքարը նախագահության համար․ հաճախ տրվող հարցերի պատասխանները

Հունիս 04,2024 21:40

Մայիսի 30-ին Դոնալդ Թրամփի մեղավոր ճանաչվելուց հետո մի շարք հարցեր առաջացան նախագահ ընտրվելու հեռանկարի և հուլիսի 11-ին սպասվող դատարանի պատիժ սահմանող վճռի վերաբերյալ։ Aravot.am-ը փորձել է գտնել հաճախ տրվող հարցերի պատասխանները։

Թրամփը կբանտարկվի՞

Հավանականությունը շատ նվազ է։ Առավելագույն պատիժը, որը դատարանը կարող է կիրառել նախկին նախագահի դեմ 4 տարի ազատազրկումն է, բայց քանի որ սա Թրամփի առաջին օրինախախտումն է և այն չի կրում բռնարարական բնույթ, դատարանը դժվար թե նրան բանտարկելու վճիռ կայացնի։

Թրամփը կարո՞ղ է շարունակել Սպիտակ տան համար պայքարը

Անշուշտ, կարող է։ Ըստ ԱՄՆ Սահմանադրության՝ ԱՄՆ-ում ծնված, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող և վերջին 14 տարում ԱՄՆ-ում բնակվող յուրաքանչյուր ոք կարող է ընտրվել նախագահ։ Որևէ դրույթով ամրագրված չէ, որ դատապարտյալը չի կարող պետական պաշտոնի հավակնել։

Ընտրվելու դեպքում, Թրամփը կարո՞ղ է ինքն իրեն ներում շնորհել

Չի կարող։ 45-րդ նախագահի դեմ գործը կրում է նահանգային, այլ ոչ դաշնային բնույթ։ Նախագահը կարող է ներում շնորհել միայն դաշնային հանցանք կատարած անձանց։ Ներկա իրավիճակում, Թրամփին ներում կարող է շնորհել միայն Նյու Յորք նահանգի նահանգապետը՝ Քեթի Հոչուլը։

Մեղավորության որոշումը կարո՞ղ է բողոքարկվել

Ինչպես յուրաքանչյուր դեպքում, դատապարտյալը կարող է բողոքարկել որոշումը։ Թրամփն արդեն հայտնել է, որ կբողոքարկի երդվյալ ատենակալների՝ նրան մեղավոր ճանաչելու որոշումը։ Այնուամենայնիվ, գրեթե անհնար է, որ բողոքարկման հարցին վերջնական լուծում տրվի մինչև նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունը կամ հունվարին սպասվող երդմնակալությունը։

Ի՞նչ պատիժ կկրի Թրամփը

Թրամփին սպասվող ամենահավանական պատժատեսակներից են՝ պրոբացիան (փորձաշրջանը), տուգանքը, տնային կալանքը կամ ներգրավումը համայնքային աշխատանքներում։

Այլ հանգամանքներ

1920-ի նախադեպը

1920 թվականի նախագահական ընտրության ժամանակ երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարել է ճաղերի հետևում գտնվող Յուջին Դեբսը։ Նա Առաջին աշխարհամարտում կռվելու համար կանչվող քաղաքացիներին կոչ էր արել դիմադրել, չներկայանալ ռազմի դաշտ մեկնելու և դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։ Նա հավաքեց ձայների 3%-ից ոչ ավելին։

Հարցն այստեղ տեսական է։ Եթե, այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփը բանտարկվի և հաղթի ընտրությունը, ի՞նչ ընթացակարգ է սպասվում․ նրա բանտարկության ժամկետը ժամանակավորապես դադարեցվելո՞ւ է, նախագահի լիազորությունները փոխանցվելո՞ւ  են փոխնախագահին, թե՞ բոլորովին այլ զարգացումներ կընթանան։ Այս հարցերի պատասխանները օրենքով ամրագրված չեն։

Բանտարկվելու դեպքում Թրամփը կշարունակի՞ պետական պահպանություն վայելել

Որպես պաշտոնաթող նախագահ՝ Դոնալդ Թրամփը ցմահ հատուկ պահպանության տակ գտնվող անձ է։ Նույնիսկ բանտարկվելու դեպքում ԱՄՆ Գաղտնի ծառայությունը կապահովի Թրամփի անվտանգությունը։

Նախապատմություն

Անցնող շաբաթ Նյու Յորքում Դոնալդ Թրամփի գործով երդվյալ ատենակալները նախկին նախագահին մեղավոր ճանաչեցին ներկայացված բոլոր 34 դրվագներով։ Դա ներառում է 2016 թվականի նախագահական, Թրամփի համար հաղթական, ընտրությանն ընդառաջ իր և իր կազմակերպության ֆինանսական փաստաթղթերի կեղծումը, որի նպատակն է եղել գումարային փոխանցումներ կազմակերպել Թրամփի հետ ենթադրաբար ինտիմ կապ ունեցած պոռնոաստղ Սթորմի Դենիելսի համար, որպեսզի նա լռի։

Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017-ի հունվարի 20-ից մինչև 2021-ի նույն օրը։ Նա 2020-ի ընտրության պաշտոնական արդյունքներով պարտվեց Ջո Բայդենին։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Աղբյուրներ՝ Financial Times, Politico, CNN, ԱՄՆ Սահմանադրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930