«Ամսի 9-ին ժամը 18:30-ին կհավաքվենք Հանրապետության հրապարակում, շատ հանգրվանային հանրահավաք է՝ նաեւ մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար»,- այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը: Նա նշեց, որ յուրաքանչյուրից մեծ բան է կախված:
Բագրատ սրբազանի խոսքով՝ սա ընդդիմության, ընդդիմադիրների պայքար չէ, ոչ էլ իշխանության համար պայքար է. «Մինչեւ հիմա պետք է հասկացած լինեիք, եթե սա ընդդիմադիր պայքար լիներ ու իշխանության համար պայքար կլիներ, այլ մոդելով կլիներ: Մի ակնկալեք դա՝ ոչ կառավարության կազմ, պետք չի, որ անպայման ձեր միտումնավոր կամ ակամա անմեղ կամ մեղավոր հայացքներին մեր ընկալումները եւ գործողությունները համապատասխանեն:
Մեր օրակարգը տրված է: Ամսի 9-ին կկրկնեմ, թե ինչ կլինի անցումային կառավարությունը, այն 3 գործառույթ ունի՝ հաշտության կառավարություն, երկրորդը՝ արտաքին հարաբերությունների կարգավորում եւ իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրը այս աշխարհաքաղաքական պատմության մեջ կարողանա իր ուրույն ընթացքը պահել, երրորդ՝ արտահերթ ընտրություններ, որը հնարավորություն է ստեղծելու բոլոր կուսակցությունների համար վերախմբավորվելու, վերածրագրավորվելու եւ մասնակցելու ընտրություններին: Այդ կառավարությունը չի մասնակցելու ընտրություններին, որովհետեւ այդտեղ խախտվելու է արդարության սկզբունքը: Մարդիկ հավասար հնարավորություններով կարողանալու են մասնակցել, երաշխավորված է լինելու,ոչ ոք ոչ վարչական ռեսուրս է օգտագործելու, ոչ մարդկանց վախեցնելու է»:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը նաեւ ընդգծեց, որ գնահատականներ պետք է տրվեն մեր անցած շրջանին, բայց դա կլինի այն ժամանակ, երբ բոլորը համախոհ կլինեն. «Ասում են սայլը մի կապի ձիու առաջ: Թողեք ձին սայլը քաշի, ոչ թե սայլը՝ ձին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Տավուշը հանուն հայրենիքի էջի