Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՊ է՝ մարդու իրավունքների պաշտպան է, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ․ ի՞նչ կամուրջ»․ Բագրատ սրբազանը՝ Անահիտ Մանասյանին

Հունիս 04,2024 20:55

«Հակառակ բոլոր կանխատեսումների ու բամբասանքների դուք և′ արևն եք ջերմացնում, և′ արևն եք սառեցնում, կամ հովացնում, և′ ձյունն եք սառեցնում, և′ անձրևն եք ջուր դարձնում, և′ ջուրն եք անձրև դարձնում բոլոր առումներով։ Սա իրական մարդկանց իրական պայքար է, որի մեջ որևէ տեսակի արժեք ներթափանցած գոյություն չունի, քան ճշմարտության համար պայքարը, հայրենիքը և պատիվը»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը՝ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը:

Նա վստահեցրեց՝ ամենը, ինչ նախատեսել, ծրագրել են, իր արդյունքն ի վերջո արձանագրելու է։ Նա փաստեց՝ գնացել են ՄԻՊ գրասենյակ, չեն ընդունել առանց լրագրողների հանդիպման առաջարկը, քանի որ ՄԻՊ-ի առաջին պարտականությունը հանրային լինելն է, ժողովրդին ներկայացնելն է այն բոլոր խնդիրներն ու գործերը, որոնք իրենք կատարում են․ «Այդ գործերը հիմնականում քաղաքացիներին պաշտպանելն է անիրավություններից։ Մենք, իմանալով հանդերձ, որ ՄԻՊ-ը այդ սկզբունքով չի գործում, այդուհանդերձ, այսպես ամեն ինստիտուտ այցելելով, և վերջինը՝ ՄԻՊ, նպատակ ունենք հանրայնացնելու»։

Բագրատ սրբազանն ասաց, որ լրագրողներից է լսել՝ ՄԻՊ-ը հայտարարել է, որ պատրաստ է կամուրջ դառնալ պետության և եկեղեցու միջև ու արձագանքեց․ «ՄԻՊ- է՝ մարդու իրավունքների պաշտպան է, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ՝ ի՞նչ կամուրջ։ Մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչն է կամրջելու, իր գործը պաշտպանելն է, գնահատելն է։ Այսքան անօրինությունների գործով ոստիկանության կողմից կատարված գնահատական տվե՞ց, Քննչական կոմիտեն ինչ-որ բան արե՞լ է։ Ավելին, այս փողոցից Ժորային Ավետիսյան գողացել են։

Արդեն մի քանի հոգու տարել են։ Կալանքի են տանում, ձերբակալում, հիմա ստուգում են, տեսանյութերը նայում են, փորձում են ճնշել տղաներին։ Բայց ոստիկաններից որևէ մեկի նկատմամբ որևէ բան արվե՞լ է։ Ոստիկանության օրենքի մեջ գրված է, որ ոտքով քայլեք անձի երեսի վրայո՞վ, մահակներով ծեծե՞ք մարդկանց, 30 հոգով հարձակվեք մարդ ջարդե՞ք, Ամենայն հայոց կաթողիկոսին խոչընդոտե՞ք։

Այս ամենը խոսում է նրա մասին, որ սա մեզ համար հանրային ավելի հնչեղություն հաղորդելն է, որ մեկ մարդուց է ամեն ինչ կախված․ նա է տնօրինում բոլորին՝ նույնիսկ անկախ մարմին համարվող ՄԻՊ-ին։ ՄԻՊ-ն այդքան քաջություն չունի, որ այդ ապօրինություններին գնահատական տա։ Մեզ հրավիրում է վերև փակ հանդիպում ունենալու՝ որ ի՞նչ ասի, որ հազար ու մի բառերով լցված ձևակերպումները հաղորդի, որոնց տակ ոչինչ չկա և վերջում էլ ասի՝ հանդիպեցինք, ներկայացրեցի, հասկացանք, թողեցինք, գնացինք։ Ինչո՞ւ չես ուզում, որ ուղիղ եթերով այդ հանդիպումը պատկերասփռվի։ Շատ պարզ է։ Այսօր այդ հաստատումը նորից եմ արել։ Ինձ համար ամեն օրը զարմանալիից բացի ամեն օր ինչ-որ տեղ գնալուց առաջ մտածում եմ ամենադրականը, բայց հետո սարսափ է գալիս քեզ վրա, որ քո կյանքը հանձնված է այս մարդկանց խնամքին, նաև գալիքը»։

Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ աշխատանքին՝ Բագրատ սրբազանն ասաց․ «Չգիտես՝ ԱԳ նախարարն ով է՝ ԱԳ նախարա՞րն է, Անվտանգության խորհրդի քարտուղա՞րն է, խորհրդարանում ինչ-որ մե՞կն է, ո՞ւմ միջոցով է դա տեղի ունենում, ինչ-որ խողովակներ կա՞ն գործո՞ւմ են, թե՝ ոչ։ Պարզ է․ էլի մեկ մարդ, որը հեռաձայնում, կարգադրություն ու հայհոյանքներ է տալիս ամենավերջին»։ Քննչական կոմիտեի մասին սրբազանն ասաց․ «Քննչական կոմիտեն անաչառ լինելու համար միայն զբաղվում է շարքային քաղաքացիների գործերով, ոստիկանության հետ կապ չունե՞ք, բռնությունը և անօրինությունը նրանց հետ կապվա՞ծ չէ։ Եթե մենք տասը հոգով մեկին ծեծենք՝ մեզ չեն կալանավորելո՞ւ, ասելու են՝ դե ծեծն ընդունված է, ոտքով քայլեք երեսով, դա նախադեպ ունի, ընդունվա՞ծ է։  Թքեք մարդկանց վրա, դա նախադեպ ունի, ընդունված է, բայց հանկարծ բան չպահանջեք։ Եվ քննչական կոմիտեն էլ էլի փաստեց, որ պարզապես կամակատար է։ Էլի մեկ մարդուց է կախված»։

Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վարքագծին՝ սրբազանն ասաց․ «Այսօր ՄԻՊ-ը կամ իր ասած ՄԻԿ-ը պիտի լինի երկրի քաղաքական համակարգի կամ կառավարման համակարգի խիղճը՝ քաղաքացիներին պաշտպանելու, մարդու իրավունքները պաշտպանելու։ 21-րդ դարում դրանից ավելի սրբագործված գաղափար գոյություն չունի։ Մեր գյուղում՝ Աճարկուտում պատ են քանդել, որ ճանապարհ սարքեն։ Մարդկանց տեղեկացրե՞լ են, ՄԻՊ-ը դրանից խոսե՞լ է։ Կիրանցում մարդկանց ձեռքից տունը քանդել, խլել եք, որևէ ձևով հանրային գերակա շահ ճանաչվե՞լ է։ ՄԻՊ-ը դրա մասին ասելիք ունի՞, թե՝ ոչ։ Հետևաբար մեր խնդիրը էլ ավելի սրացած է դառնում և էլ ավելի հրատապ, որ այս մարդը պետք է հեռանա՝ իր հետ էլ տանելով մնացած բոլոր գոյանքները, փնթիությունն ու մնացածը»։

Անդրադառնալով տարբեր շահարկումներին՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Խորհուրդ կտամ մեր շարքերից նաև մարդկանց շատ մեծ-մեծ չխոսեն, մանավանդ տարբեր ատյաններում չխոսեն։ Իրենք շատ էլ լավ գիտեն՝ ինչ է տեղի ունենում մեր մեջ, որովհետև մտերիմների շրջանակ ունեն, գիտեն, թե մեր ծրագիրն ինչ կերպ է գնում, շատ էլ լավ գիտեն դրա բովանդակությունն ու խորհուրդը, որ իրենք մի քիչ լեզուները քաշած պահեն, եթե չեն ուզում, որ մենք քաշենք։ Այս շարժումը նաև ինքնամաքրվող շարժում է։ Երբ հակառակորդները խոսում են շարժման՝ մարելու մասին․ ենթադրենք շարժումը մարում է՝ ձեզ ի՞նչ, դո՞ւք ինչու եք անհանգստացել, մարդու որդիներ, դուք պիտի ուրախանաք, ոչ թե անհանգստանաք»։

Ելույթի ավարտին Բագրատ սրբազանն ասաց՝ մենք ահռելի ներուժ ունենք, բայց ոչ մի հնարավորություն չենք տալիս, որ այդ ներուժը ծավալվի, մեծանա։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Տավուշը հանուն հայրենիքի էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930