«Դեմարկացիայի արդյունքում մայրուղային գազուղին, որով ՀՀ-ն բնական գազ է ներկրում ՌԴ-ից՝ Վրաստանի տարածքով, հայտնվում է լրջագույն հարվածի տակ, խոսքը մասնավորապես Կարմիր կամուրջ, Սեւքար, Բերդ հատվածի գազատարի մասին է, որի մի մասը այսօր փաստացի հայտվում է թշնամու վերահսկողության ներքո», – այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» հավաքին ասաց էներգետիկ Վահե Դավթյանը:
Նա ասաց, որ գազամուղի լոգիստիկան պետք է փոխեն մոտ 15 կմ, ինչը մեծ ծախսերի հետ է կապված. «Եթե անկլավային այս տրամաբանությունը շարունակվի նաեւ մեր հարավային սահմանին, այսինքն՝ Սյունիքում, էներգետիկ իմաստով մենք կհայտնվենք անկլավային վիճակում, հարցականի տակ կհայտնվի Իրանը Հայաստանին կապող էլեկտրահաղորդակցման գիծը եւ այլն: Ու այստեղի պաշտոնատար անձինք խոսում են Ադրբեջանից բնական գազի ներկրման մասին»:
Նա ասաց, որ ՀՀ էներգետիկ համակարգը, հատկապես գազատրանսպորտային համակարգը ներկայումս բավականին դիվերսիֆիկացված է. «Մեկը հյուսիսային գազամուղն է, որը վերջերս դուրս է բերվել Վրաստանի ռազմավարական ենթակառուցվածքների ցանկից ու արդեն լսվում են արձագանքներ Ադրբեջանից, որ պատրաստ են վրացական գազամուղի այդ տարածքը ձեռք բերել՝ փաստացի վերահսկելով դեպի Հայաստան գազամատակարարումը, երկրորդը Իրանից գազամուղն է, որի թողունակությունը քիչ է, տարեկան լավագույն դեպքում մինչեւ 400 մլն ենք ներկրում: Ունենք ուղղություն, որը առանձնապես չի օգտագործվում: Խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացիան է, այլ համակարգի ադրբեջանականացումը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ