Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանրապես պետական մարմիններից հրահանգ չեմ ստանում»․ Անահիտ Մանասյանը՝ Բագրատ սրբազանի հետ չհանդիպելու առիթով

Հունիս 04,2024 19:03

«Մենք հանդիպման առաջարկ ի սկզբանե արել ենք»,-հարցին՝ ինչո՞ւ այսօր չընդունեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։

Հիշեցնենք՝ ՄԻՊ-ն այսօր համաձայնել էր ընդունել Բագրատ սրբազանին եւ եւս չորս հոգու ու հանդիպումն անցկացնել առանց լրատվամիջոցների ներկայության:

Անահիտ Մանասյանն ասաց՝ հանդիպման առաջարկը վերաբերել է իրենց մեթոդաբանությամբ, կոնկրետ ձևաչափով հանդիպում կազմակերպելուն․ «Ես երբեք չեմ խուսափում քաղաքացիների հետ հանդիպումներից, լրագրողների հետ եմ շփվում։ Այս փուլում էլ պատրաստ եմ ունենալ հանդիպում մեզ վերաբերելի մեթոդաբանությամբ ու ձևաչափով»։

Անդրադառնալով այն խնդիրներին, որոնք վերաբերում են հավաքների ազատության իրավունքի իրացման գործընթացների շրջանակում իրենց գործունեությանը՝ ՀՀ ՄԻՊ-ն ասաց․ «Եթե չեմ սխալվում այն շեշտադրումն էր, որ մենք բացառապես արագ արձագանքման միջոցով ենք խնդիրներին արձագանքում։ Ուզում եմ հատուկ արձանագրել, որ եթե նույնիսկ մեր պաշտոնական էջերը դիտարկեք, կտեսնեք, որ հրապարակային հաղորդում տվել ենք ոչ միայն արագ արձագանքման իրավունքի խնդիրներով, այլև հավաքների ազատության իրավունքի շրջանակներում արձանագրված տարատեսակ խնդիրների հետ կապված՝ այդ թվում անընդհատ շահարկվում է պատգամավոր Աշոտ Սիմոնյանի հետ կապված խնդիրը, բայց նույն Աշոտ Սիմոնյանի հետ կապված խնդրին մենք, անուն ազգանունը նշելով, հրապարակային հայտարարությամբ ենք հանդես եկել։

Առաջին հերթին մասնավորապես անդրադարձել եմ հենց Ազգային ժողովի պատգամավորին ազատությունից զրկելու հետ կապված կարևոր խնդրին, ուժի կիրառման օրինականությանը, դրա՝ համաչափ կամ ոչ համաչափ լինելու տեսանկյունից։ Հստակ արձանագրել ենք նաև այն մեթոդաբանությունը, որով այդ գործիքակազմերը պետք է կիրառվեն ընդհանրապես հավաքների ազատության իրավունքն իրացնելիս։ Շեշտեմ, որ մենք ոչ միայն Աշոտ Սիմոնյանի խնդրին ենք անդրադառնում, այլև մեկ այլ պատգամավորի անուն ունեցել ենք մեր հրապարակային հայտարարության մեջ, որտեղ դարձյալ անդրադարձել ենք ԱԺ պատգամավորներին՝ ազատությունից զրկելու խնդիրներին»։

Լրագրողները ևս մեկ անգամ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ չցանկացաք հանդիպել Սրբազանին, ի՞նչ պետք է ասեիք, որ չէիք ցանկանում՝ լրագրողների ներկայությամբ լինի, նա պատասխանեց․ «Ցանկալիության խնդիր չէ։ Տեսնում եք՝ հիմա էլ ոչ միան այսօր, այլև մենք ցանկացած իրավիճակում, երբ առիթ է լինում, միասին հանգիստ շփվում ենք։ ՄԻՊ-ը քաղաքացիների հետ ընդունելության հստակ մեթոդաբանություն ունի»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ պիտի հերթագրվեին, հետո՞ գային Ձեզ մոտ, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Երևի նկատեցիք՝ մենք չենք սպասել, որ  ասեն՝ իջեք կամ ընդունեք մեզ։ Իմ հանրային կապերի պատասխանատուն այնտեղ է եղել ու իրենց ասել՝ հենց այս պահին էլ ՄԻՊ-ը պատրաստ է ձեզ ընդունել, պարզապես քաղաքացիների հետ, նաև նկատած կլինեք, մենք երբևէ չենք ունենում որևէ տեսակի քննարկում կամ հաղորդակցություն, որը վարում ենք այլոց ներկայությամբ։ Մի քաղաքացու հետ, եթե լինում է իմ հանդիպումը, լինում է առանց այլ քաղաքացու ներկայության, քանի որ տարատեսակ մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր կան»։

Հարցին՝ կա՞ր հրահանգ չհանդիպել, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Ընդհանրապես պետական մարմիններից հրահանգ չեմ ստանում․ դա թե′ իմ դրվածքն է, թե′ նաև շատ կարևորում եմ հենց պետական մարմինների վերաբերմունքն այդ առումով, քանի որ որևէ իրավիճակում նաև տարբեր հայտարարություններ եմ ունեցել, որոնք միգուցե շատ պետական մարմինների համար հաճելի չեն եղել։ Գուցե նաև հիմա եմ այդպիսի հայտարարություն անում։ Երբևէ որևէ դիտանկյունից թե′ հրահանգ, թե′ ցուցում չեմ ստացել, ինչը կարևորում եմ: Այս խնդրի վերաբերյալ ևս որևէ տեսակի քննարկում, որևէ տեսակի հարցադրում և այլն չի եղել։ Ես ինքս եմ առաջարկել՝ մենք պատրաստ ենք հանդիպում ունենալ»։

Լրագրողները ՄԻՊ-ին հիշեցրին իր այն առաջարկը, որ պատրաստ է կամուրջ լինել եկեղեցու և պետության միջև ու հարցրին՝ ե՞րբ կստեղծվի այդ կամուրջը, նա պատասխանեց․ «Փորձում եմ բոլոր ոլորտների հետ կապված էլ մշակել այդպիսի մեթոդաբանություն և դրանով առաջ շարժվել, որ հնարավոր լինի հարցերը ճիշտ տրամաբանությամբ հաղթահարել»։ Անահիտ Մանասյանը, դատապարտելով բռնության դեպքերը, նշեց, որ պետք է իրականացվի պատշաճ քննություն համապատասխան մարմինների կողմից․ «Մեր մանդատը թույլ չի տալիս գործի քննություն իրականացնել։ Մեզ վերաբերելի մանդատի շրջանակում հատկապես այս դեպքերով հետևողական ենք լինում։ Ես ինքս իրավական մարմիններին չափազանց շատ եմ հաղորդումներ ուղարկում։ Բոլոր այս դեպքերը գրավոր տեղադրվելուց հետո անմիջապես ուղարկվել են իրավապահ մարմիններին քննություն իրականացնելու համար՝ թե′ այս դեպքերով, թե′ ենթադրյալ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի դեպքերով»։

Լրագրողների հարցին՝ Ձեր կողմից ավելի ճիշտ չէր լինի՞ ընդառաջ գնալ շարժման մասնակիցներին և հանդիպել նրանց հետ, կամրապնդվեր նաև այն, որ ՄԻՊ գրասենյակը քաղաքական շահերի պաշտպանություն չի իրականացնում, քանի որ Ձեր գրասենյակի մոտ պնդում կար, որ դուք գլխավոր դատախազի ընկերուհին եք և չեք կարող անշահախնդիր լինել՝ տարբերվելով մյուս պետական կառույցներից, Անահիտ Մանասյանն այսպես արձագանքեց․ «Ես երբեք, անկախ ամեն ինչից, ինձ թույլ չեմ տվել պատասխանել բամբասանքներին, ինքս հանդես գալ տարբեր բամբասանքներով, որովհետև դա իմ սկզբունքներին և արժեքներին դեմ է՝ այդ թվում մասնագիտական էթիկայի տեսանկյունից։ Մենք փորձում ենք հնարավորինս տեսանելի լինել կամ ավելի ճիշտ թափանցիկ աշխատել, բայց քաղաքական գործընթացների տեսանկյունից ՄԻՊ-ը չի կարող քաղաքական գործընթացներում ներգրավվել քաղաքական գործունեության չափանիշներով։

Մենք փորձում ենք պահպանել այն նույն սկզբունքները և մեթոդաբանությունը, որ բոլոր քաղաքացիների պարագայում մենք պահպանում ենք։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք նպաստել նաև մարդու իրավունքների պատշաճ երկխոսության մշակույթին։ ՀՀ-ում մարդու իրավունքների դիալոգ ընդհանրապես գոյություն չունի, բոլոր երևույթները՝ նույնիսկ, եթե դրանք մարդու իրավունքների հետ են կապված, ծայրահեղացվում են։ Բայց եթե այդ երկխոսությունը չկա, ստացվում է, որ օբյեկտիվորեն մարդու իրավունքների խնդիրները չեն էլ լուծվում, քանի որ ծայրահեղացման պարագայում դրանք լուծում չեն ստանում։ Ինչպես ցանկացած քաղաքացու եմ ես պատրաստ հանդիպել, ընդունել, լսել խնդիրները, լրատվամիջոցների հետ եմ պատրաստ համագործակցել և թե նաև պատրաստ եմ այս քաղաքական գործընթացների ներկայացուցիչներին լսել։ Բնականաբար, մենք ևս այդպես փորձում ենք հասկանալ խնդիրները, ինքներս մոնիտորինգ ենք իրականացնում, բացի նաև այն դեպքերից, երբ մեզ են դիմում և փորձում ենք հասցեավորել այդ ամենը։ Բայց այդ ամենը կարող է ռեալ լինել, երբ բոլորս միասին համագործակցենք մարդու իրավունքները պաշտպանելու նպատակի համար, քանի որ իմ վերջնանպատակն այդ նպատակն է նաև»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Սակայն բնաւ կարիքը չկայ, որ քեզի հրահանգեն:

    Լաւագոյն ծառաները այնպէս կը լինեն, որ գիտեն իրենց տիրոջ գոյունակութիւն տալ, առանց որ նա իր փափաքները յայտնէ: Կը նախատեսեն, կը կանխեն նոյնիսկ այդ փափաքը, ու զայն կը կատարեն, առաջ որ տէրը անդրադառնայ իր այդ փափաքին:

    Եւ ըստ այն քեզ զատել են, արդէն:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930