Լրահոս
Օրվա լրահոսը

Թանկարժեք ատրակցիոներ ու Գյումրվա մշակույթն արտացոլող սպորտային հրապարակ․ Ռուբեն Վարդանյանի այգին կյանքով է լցվել

Հունիս 04,2024 18:35

Մեծ բարերար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից վերանորոգվող Գյումրու Բարեկամության այգում  երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը պաշտոնապես բացվեց զվարճանքների հատվածը. շահագործման հանձնվեց ատրակցիոները։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) տնօրեն, ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը, ատրակցիոները նվիրել է  ռուսաստանցի բարերար, «Բոսկո» կազմակերպության հիմնադիր Միխայիլ Կուսնիրովիչը։ Նվիրատվության արժողությունը 1 միլիոն դոլարից ավել է։

Ելենա Մուրադյանը նշում է, որ Ռուբեն Վարդանյանի  հիմնական նպատակը ներառական այգի ունենալն է, այսինքն՝ այն հասանելի լինի բոլորին, դառնա սիրելի վայր թե՛ տեղի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար։

Հունսիմեկյան աննախադեպ հոսքն այգի հենց դրա ապացույցն էր։

«Եթե Ռուբեն Վարդանյանը ներկա լիներ միջոցառմանը, վստահ եմ՝ շատ կուրախանար, թե ինչպես է այգին դառնում ամենասիրելի վայրերից մեկը։ Մեր ու հատկապես պարոն Վարդանյանի համար դա մեծ երազանք է։

Երբ ծրագիրը կազմում էինք, Ռուբեն Վարդանյանն ասում էր՝ յուրաքանչյուր գյումրեցի իր մասնիկը պիտի ստեղծի մեր հետ միասին։

4200 քառակուսի մետր տարածքով մանկական հրապարակի հիմքը դրվել է երեխաների ու ծնողների հետ միասին։ Երեխաները պլաստերինով ստեղծել էին իրենց մանկական հրապարակը։

Պարոն Վարդանյանը ներառական լուրջ ծրագիր է Գյումրի բերել, ներառական բառն այստեղ վերաբերում է նաև պետություն-համայնք-մասնավոր ընկերություններ համագործակցությանը։ Այգու վերանորոգման հարցում իր մասնակցությունն է ունեցել և՛ պետությունը, և՛ Համաշխարհային բանկը, և՛ Եվրամիությունը, և՛ համայնքը։ Կան գյումրեցիներ, որոնք աշխարհի տարբեր ծայրերից միացել են ծրագրին», -ասում է Լենա Մուրադյանը։

Գյումրու Բարեկամության այգին ինքնատիպ է նրանով, որ զվարճանքը, հանգստի գոտին միախառնված է մշակույթի հետ, այստեղ ցուցադրվում են  գյումրեցի արվեստագետների ու վարպետների ձեռքի գործերը։ Օրինակ՝ այգում կա սքեյթ պարկ, որի աստիճանավանդակները հավաքված են մոզայկայով, իսկ եզրային պատը զարդարված է տեղի արվեստագետներից մեկի սթրիթ արտով։

Մոտակա մեկ շաբաթվա ընթացքում շահագործման կհանձնվի նաև սքեյթ հրապարակը, որը սպորտային հրապարակի մի մասն է։

Իսկ սպորտային հրապարակում գտնվող, ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտերի հատակի գույները Գյումրվա դռների գույների կրկնությամբ են։ Ինչպես բնութագրում է  Լենա Մուրադյանը, այգու յուրաքանչյուր օբյեկտ Գյումրվա մշակույթն է արտացոլում։

«Մեզ համար անչափ կարևոր է՝ արվեստագետներին, նկարիչներին, քանդակագործներին հնարավորություն տալ ստեղծագործելու։ Մենք այգու միջոցով մեկ անգամ ևս ցուցադրելու ենք, որ Գյումրին մշակութային մայրաքաղաք է»,- ասում է մեր զրուցակիցը։

Այգին հնարավորություն կտա նաև փոքր ու միջին ձեռնարկատերերին գործունեություն ծավալելու․ այստեղ բնականաբար նրան կհիմնեն փոքրիկ սրճարաններ, պաղպաղակի կետեր, իսկ վերնիսաժի տաղավարներում ոչ միայն կկազմակերպվի գյումրեցի վարպետների ձեռքի աշխատանքների ցուցադրությունը, այլ արտադրողները հնարավորություն կունենան ցուցադրելու ու վաճառելու իրենց արտադրանքը։

Լենա Մուրադյանը նշում է,  որ մոտակա ժամանակներում պատրաստվում են հետաքրքիր միջոցառումներ, փառատոներ անցկացնել Գյումրու համայնքապետարանի հետ համատեղ։

«Կյանքով լցնելու ենք այգին»,-ասում է նա՝ հուսալով, որ այգու մանկական հրապարակի համար փառահեղ բացում կկազմակերպեն, որին ներկա կլինի նաև պարոն Վարդանյանը, ով ներկա պահին Բաքվի գերեվարության մեջ է։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանը իր հարցազրույցներում նշում էր, որ Գյումրու Բարեկամության այգու մոդելը պիտի օրինակ դառնա աշխարհի համար, այն տարածաշրջանում եզակի է՝ նմանը չունեցող։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930