Լրահոս
Օրվա լրահոսը

1830 անտիկվարիատ գիրք ունեմ, 3000 կտոր գիրք ունեմ. Հակոբ Ասլանյանը՝ փոխնախարարին

Հունիս 04,2024 17:33

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվեց Գրադարանների եւ գրադարանային գործի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշեց, որ նախագծով ամրագրվում են մի շարք հարցեր, մասնավորապես արտասահմանյան կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, ինչը հնարավորություն է տալիս այդ հաստատությունները համալրել հայկական գրքերով:

Փոխնախարարն ասաց, որ ի թիվս այլնի՝ հստակեցվում են նաեւ գրադարանների օգտագործման նպատակները, տեսակը, գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով, սակայն այդ ամենը պետք է իրականացվի միայն լիազոր մարմնի համաձայնեցմամբ, նաեւ պետք է չհակասի գրադարանի հիմնական գործունեությանը:

Ալֆրեդ Քոչարյանը ասաց նաեւ, որ օրենքով հաստատվելու է պետական գրադարանների աշխատողների ատեստավորման կարգը, ինչի արդյունքում կվերանայվեն աշխատավարձերը: Հավելեց, որ նախագծի ընդունման դեպքում գրադարանները կարող են դառնալ ոչ ֆորմալ կրթության եւ ժամանցի ապահովման վայրեր:

Ինչ վերաբերվում է գրադարանների տնտեսական նպատակներով օգտագործմանը, այս մասին էլ նշեց, որ «Համաշխարհային տենդենց կա, որ բացի գրադարանային բուն ծառայություններից՝ հավելյալ ծառայություններ են մատուցվում, որն էլ հավելյալ եկամուտներ է գեներացնում գրադարանների համար»:

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հետաքրքրում էր, որ եթե թվայնացվում են գրադարաններում պահպանվող բացառիկ գրքերը, ի՞նչ են արվում դրանց բնագրերը, օրինակ, եթե թվայնացվի 1512թ Ուրբաթագիրքը, բնագիրն ի՞նչ է լինելու, ինչ պաշտպանություն է նախատեսվելու նման գրքերի համար:

Փոխնախարարն ասաց, որ այս պահին թվայնացման մասին չէ, թվայնացումը վաղուց է արվում, ու անկախ թվայնացումից՝ գրադարանները, մասնավորապես ազգային գրադարանը ունի տարբեր սրահներ՝ համապատասխան պահպանության պայմաններով, որտեղ պահվում են նման գրքերը:

«Օրինակ, ես ունեմ 1830թ Լազարյան ճեմարանի հրատարակած գիրք, Մատենադարանում էլ չկա, անտիկվարիատ է, ուզում եմ տալ թվայնացնեն, բայց բնագիրն ուզում եմ իմ գրադարանում պահել: Տանը 3000 կտոր գիրք ունեմ, իմ տանն այդպիսի անտիկվար գրքեր ունեմ»:

Ալֆրեդ Քոչարյանը պատասխանեց, որ կարող է կազմակերպել պատգամավորի եւ Ազգային գրադարանի մասնագետների հետ հանդիպումը, գիրքը թվայնացնեն ու բնագիրը վերադարձնեն Հակոբ Ասլանյանին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930