ՀՀԿ երիտթեւի անդամ Ժորա Ավետիսյանն այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի ժամանակ ճանապարհից ձերբակալվել եւ տարվել է Քննչական կոմիտե:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀՀԿ երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանը: Թե ինչ քրեական վարույթի շրջանակում է տարվել Ավետիսյանը կոմիտե, մեր զրուցակիցն ասաց՝ տեղեկություններ չունի: Նա միայն հավելեց, որ Ավետիսյանին տեղափոխել են ոստիկաններ ներկայացած անձինք եւ ոչ ոստիկանական մեքենայով:
Կարդացեք նաև
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը որոշ մանրամասներ հայտնեց Ավետիսյանի ձերբակալությունից, մասնավորապես՝ ասաց, որ երիտասարդը ձերբակալվել է մայիսի 31-ին ԱԳՆ շենքի դիմաց ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի գործով:
«Ես կանխատեսում եմ, որ կոնկրետ մեղադրանք կառաջադրվի ու դատարան կներկայացվի կալանքի միջնորդություն: Մեր չափավոր լավատեսությունն այս պահին չի արդարացվում: Իսկ լավատեսությունն առաջացել էր, երբ բոլոր 28 անձինք ազատ էին արձակվել: Տպավորություն էինք ստացել, որ այս անգամ ոստիկանական ցուցմունքներով, առանց տեսագրությունների մարդկանց չեն տանելու եւ փորձ չեն անելու նրանց անազատության մեջ պահել: Բայց Գնել Պետրոսյանի դեպքը խոսում է այն մասին, որ, ո՛չ, այդպես չէ: Պետրոսյանի դեպքով չի եղել տեսագրություն, որեւէ անօրինական գործողություն կատարելու վերաբերյալ, եղել է ոստիկանական ցուցմունք, որի հիման վրա մարդուն 1 ամսով կալանք են տվել: Մենք ունենք տեղեկություն Գնել Պետրոսյանից բացի եւս երեք անձի ձերբակալման մասին, այդ թվում՝ Ժորան»,- մեզ հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ