«Մենք գնում ենք տարբեր ինստիտուտներ, որոնք կոչված են մեզ ծառայել: Մեր վարձկաններն են, իրենց բառերով ասած, բայց իրենց գործառույթները չեն կատարում: Հիմա կասեք՝ ինչ տարբերություն: Ես էլ կասեմ, որ շատ կարեւոր է այդ շեշտադրումներն անել, որ ոչ միայն այստեղ մի քանի հոգի ամենօրյա առնչություն ունենա այս խնդիրների հետ ու բախվի այն իրականությանը, որի մեջ ապրում ենք, այլ ամբողջ Հայաստանով տեսնեն ու հասկանան, թե մենք ինչպիսի սարսափելի իրականության մեջ ենք ապրում: Երբ այս մարդիկ են մեր կառավարիչները»,- ՄԻՊ գրասենյակի մոտից վերադառնալով Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ ամփոփեց իրենց քայլերթը «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը այսօր համաձայնել էր ընդունել Բագրատ սրբազանին եւ եւս չորս հոգու ու հանդիպումն անցկացնել առանց լրատվամիջոցների ներկայության:
Նա անդրադարձավ նախորդ օրերին ոստիկանների բիրտ ուժից տուժած քաղաքացիներին, որոնց խուլիգանության համար ոստիկանական բաժիններ էին տարվել, ապա նկատեց, որ ՄԻՊ-ը որեւէ կերպ այդ դեպքերին չանդրադարձավ: Ըստ Բագրատ սրբազանի՝ ՄԻՊ-ն ու իր գրասենյակը ուղղակի չեն գործում, ապա հավելեց. «Մենք պետք է հասնենք նրան, որ այդ ոստիկանները դատվեն»:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ժամը 7-ին էլ են հավաքվելու Սուրբ Աննա եկեղեցու բակում ու ամբողջական կամփոփեն օրն ու առաջիկա անելիքները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ