Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը վճռել է, որ ՀՀ իշխանությունները զոհված զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չեն անցկացրել

Հունիս 04,2024 15:49

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Վանո Վարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։  Վանո Վարյանը ծնվել է 1966-ին և ապրում է Աբովյան քաղաքում։

Դատարանը որոշել է բավարարել նրա դիմումը և պարտավորեցնել Հայաստանին երեք ամսվա ընթացքում 30,000 եվրո փոխհատուցում վճարել դիմումատուին։

Գործը վերաբերում է դիմումատուի որդու՝ Տիգրան Վարյանի մահվանը զինվորական ծառայության ընթացքում և գործի հետագա հետաքննությանը։ 2012 թվականի փետրվարի 29-ին նրան գտել են մահացած՝ գլխին հրազենային կրակոցով։ Հայաստանի իշխանությունների հետաքննությունը եզրակացրել է, որ մահը եղել է ինքնասպանության հետևանք։

ՀՀ վճռաբեկ դատարանը հետ էր ուղարկել 2012 թվականի մարտին զոհված զինծառայող, շարքային Տիգրան Վարյանի գործով նրա հոր՝ Վանո Վարյանի ներկայացուցիչ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի բողոքը, ինչից հետո նա դիմել էր ՄԻԵԴ։

Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք), 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 13-րդ հոդվածի (արդյունավետ պաշտպանության իրավունք) վրա՝ պարոն Վարյանը բողոքում է իր որդու մահից. մահը պատշաճ կերպով չհետաքննելը, որ իր որդին ֆիզիկապես և հոգեբանորեն դաժան վերաբերմունքի է արժանացրել զինծառայողների և հրամանատարների կողմից, և որ հնարավորություն չի եղել փոխհատուցում խնդրել պետության կողմից իր որդու կյանքի իրավունքը պաշտպանելու՝ ենթադրյալ ձախողման համար։

Արթուր Սաքունցն իր վճռաբեկ բողոքում պահանջում էր բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր կազմով քննության: Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել 2013թ. օգոստոսի 6-ի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մեղավոր էր ճանաչել Հովհաննես Հակոբյանին, Գևորգ Մանուկյանին և Էրիկ Սարգսյանին: Նրանք մեղադրվում էին զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ։ Սարգսյանն ու Մանուկյանը դատապարտվել էին 4-ական ամսվա, իսկ Հովհաննես Հակոբյանը՝ 4.5 տարվա ազատազրկման։ Դեռևս առաջին ատյանի դատարանում Սաքունցը նշել էր, որ Տիգրան Վարյանի ինքնասպանության վարկածը ևˊ նախաքննությամբ, ևˊ դատաքննությամբ չի հիմնավորվել, իսկ սպանության վարկածն ընդհանրապես քննության առարկա չի դարձել:

ՄԻԵԴ-ն իր վճռով որոշել է, որ կա Կոնվենցիայի 2-րդ, 13-րդ հոդվածների խախտումներ։ Վճռով արձանագրված է արդյունավետ միջոցի բացակայություն և վճռում ամրագրված է․ «Տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ դիմումատուի համար իր որդու կյանքի իրավունքի խախտման հետևանքով կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու իրավական հնարավորության բացակայության պատճառով»։

Դատարանը վճռել է, որ ՀՀ իշխանությունները զոհված զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն չեն անցկացրել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930