Լրահոս
Օրվա լրահոսը

Արատեսի բնակիչը վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան

Հունիս 04,2024 15:19

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հայտնում է. «Այսօր՝ հունիսի 4-ին, արտակարգ և ցավալի դեպք է արձանագրվել Վայոց ձորի Արատես գյուղում: Քաղաքացին վայրի բույսեր հավաքելիս հանդիպել է գորշ արջի, որը վնասել է նրան։ Դեպքի վայր ժամանել և քաղաքացուն օգնություն են ցուցաբերել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ռենջերները, որոնք նաև դեպքի վայր են ուղղորդել ՀՀ ՆԳՆ աշխատակիցներին։

Ըստ նախնական տվյալների՝ արջի հետ հանդիպած 38-ամյա քաղաքացին Արատես գյուղի բնակիչ է, զբաղվում է բոխու հավաքչությամբ և հաճախակի գնում է դաշտ։ Այսօր նույնպես գնացել է հանդամաս բոխի հավաքելու, սակայն բարձրանալով սարի գոգավորությունը մոտ 20-30 մետր հեռավորության վրա նկատել է արջի, բարձր ձայներ է արձակել և կենդանին փախել է։ Ցավոք, քաղաքացին չի նկատել, որ տարածքում ևս մեկ արջ է եղել և արդեն 2-րդը վնասել է նրան։

Դեպքը տեղի է ունեցել Հերմոն վարչական տարածքում։ Արատես գյուղի բնակիչը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ և այժմ բժշկական օգնություն է ստանում «Եղեգնաձոր» ԲԿ-ում։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ հորդորում է վայրի բնության հետ առնչվող յուրաքանչյուր քաղաքացու լինել շատ զգոն, ուշադիր, ինչպես նաև՝ իր հետ ունենալ պաշտպանիչ միջոցներ։

Հիշեցնենք, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ շարունակ զբաղվում է մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի ուսումնասիրմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերում՝ շեշտը դնելով կոնֆլիկտի մեղմանն ուղղված գործողությունների վրա: Այս համատեքստում Հիմնադրամը տարիներ շարունակ աջակցում է Վայոց ձորի համայնքներին՝ տրամադրելով էլեկտրական հովիվներ, պաշտպանելու իրենց պտղատու այգիները, մեղվափեթակներն ու սեփականությունը, մասնակիորեն փոխհատուցելով հասցված վնասը, ստեղծելով այլընտրանքային աշխատատեղեր տեղաբնակների համար բնապահպանության ոլորտում, կրթելով թիրախային խմբերին և ներգրավելով նրանց բնապահպանական միջոցառումներին: Այժմ էլ մեկնարկել է նոր «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում առաջիկա երեք տարիների ընթացքում FPWC մասնագետները կուսումնասիրեն կլիմայի փոփոխության ազդեցությունը խնդրի սրացման տեսանկյունից, թե ինչպես են ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ու հարաբերական տաք ձմեռներն ազդում կենդանիների քնից շուտ արթնանալու, կերի պակասի վրա, ինչպես նաև՝ այլ կապակցված խնդիրների վրա:

Ընդգծենք, որ որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv): ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում»:

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է. «Հունիսի 4-ին, ժամը 08։36-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արատես գյուղի հանդամասերից մեկում, արջը վնասել է քաղաքացուն․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ Սևաժայռ գյուղի «Խոզան» կոչվող տարածքում արջը վնասել է Լ․ Վ․-ին (ծնված 1986 թ.)։

Փրկարարները Լ․ Վ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930