Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում պահեստավորված գազի ծավալները պակասել են և բավարար են երկու շաբաթվա համար. Ռուզաննա Ավագիմյան

Հունիս 04,2024 15:10
gaz

Գազի պահեստավորման կարևորությունը չի կարող գերագնահատվել՝ հաշվի առնելով բնական գազի դերն ու նշանակությունը ինչպես էներգետիկ, արտադրատնտեսական ոլորտներում, այնպես էլ տնային տնտեսություններում առաջնային կարևորության խնդիրների լուծման համար։ Այդ իսկ պատճառով, աշխարհի բազմաթիվ պետություններ ունեն պահեստավորված գազի որոշակի քանակներ՝ նախատեսված խնդրահարույց (այդ թվում` քաղաքական դրդապատճառներով ստեղծված) ժամանակահատվածների համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարցումներ և ուսումնասիրություններ է կատարել ՀՀ-ում գազի պահեստավորման ծավալների վերաբերյալ՝ համոզվելու, թե արդյո՞ք բավարար են պահեստավորված գազի պաշարները:

Ելակետային համարելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից պարբերաբար հրապարակվող տվյալները՝ դիտարկենք ՀՀ կողմից վերջին տարիներին ծախսվող գազի միջին ծավալները։ Դրանք, մասնավորապես, հետևյալն են:

Միջին տարեկան ծախսը՝ վերջին 3 տարիների կտրվածքով (ներկրված ՌԴ-ից և ԻԻՀ-ից միասին, ինչպես նաև վերցված գազատարներից և գազի ստորգետնյա պահեստ և կայանից (ԳՍՊԿ-ից), հանած գազատարներ և ԳՍՊԿ մղված ծավալները` մլն խմ-ով)

 

2021

 

2022

 

2023

 

Տարեկան միջին

 

Ամսական միջին

 

 

2802

 

2943,2

 

2724,3

 

մոտ 2823.2

(8469,5 / 3)

 

մոտ 235.3

(2823.2 / 12)

 

Ամսական միջինացված թիվը, իհարկե, կարող է որոշակիորեն փոփոխվել՝ կախված եղանակային պայմաններից և այլ հանգամանքներից։  

Նշենք նաև, որ այստեղ հաշվարկվում է նաև ԼՂՀ մատակարարվող գազի ծավալը, քանի որ այն հասանելի և բացահայտման ենթակա ինֆորմացիայից անհնարին է առանձնացնել։

Հատկանշական է, որ ի պատասխան վերջին հինգ տարիների ընթացքում պահեստավորված գազի ծավալների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հարցման՝ «Գազպրոմ Արմենիայից» տեղեկացրել են, որ այդ տվյալները համարվում են առևտրային գաղտնիք՝ չներկայացնելով, սակայն, որևէ հիմնավորում:

Այնինչ,  «Նեֆտեգազ» լրատվականի կողմից տարածվել են կոնկրետ ցուցանիշներ, ըստ որոնց՝ 2024/2025 աշնանային-ձմեռային սեզոնին գազի օպերատիվ պաշարները Հայաստանի ստորգետնյա պահեստարաններում պետք է կազմեն 0․107 մլրդ խմ։

Այսինքն, 2024 թ. տարեվերջին ՀՀ-ում նախատեսվում է ունենալ 0․107 մլրդ խմ գազի պաշար։

Անգամ եթե չհաշվենք, որ ձմռանը գազի սպառումը շատ ավելին է, քան գարնանն ու ամռանը, և դիտարկենք կիսամյակի կտրվածքով միջինացված թվերը, ապա ակնհայտ է, որ 107 մլն խմ գազը կբավարարի հոգալու Հայաստանի կարիքներն ընդամենը երկու շաբաթ ժամանակահատվածում:

Ավելին, ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների՝ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում 1999-2018 թթ. ժամանակահատվածում պահեստավորված գազի ծավալների ամենաբարձր ցուցանիշը կազմել է 162.3 մլն խմ, որը գրանցվել է 2018 թվականին։

Այսինքն՝ ներկայիս 107 մլն խմ գազի ծավալը 1/3-ով ավելի ցածր է 2018 թ. գրանցված ցուցանիշից, երբ գազի սպառման ընդհանուր ծավալը կազմել էր 2484.2 մլն խմ, այսինքն՝ նույնիսկ զգալիորեն ավելի պակաս, քան այդ նույն ցուցանիշը 2023 թ. համար։

Այսպիսով, եթե 2018 թ. Հայաստանում գազի պաշարները բավարար էին մոտ երեք շաբաթվա համար (ինչը ինքնին ցածր թիվ էր), ապա այժմ դրանք կարող են հանրապետության կարիքները բավարարել ընդամենը երկու շաբաթ:

Ռուզաննա Ավագիմյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930