Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Դանիելյան. Ժամը փոխելն առավել պայմանավորված էր եղանակային պայմաններով, որպեսզի երեխաները չարևահարվեին. «Արմենպրես»

Հունիս 04,2024 13:28

«Արմենպրես». Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգը ոչ միայն չի չեղարկվել, այլ կայացել է հաջողությամբ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ի համերգի հետ կապված միջադեպին, ինչը պայմանավորված է եղել ժամի փոփոխությամբ։

Դանիելյանի ներկայացմամբ՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում և դեռ պիտի նաև ելույթ ունենային։ Փոխնախարարը երգչախմբերի պատասխանատուներին առաջարկել է նախատեսված ժամանակից շուտ սկսել համերգը, ինչը միաձայն ընդունվել է կազմակերպիչ «Ազնավուր» հիմնադրամի և մյուս երեք խմբերի կողմից, իսկ Տավուշի «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերը կտրուկ մերժել է։

Այնուհետև՝ մամուլում և սոցցանցերում սկսվել են շրջանառվել լուրեր համերգի չեղարկման մասին և տարաբնույթ մեղադրանքներ՝ ԿԳՄՍ փոխնախարարի հասցեին։

Անդրադառնալով միջադեպի մանրամասներին՝ Դանիելյանը պատմեց, որ անձամբ համերգի համար նախատեսված վայրում է եղել առավոտյան ժամը 09։30-ից, որից հետո Երևանից ու Տավուշից սկսել են ժամանել նաև երգչախմբերի երեխաները։ Այնուհետև՝ սկսել են նախօրեին պատրաստված բեմում տեխնիկական փորձերը։

«Արևի տակ, դժվար պայմաններում… Փորձերը նորմալ հունով առաջ էին գնում։ Տեխնիկական, եղանակային մի շարք պատճառներով, քանի որ 11։00-11։30-ից արդեն ահագին մարդ կար, հիմնադրամի և մնացած երեք խմբերի հետ համատեղ որոշեցինք համերգը մեկ ժամ շուտ սկսել, որովհետև հանդիսատեսն արդեն տեղում էր, իսկ մենք՝ պատրաստ։ Ովքեր կազմակերպում են բացօթյա համերգներ, շատ լավ գիտեն, որ մանավանդ Հայաստանում ժամի փոփոխության դեպքում խնդիր չի առաջանում, որովհետև հարմարվում ենք, դա նորմալ երևույթ է։ Համերգներ են լինում՝ 3 ժամ ուշ ենք սկսում, կան՝ շուտ։ Երեք խմբերին առաջարկեցի ժամը 14։00-ի փոխարեն ժամը 13։00-ին սկսել։ Նրանք համաձայնեցին։ Նույնն առաջարկեցի նաև Տավուշի խմբին։ Առաջին անգամ հեռախոսով, քանի որ բեմի կողքին չէին, հեռու էին, զանգահարեցի խմբավարին։ Նա ասաց, որ ինքը չի որոշում, այլ պրոդյուսերը։ Փոխանցեց նրան։ Բացատրեցի իրավիճակը՝ ասելով, քանի որ դուք եք համերգը սկսում, եկեք սկսենք։ Կատեգորիկ հրաժարվեց։ Ասաց՝ չենք ուզում այդ ժամը, մենք ժամը 14։00-ին պիտի երգենք»,-ներկայացրեց Դանիելյանը։

Նա կրկին շեշտեց` ժամը փոխելն առավել պայմանավորված էր եղանակային պայմաններով, որպեսզի երեխաները չարևահարվեին, իսկ ժամը 14։30-ի սահմաններում նաև ամպրոպ ու անձրև էր կանխատեսվում։

ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ համերգը ժամանակից շուտ սկսելու և մասնակցելու առաջարկ, արդեն անձամբ հանդիպելով «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերին, ներկայացրել է երկրորդ անգամ, սակայն կրկին մերժում ստացել՝ պատճառաբանությամբ, որ իրենք Երևանից ժամանող պատվիրակության են սպասում և միայն նախատեսված ժամին ելույթ կունենան։

«Այդ դեպքում միացյալ որոշում ընդունվեց, որպեսզի առանց իրենց սկսենք համերգը։ Տավուշի երեխաները համերգի միայն սկզբում, մի մասնիկ պետք է երգեին, իսկ հիմնական համերգը՝ մյուսները՝ 3 խումբ։ Ու սկսեցինք։ Համերգը վերջացավ, երեխաներին շնորհակալություն հայտնեցինք ու գնացինք։ Վերջում տեխնիկական անձնակազմը, բնականաբար, իր գործն արեց։ Ինչպես կառուցել էին բեմը, այնպես էլ սկսեցին հավաքել, որպեսզի վերջացնեին իրենց գործն ու գնային»,-ասաց Դանիելյանը՝ ավելացնելով, որ սկսած այն պահից, երբ Տավուշի երգչախմբի պրոդյուսերը կտրուկ մերժել է առաջարկը, անձամբ իր, ծնողների, երեխաների, նախարարության, կառավարության նկատմամբ սկսվել է սադրիչ խոսքերի, վիրավորանքների արշավ, ինչն, ըստ փոխնախարարի, նպատակ էր հետապնդում իրեն հունից հանելու և համերգը չեղարկելու ու տապալելու։

Երեխաների ներգրավումը քաղաքական գործընթացներում Դանիելյանն անթույլատրելի է համարում` նշելով, որ ցավում է, որ Տավուշի երգչախմբի երեխաները իրենց ղեկավարի և պրոդյուսերի որոշման պատճառով ելույթ չունեցան։

«Կարծում եմ` իրենք պետք է Տավուշի երեխաներից ներողություն խնդրեն, որ թույլ չտվեցին երեխաներին երգել, այն դեպքում, երբ երեխաները պատրաստվել էին, և այդ օրը նրանց իրավունքների պաշտպանության օրն էր։ Ես հասկացա, որ իրենք ունեին քաղաքական սպասելիքներ, իսկ մենք ընդհանրապես քաղաքականության մեջ չենք, մենք մշակութային իրադարձություն ենք կազմակերպում։ Իրենց գործողություններից ես հասկացա, որ ամբողջությամբ քաղաքական դաշտ է տարվում համերգը։ Ես տեսանյութեր ունեմ, թե մասնակից երեխաներին ինչպես էին խոչընդոտում բեմ բարձրանալ։ Ֆիզիկապես ինձ այդ անձնավորությունը նույնիսկ հրմշտել է մարդկանց ներկայությամբ, սադրանքի խոսքերով։ Դա տևել է ամբողջ համերգի ընթացքում, այն պահից, երբ որոշեցին հրաժարվել»,-ընդգծեց Դանիելյանը, ում բնորոշմամբ՝ ամենացավալի փաստը Տավուշի երգչախմբի երեխաների ելույթ չունենալն էր՝ իրենց ղեկավարի որոշմամբ։

Փոխնախարարի համոզմամբ՝ այդ քայլը համերգը չեղարկելու նպատակ էր հետապնդում։

«Ես կարող եմ տեսանյութերով ներկայացնել, որ, միանշանակ, համերգի տապալումն ակնկալվում էր կամ ակնկալվում էր իրենց ուզած միջոցառումը կազմակերպել։ Այսինքն, ինչպես հասկացա, չէին ուզում մեր կազմակերպած այդ ոչ քաղաքական միջոցառումը տեղի ունենար, այլ՝ ուրիշ միջոցառում իրենց ցանկացած ժամին և իրենց պայմաններով։ Հաջորդ օրերին էլ մինչ այս պահը, այն, թե ինչ են գրում, ասում` իմ անձի հետ կապված, միանշանակ ապացուցում է դա»,-ասաց նա՝ պնդելով, որ իր նկատմամբ սադրանքները դրսևորվել են նաև առանձնանալու և հարցեր պարզելու պահանջներով, հեռախոսազանգով վիրավորանքներ հասցնելով, ինչպես նաև մասնագիտական կարողությունները ստվերելու հայտարարություններով։

Դանիելյանի համոզմամբ՝ իր նկատմամբ տարբեր միջոցներով ու ձևերով ու մակարդակներով, ընդհուպ՝ ԱԺ պատգամավորի կողմից, սկսված արշավը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և ստալինյան ժամանակաշրջանում տիրող մթնոլորտը, երբ օրինակ Միսաք Մանուշյանի և նրա ընկերների լուսանկարները փակցվում էին պատերին և նրան հայտարարում որպես թիրախ, նույն նպատակով ամբողջ Եվրոպայում հրեաները պարտավոր էին կրծքին դեղին աստղ կրել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930