2023 թվականին ԱԳՆ-ն իրականացրել է 6 ծրագիր՝ 15 միջոցառմամբ. փաստացի կատարողականը կազմել է 25 մլրդ 57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի նկատմամբ ծախսերն աճել են 41.2 տոկոսով, ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99.5 տոկոս: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել արտերկրում դեսպանությունների շենքային պայմանների ապահովման ծրագրով: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 4-ի համատեղ նիստում, որտեղ շարունակվում էր «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաջորդիվ ընդհանուր գծերով ներկայացրել է հաշվետու տարում գերատեսչության կատարած աշխատանքները, դրանց համար օգտագործված ֆինանսական հատկացումները:
«Տարվա սկզբից մեզ համար 2023 թվականին առանցքային են մնացել Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանային գործընթացին վերաբերող հարցերը: Հիշում եք, որ 2022 թվականի դեկտեմբերից ունեինք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, որն ավելի քան 8 ամիս տեւեց: Այս գործընթացի եւ ՀՀ-ի ձեռնարկած քայլերի վերաբերյալ բազմաթիվ առիթներ ենք ունեցել խոսելու: Այս պահին հիշատակեմ միայն մեր մասնակցությամբ եւ նախաձեռնությամբ տեղի ունեցած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2 նիստերը եւ մնացած քայլերը, միջազգային հանրության ջանքերը եւ իրավական ատյանների ջանքերն ու որոշումները, որոնք, ցավոք, մեծ հաշվով, գետնի վրա արդյունք չտվեցին եւ ունեցանք Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանություն: Այդ պահից սկսած նաեւ մեր ջանքերն ուղղված են եղել միջազգային կոնսոլիդացիայի ապահովմանը եւ փախստականներին անհրաժեշտ օգնության ցուցաբերման ուղղությամբ միջազգային լայն ներգրավվածությանը»,- ասել է Արարատ Միրզոյանը եւ հավելել, որ սրան զուգահեռ ընթացել են հարեւանների, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը եւ խաղաղության գործընթացը, որը եղել է մեր երկրի գործունեության հիմնական ուղղությունն իր բոլոր բաղադրիչներով:
Որպես այդպիսիք նախարարը նշել է «Խաղաղության պայմանագիրը», նաեւ սահմանազատման գործընթացի մեկնարկը կամ անհրաժեշտ կանոնների ճշգրտումը, տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ջանքերը: Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ այլ երկրների եւ կառույցների հետ հարաբերություններին, որոշ պետությունների հետ հարաբերությունների կարգավորման դրական ընթացքին:
Կարդացեք նաև
Նախարարը հայտնել է, որ 2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է ունեցել 182 պետության հետ, բացել դեսպանություններ որոշ երկրներում:
«ՀԱՊԿ-ի մասով տեղյակ եք, որ Հայաստանը, ըստ էության, սառեցրել է իր մասնակցությունը, նոր զարգացումներ այստեղ մեծ հաշվով չկան 2023 թվականի մասով»,- ասել է նա:
Նախարարն անդրադարձել է նաեւ 2024 թվականին ընթացող աշխատանքներին, ոլորտի առաջնահերթություններին, պատասխանել պատգամավորների բազմաբնույթ հարցերին եւ դիտարկումներին:
ԱԺ