«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ են։ Բագրատ սրբազանն ասաց, որ ուզում են տեղեկանալ՝ այս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ծառայել է մարդու իրավունքներին, թե՞ այլ բանի։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարեց․ «Լսում ենք բազմիցս, որ իշխանությունը խոսում է իր՝ ժողովրդավար լինելու մասին եւ ամբողջ աշխարհին փորձում է համոզել, որ մենք ժողովրդավար ենք։ Մեր իշխանությունը ժողովրդավարության հետ որեւէ աղերս չունի։ Ժողովրդավարության ամենակարեւոր կոմպոնենտը լեգիտիմությունն է, այսինքն՝ հասարակության աջակցությունը։ Լեգիտիմությունը չի վերաբերում միայն մարդկանց, վերաբերում է նաեւ ինստիտուտներին։ Մեր այս այցերի նպատակը նաեւ այն է, որ ի ցույց դնենք, որ այս կառույցները ոչ միայն լեգիտիմություն չունեն, այլ նաեւ փաստացի չեն գործում, որովհետեւ ժողովրդավարությունը ոչ միայն պատասխանատվության մասին է, այլ նաեւ հաշվետվողականության։ Ժողովուրդն իշխանության աղբյուրն է, եւ իրենք պարտավոր են հաշվետու լինել ժողովրդին»։
Նա նշեց, որ երբ միջազգային հեղինակավոր կառույցները կխոսեն Հայաստանում ժողովրդավարության մասին, թող հաշվի առնեն այն, որ որեւէ պետական կառույցի ղեկավար այս օրերին հարկի չի համարում իջնել ու առերեսվել սեփական ժողովրդի հետ։ «Մեր նպատակն ի ցույց դնելն է, որ այս մարդիկ լեգիտիմության, ժողովրդավարության, սուվերենության հետ որեւէ աղերս չունեն»,- ասաց Սուրեն Պետրոսյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ