Մայիսի 24-28-ը Ucom ընկերության աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որն այս տարի անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։
Մայիսի 28-ին Հայաստանի կինոգործիչների միության դահլիճում տեղի ունեցավ փառատոնի փակման արարողությունը, որտեղ հայտնի դարձան հայտարարված անվանակարգերի հաղթողները։ Ջոն Բըրթոնի անվան մրցանակ․ ֆիլմեր բնապահպանների մասին անվանակարգում հաղթել է «Իմ գողացված երկիրը», ռեժիսոր՝ Մարկ Ուիզ, Գերմանիա; լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում հաղթել է «Բարձրանալով խորքից» ֆիլմը, ռեժիսոր՝ Մեթյու Ռից, ԱՄՆ; կարճամետրաժ ֆիլմեր կենսաբազմազանթյան պահպանության մասին անվանակարգում հաղթել է «Թռչունների արքա» ֆիլմը, ռեժիսոր՝ Դարիա Ռազումնիկովա, Ռուսաստան, և երիտասարդների և երեխաների կողմից/համար բնապահպանության մասին ֆիլմեր անվանակարգում՝ «Վտանգը վերևից», ռեժիսոր՝ Մարիամ Խայաթ, Սաուդյան Արաբիա։
Ucom ընկերության աջակցությամբ «Արևորդի» միջազգային բնապահպանական 12-րդ փառատոնի շրջանակում առաջին անգամ գործեց Երիտասարդական անկյուն։ Չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվեցին հնարավորությունների էքսպո, որտեղ երիտասարդները կարողացան ծանոթանալ ոլորտում առաջատար բնապահպանական և կրթական 14 կազմակերպությունների աշխատանքների և հնարավորությունների հետ, ինչպես նաև հասանելի էին 16 աշխատարաններ։
Կարդացեք նաև
«Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը, որը շատ հաջող ստացվեց և բազմաթիվ երիտասարդներ ծանոթացան շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների հետ, ինչպես նաև այդ խնդիրները լուծող կազմակերպությունների գործունեության հետ։ Սա չափազանց կարևոր է, քանի որ աշխարհում չկա և մեկ անձ, ում չեն վերաբերում բնության խնդիրները», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեծ ակտիվությունն ու հետաքրքրությունը մեզ հուշեցին, որ երիտասարդական անկյունը հենց այս ձևաչափով կդառնա փառատոնի շարունակական մաս։ Արձագանքներից պարզ դարձավ, որ մասնակիցները ոչ միայն գործնական գիտելիքներ և հմտություններ են ձեռք բերել առավել կայուն կենսակերպ վարելու համար, այլև ձևավորել են ընկերական հարաբերություններ», – ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։
Երիտասարդական անկյան շրջանակում շուրջ 1000 երիտասարդ հնարավորություն ունեցավ տեղեկանալու ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ կրթական նախաձեռնությունների և նրանց հնարավորությունների մասին։
Ֆիլմերի ցուցադրություններից զատ, այս տարի փառատոնի շրջանակում հնարավոր էր տեսնել մի շարք թեմատիկ ցուցահանդեսներ ևս։
«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։