«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ են։ Բագրատ սրբազանն ասաց, որ ուզում են տեղեկանալ՝ այս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ծառայել է մարդու իրավունքներին, թե՞ այլ բանի։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց, որ մարդու իրավունքների վերաբերյալ ճիշտ գնահատականը պետք է տա ՄԻՊ-ը։ «Որեւէ մեկը տեսե՞լ է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հստակ գնահատականներ, որտե՞ղ է գնահատականը ԱԳՆ-ի մոտ ոստիկանական բիրտ ուժի կիրառման վերաբերյալ, որտե՞ղ է գնահատականը երիտասարդների դեմքին ոստիկանի կոշիկի հետքի վերաբերյալ, որտե՞ղ է գնահատականը Վեհափառի ճանապարհը փակելու համար, որտե՞ղ է գնահատականը պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բռնության ենթարկելու համար։ Չկա։ Այսպիսի գնահատականների բացակայությունն է նաեւ, որ իշխանություններին թույլ է տալիս վարվել ամենավերջի բռնարարի պես»,- ասաց Էլինար Վարդանյանը։
Պատգամավորն ասաց, որ ըստ այս իշխանությունների՝ մարդու իրավունքներն արժեք չունեն։ Եվ շատ լավ կլիներ, որ ՄԻՊ-ը եւս ասեր՝ համաձա՞յն է իշխանության վերաբերմունքի հետ։ «Համաձա՞յն է արդյոք ՄԻՊ-ը, որ Տավուշում մարդիկ զրկվում են իրենց բազմաթիվ իրավունքներից՝ սեփականության, կրթության, արժանապատիվ ապրելու։ Ո՞ւր է ՄԻՊ-ի գնահատականը։ Այդ սահմանազատում կամ սահմանագծում կոչվածը հենց մարդու իրավունքների վերաբերյալ է, չի կարող սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվել՝ առանց մարդու իրավունքները հաշվի առնելու»,- հարցադրում արեց Էլինար Վարդանյանը։
Կարդացեք նաև
ՄԻՊ հանրային կապերի բաժնի պատասխանատու Արթուր Ասլանյանն ասաց, որ պաշտպանը պատրաստ է ընդունել Բագրատ սրբազանին։ Նա ասաց, որ լրատվամիջոցները չեն կարող մասնակցել քննարկմանը։
Բագրատ սրբազանն ասաց, որ բաց ու թափանցիկ գործընթաց է, գաղտնի որեւէ բան չկա, հետեւաբար, շատ կարեւոր է, որ հրապարակային քննարկում լինի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ