«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ իշխանությունը Եկեղեցու դեմ արշավ է սկսել։
«Այս շարժումը որպես այդպիսին կապ չունի Եկեղեցու ամբողջականության հետ։ Ինձ հետ կապ ունի, եւ ես ասել եմ, որ սա անձնական որոշում է, դրա համար էլ խնդրել եմ, որպեսզի իմ լիազորությունները դադարեցվեն։ Այս մարդիկ, այն ծրագիրը, որն ունեին, ձախողվել է, այսինքն՝ այս գործընթացները պետք է վերջացնեին, սահմանափակեին, անցնեին Եկեղեցու հարցերը լուծելու։ Սա ինձ համար աղաղակ է, ես չեմ կարող գլուխս հանգիստ բարձին դնել, երբ իմ հայրենիքը կտրել են մեջտեղից, եւ պատկերը դեռ շարունակական է։ Այս մարդիկ ի՞նչ տրամաբանություն ունեն, եթե օրինակ Եկեղեցին էլ ամբողջությամբ ներգրավված լիներ, ի՞նչ պետք է անեինք, պետք է նստեինք լուռ, ասեինք՝ լավ, Արցախը հանձնեցիք, լավ արեցիք, Տավուշը հանձնեցիք, լավ արեցիք, Սյունիքը հանձնում եք, լավ եք անում։
Ես հարցնում եմ՝ Գանձասարն ո՞ւր է, Ամարասն ո՞ւր է, թող դրա պատասխանը տան։ Դարերով մնացած, իշխանների հովանավորությամբ ապրած այդ փառավոր վանքերը, մեր բնիկ ժողովուրդն այդ տարածքու հազարամյակներով ապրած։ Ոչ մի թշնամական պետություն չի կարողացել մեր արցախցիներին հանել բնակավայրից։ Գանձասարում երբեք թշնամու ոտք չի եղել 800-900 տարվա մեջ։ Ո՞ւր է Շուշին, որտեղ տռճիկ էին տալիս։ Մոռացե՞լ են, գնացել էինք Ակնա, ասում էին՝ Աղդամը մեր հայրենիքն է»:
Բագրատ սրբազանը նշեց, որ այս պայքարն արժեքների համար է։ Եթե ինչ-որ մեկը դեմ է այս արժեքներին, ոչ Հայաստանի, ոչ հայության, ոչ էլ մեր ինքնության հետ կապ չունի։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ