Իր վերջին տեսանյութերից մեկում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանրամատչելի ձեւով բացատրել է, թե ինչ է նշանակում սոցիոլոգիայում հայտնի «հակավարկանիշ» («հակառեյթինգ») հասկացությունը: Ենթադրենք, քաղաքացիների պայմանական 50 տոկոսը դեմ է Փաշինյանին եւ ցանկանում է, որ նա հեռանա: Բայց 80 տոկոսը որեւէ պարագայում չի ցանկանում, որ իշխանության գան «նախկինները», իսկ Փաշինյանը կարողացել է համոզել շատերին, որ հենց ինքը վեր կենա իր աթոռից, այդ աթոռի վրա անմիջապես նստելու է որեւէ «նախկին»: Այդ երկրորդ՝ 80 տոկոսանոց խումբն ավելի բազմաթիվ է, եւ, ենթադրում եմ, իր համոզմունքը պաշտպանում է ավելի էմոցիոնալ ձեւով: Արդյունքում իշխանափոխություն տեղի չի ունենում:
Ի դեպ, ինձ համար կարեւոր չէ, թե ով է ասում մի բան, որը ճիշտ է կամ, որը, համենայնդեպս, մտածելու տեղիք է տալիս: Իհարկե, Մարուքյանը սխալ էր վարվել, երբ գնացել էր Փաշինյանի մոտ աշխատելու: Բայց կարեւորը սխալը գիտակցելն է եւ խոտոր ճանապարհից հետ դառնալը: Կարծում եմ, պետք չէ բոլոր առիթներով նախկին սխալները մարդկանց աչքը մտցնել:
Եվ այսպես, որպես լուծում, Մարուքյանն առաջարկում է, որ Երկրորդ եւ Երրորդ նախագահները հայտարարեն, որ այլեւս իշխանության որեւէ հավակնություն չունեն: Բայց Սերժ Սարգսյանն արդեն իսկ նման հայտարարություն արել է: Լավ կլիներ, որ Քոչարյանն էլ անի:
Սակայն կա ավելի նուրբ խնդիր՝ «նախկին» եւ «ոչ նախկին» լինելու սահմանները: Մարուքյանն ասում է՝ նրանք, ովքեր 1998-2018 թվականներին պետական որոշումներ են ընդունել, «նախկինը» նրանք են: Բայց պետք է պարզել, թե որ մակարդակով են այդ որոշումներն ընդունվել՝ պատգամավորի՞, վարչության պետի՞, նախարարի՞:
Կարդացեք նաև
Համաձայնեք, որ մի բան է, երբ Բագրատ սրբազանի շարժմանն աջակցություն է հայտնում ենթադրյալ կոռուպցիոներ Միհրան Պողոսյանը, մեկ այլ բան, երբ դա անում է Էդուարդ Շարմազանովը, որի բարեկեցության աստիճանը պատգամավոր լինելուց առաջ, դրա ժամանակ եւ դրանից հետո առանձնապես չի փոխվել: Մարգարիտ Եսայանը, կարծես թե, «նախկին» է՝ այն առումով, որ 2018-ին նիկոլականները նրա դեմ «հեյթի» ալիքներ էին բարձրացնում: Բայց Մարգարիտի՝ ՀՀԿ պատգամավոր լինելու ժամանակ սնանկացվեց նրա ամուսնուն պատկանող փոքր ձեռնարկությունը:
Շիրակ Թորոսյանը, Ատոմ Ջանջուղազյանը, Մհեր Գրիգորյանը «նախկիններ» են:
Դժվար է, մի խոսքով, ասել, ով խոսելու տեղ ունի, ով՝ ոչ: Երբ իշխանափոխություն տեղի ունենա (վաղ թե ուշ լինելու է, չէ՞), կարո՞ղ է պատահել, որ նոր իշխանությունների ներկայացուցիչներն ասեն՝ Էդմոն Մարուքյանը չի կարող զբաղվել քաղաքականությամբ, որովհետեւ «Նիկոլի վախտ» հատուկ հանձնարարություններով դեսպան էր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մի քանի տող Ձեր ուշադրությանը:
Կարծում եմ ’50 տոկոս, 80 տոկոս’ վերլուծությունը հենվում է այն բանի վրա որ Հայաստանի իշխանափոխություն լինել/չլինելը որոշում է հայաստանցին: Դա այդպես չէ: Չթերագնահատենք ոչ-պետական-կազմակերպությունների լավ կազմակերպված աշխատանքը: Վրաստանը այս օրերին լուծեց այդ խնդիրը: Մենք` դեռ ոչ:
Կարծում եմ Դուք կամա թե ակամա ճիշտ անցում արիք ‘լավ կլինի որ Քոչարյանն էլ անի’ դեպի ‘սակայն կա ավելի նուրբ խնդիր’-ի: Բանը նրանում է, որ ինչ էլ արվի նիկոլի ռեժիմից ազատվելու համար, միշտ առաջ կգա մի այլ պահանջ, որը կձգձգի, մաշեցնի շարժումը ու բերի նրա հանգմանը:
Չեմ կարող պնդել, բայց չպիտի բացառել, որ Է.Մարուքյանը ճիշտ ժամանակին է ‘գործուղվել’ նիկոլական բանդայից, որ դառնա ‘չեզոք’ կորիզ ու տանի շարժումից էական մաս;
Ես, անձամբ կխորշեի սեխմել Է.Մարուքյանի ձեռքը միայն այն բանի պատճառով, որ նա սեխմել է նիկոլինը: Եվ նույնը վերաբերվում է այլ ‘նիկոլի ձեռք սեղմող’-ներին: Բայց սա իմ էմոցիոնալ ձևն է (Ձեր ասած) ըմբոստանալու այն չարիքի դեմ, որը բերեց նիկոլը:
Լուրջ մարդկանց գլուխներին մէջ, բաւարար չափով հաստատուեցաւ այն միտքը, թէ՝ Փաշինյանը, իր վարչակարգն ու իր «յեղափոխական» դաշնակիցները՝ չեն, միմիակ եւ բացառեալ յանցաւորները, տեղի ունեցած եւ տակաւին իր աւարտին չհասած Հայոց Աղէտին:
Սակայն հիմա էլ գնում ենք այն ուղղութեամբ, որ նրանք բնա՞ւ յանցաւոր չեն…
2018-2023ի պետական յեղաշրջումին առաջին գիծի մասնակից, եւ դրա արտադրած վարչակազմի կարկառուն անդամ մը, իրաւասո՞ւ է առաջարկելու, որ 1998-2018 թուականներին պետական մարդիկը պէտք է անհետանան քաղաքական դաշտից: Մինչ ինք, պիտի մնայ այդտեղ…
Փաշինյան մը, հազար անգամ աւելի լա՛ւ է, քան թէ՝ Մարուքյան մը: Քանի որ Փաշինյանը, անկեղծ է: Եւ նոյնիսկ, Փաշինյանը, աւելի կայուն է, ինքն իր տրամաբանութեան մէջ աւելի հաստատուն, քան թէ այս արարածը:
Նոյն պատճառով, ՔՊ մը անհամեմատօրէն նախընտրելի է ԼՀԿի մը:
Ասիկա կ’ըսեմ ամենայն լրջութեամբ: Որպէս նախկին քոչարյանական:
Մ. Հայդուկ Շամլեան
Յ.Գ. Ներազգային լարուածութիւնները «մեղմացնելու» որոշ ջանքեր, ճիշդ հակառակ ազդեցութիւնը կրնան արտադրել:
Անձի մը սխալը պէտք է ներել, այո: Բայց նոյն սխալը, մէկ անգամ միայն: Չափահաս մարդու պարագային:
Իսկ երբ որ նոյն բնոյթի սխալը տասը անգամ կը կրկնուի, առաւել մնայուն կեղծաւորութիւնը, տեւական ինքնահակասում, եւ դեռ շատ ուրիշ, ծանր թերութիւններ, այդպիսի մարդ մը դեռ պաշտպանելը օգուտ չունի: Բայց կրնայ վնաս ունենալ:
Քոչարյանը պէտք է որ յստակօրէն յայտնէ թէ ինք այլեւս խաղէն դուրս է, այո: Բայց ինք, գոնէ, չի երեւում եւ հանրութեան չի խօսում, երկար ժամանակէ ի վեր:
Սարգսյանին համար, այլազան տեսանկիւններէ, շատ աւելի հեշտ էր հանրային կերպով յայտնելը, իր այս վերջին… հրաժարականը: Ի դէպ, յուսանք միայն որ այս անգամ, ի տարբերութիւն վարչապետ չդառնալու իր նախնական հանրային խոստումին, յարգելու է ինք իր իր խօսքը:
Տէր Պետրոսյանը հրապարակային զղջացե՞ր է ներողություն խնդրե՞ր է քաղաքական ճնշումներուն, սպանութիւններուն, խարդախուած ընտրութիւններուն, փտածութեան համար, ոչ
Քոչարյա՞նը այդ բոլորին եւ բռնութեա՞ն, ոչ
Սարգսյա՞նը, ոչ
Փաշինյանն ալ պիտի չընէ, Մարուքյանն ալ պատրաստ չէ իր սխալները ընդունելու եւ սուտ չխօսելու։
երբ ամբողջ երկրին քաղաքական մշակույթը հիմնուած է սխալ չընդունելու, մեղքը ուրիշին (հայու կամ օտարի) վրայ նետելու եւ յանցանքը չընդունելու վրայ, քաղաքական գործիչներէ չէ որ պէտք է սպասել փոփոխութիւն կամ ճշմարտութիւն։
“Սրբազան շարժում”ին այս կէտն է որ տարբեր է կարծես եւ գնահատելի՝ կեդրոնական նպատակը քաղաքական/հասարակական մշակոյթի փոփոխութիւնն է։
Նախ սահմանը հստակ է՝ կա քաղաքական թիմ և այդ թիմի անդամներ: Բոլորին էլ պարզ է ով է թիմի անդամ, ով ոչ:
Երկրորդը՝ Մարուքյանի ասածը աղավաղել եք: Նա չի առաջարկել որևէ մեկին արգելել զբաղվել քաղաքականությամբ: Խոսքը նրա մասին ա, որ եթե նախկին ղեկավարնեչը իրոք համարում են, որ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, ապա կա դրան խոչընդոտելու ճանապարհ՝ կամավոր հրաժարվելով քաղաքականությամբ զբաղվելու:
Եվ այո, եթե աօագայում ինչ-որ ղեկավար երկիրը տանում լինի վատ ուղղիով, ու Մարուքյանը հայտարարի դրա մասին և այդ ղեկավարին կանգնեցնելու ճանապարհը պահանջի Մարուքյանի հրաժարում քաղաքականությամբ զբաղվելուց, ապա այդ դեպքում նոր կարող է խնդրենք կամ պահանջենք Մարուքյանից, որ չզբաղվի քաղաքականությամբ: