Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով հերթական դատական նիստը։ Նրանց մեղադրանք է առաջադրված ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը միջամտելու եւ բռնություն կիրառելու համար։
Նիստի ավարտին Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Aravot.am-ին ասաց. «Եթե նախորդ դատական նիստում մեղադրական կողմն էր առաջարկում եւ ներկայացնում հետազոտման ենթակա ապացույցների ծավալը, այսօր դատական նիստի ժամանակ պաշտպանության կողմն էր վիճարկում այն փաստական տվյալները եւ ապացույցները, որոնք պետք է ներառվեն ապացույցների ծավալում եւ հետագայում հիմնական լսումների ընթացքում հետազոտվեն։
Ավելին ասեմ, մենք, ի թիվս փաստական այլ տվյալների, առաջարկեցինք նաեւ դեռեւս սույն վարույթի շրջանակներում քննիչի կողմից հարցաքննված հինգ անձանց ցուցմունքները, որպեսզի ներառվեն ապացույցների ծավալում։ Դատարանի ուշադրությունը հրավիրեցինք, որ տվյալ անձինք դեռեւս նախաքննության փուլում հարցաքննվել էին, ունեին վկայի կարգավիճակ եւ տվել էին Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ արդարացնող բնույթի ցուցմունքներ։ Բայց զարմանալիորեն այդ ցուցմունքները ներառված չեն եղել մեղադրական եզրակացության մեջ եւ որպես այդպիսիք, իրենց արտացոլումը չեն ստացել։
Դրանով դատարանի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքի վրա, որ մեղադրանքի կողմը խտրական վերաբերմունք է ցուցաբերել ապացույցների, ձեռք բերված փաստական տվյալների նկատմամբ։ Ինչու խտրական, որովհետեւ մեղադրանքի մեջ պետք է ներառվեն ոչ միայն, այսպես ասած, մեղադրական ապացույցները, այլ նաեւ ի պաշտպանություն բերված ապացույցները։ Իսկ տվյալ հինգ անձանց ցուցմունքները ի սկզբանե հայտնի են եղել քննությանը, սակայն ամենավերջում քննիչը մեղադրական եզրակացությունում չի ներառել դրանք մեղադրական եզրակացության մեջ, դատախազն էլ դրա վրա աչք է փակել։ Եվ այն դեպքում, երբ օրենքի պահանջը այդ մասով իմպերատիվ է։ Այսինքն, մեղադրական եզրակացության մեջ պետք է լինեն եւ մեղադրական եւ արդարացնող բնույթի ապացույցները։
Կարդացեք նաև
Դրա վերաբերյալ մենք հայտարարություն արեցինք, որ ի սկզբանե քննությունը եղել է ոչ օբյեկտիվ եւ դրա համար եղել է այս կոպտագույն բացը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ