Aravot.am-ի տեղեկություններով, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերջին երկու շաբաթվա ինքնավնասման մի քանի դեպքեր են արձանագրվել։ Մասնավորապես, կալանավորված 39-ամյա Մ.Գ.-ն ձախ ձեռքի ինքնավնասում է կատարել՝ առաջացնելով քերծվածքներ։ Ըստ նրա հայտարարության՝ ինքնավնասման պատճառը վերջինիս քրեական գործի հանգամանքներն են։
Իսկ 36-ամյա դատապարտյալ Ա․Հ․-ն մայիսի 20-ին հայտարարել է, որ 3 ինքնապտուտակ է կուլ տվել։ Նա հայտարարել է, որ ինքնավնասումը կատարել է բժիշկների հետ ունեցած խնդիրների պատճառով։
36 տարեկան մեկ այլ դատապարտյալ Մ․Չ-ն մեկանգամյա օգտագործման ածելիի սայրով պարանոցի աջ հատվածում կատարել է ինքնավնասում: Պատճառը, ըստ դատապարտյալի հայտարարության՝ ընտանեկան խնդիրներն են, որոնց պատճառով հոգեպես հուզված վիճակում էր գտնվում։
47- ամյա դատապարտյալ Ռ․Ս.-ն էլ մեկանգամյա օգտագործման ածելիի սայրով ձախ ձեռքի նախաբազկի ներսային հատվածում կատարած ինքնավնասումը կատարել է հոգեպես հուզված վիճակում գտնվելու պատճառով։
Կարդացեք նաև
24-ամյա դատապարտյալ Հ․Ս․-ն նույնպես մեկանգամյա օգտագործման ածելիի սայրով ձախ ձեռքի նախաբազկի շրջանում կատարել է ինքնավնասում: Պատճառը առողջական խնդիրներն էին։
Բոլոր դեպքերով էլ նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին: