Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ դուք, լինելով ՀՔԾ ղեկավար, Սերժ Սարգսյանի գործն ուղարկեցիք դատարան, արդյունքում այդ գործը փլվեց, եթե հիմնավոր գործ ուղարկած լինեիք, ապացույցներ լիներ, արդյոք դատարանում գործը կփլվե՞ր՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Գործը իմ ընկալմամբ եղել է շատ ամուր եւ մնում է շատ ամուր գործ եւ ապացույցների առումով եւ գործող դատավարական կարգը պահելու առումով: Մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, դատախազությունը հայտնել է, որ պետք է բողոքարկի դատական այդ ակտը եւ միայն առաջին ատյանի՝ ուժի մեջ չմտած որոշումից նման դատողություններ անելը, որ գործը փլվելը իրավաբանորեն ճիշտ չէ»:
Հարցին՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին ձեր հայտնի գաղտնալսումից հետո հավաքագրել են՝ որպես ազդեցության գործակալ, այդ ձայնագրությունն ունի երկրորդ մաս, ձեզ փորձե՞լ են հավաքագրել՝ Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ինձ հավաքագրելու փորձեր չեն եղել եւ չեն կարող լինել: Ինչ վերաբերում է վարչապետի նշածին, անկեղծ ասած, չեմ լսել: Կլսեմ, նոր կարծիք կհայտնեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ