Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկինքը փուլ գալ արտահայտությունը մաշկիս զգացի»․ 5 երեխաների մայր, բենզինի պայթյունից ամուսնուն կորցրած Մերին աշխատանք չունի. «Ա1+»

Հունիս 03,2024 23:55

«Չգիտեմ, թե կրտսեր զավակներիս հարցին՝ ե՞րբ է գալու հայրիկը, ինչ պատասխանեմ։ Գրիգորին առաջին անգամ չի կատարում իր խոստումը՝ շատ է ուշանում»։

Մերին ամուսնու մասին անցյալով խոսել չի համարձակվում՝ մտքերով ամեն պահի նրա հետ է։

Պահեստազորի սպա Գրիգորի Սահակյանի ուսապարկը միշտ պատրաստ էր, տան սենյակի իր անկյունում դրված։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ին այն պետք չեկավ տիրոջը։

«Ամուսինս 24 տարի ՊԲ շարքերում ծառայելուց հետո անցել էր թոշակի։ Զինվորականի հետ ամուսնանալիս գիտեի, որ դժվար է լինելու, սակայն Գագոն (նրան տանեցիներն այդպես էին անվանում- խմբ․) այնպես էր անում, որ ես տան հոգսերի ծանրությունը չզգայի»։

5 երեխա ունեցող Սահակյան ամուսինները 2020 թվականն իրենց հարկի տակ դիմավորեցին՝ որպես բազմազավակ ընտանիք՝ տուն էին ստացել։

«Շուշիում շուրջ 12 տարի վարձակալությամբ ապրելուց հետո մեր սեփական տանիքն ունեցանք։ Վերանորոգեցինք ու կահավորեցինք մեր ուզած ձևով, սակայն 9 ամիս վայելեցինք։ Պատերազմի օրերին 5 երեխաներիս հետ տեղափոխվել էի Հայաստան, որտեղ մնացինք մինչև դեկտեմբերի 10-ը։ Վերադարձանք Ստեփանակերտ, մի որոշ ժամանակ հարազատների հետ միասին ապրեցինք, հետո մեզ ապահովեցին բնակարանով։ Թվում էր, թե բոլոր դժվարությունները հետևում են մնացել․․․ »,- պատմում է Մերին։

Վերջին անգամ իրենց հարկի տակ՝ Ստեփանակերտի Արեշ թաղամասում եղել են սեպտեմբերի 23-ին․

«Չնայած ամեն կողմից անհանգստացնող լուրեր էին պտտվում, բայց գնացինք տուն, հաց սարքեցի, ընտանիքով սեղանի շուրջ նստեցինք։ Ապա հավաքեցինք անհրաժեշտ իրերը, որպեսզի առավոտյան ճամփա ընկնենք։ Շատ բան չկարողացանք տեղավորել մեքենայի մեջ, քանի որ Գրիգորիի ծնողներն էլ պիտի մեզ հետ գային»։

Շրջափակված Արցախում լուրջ խնդիր էր բենզին գտնելը։

«Երբ լուրեր տարածվեցին, որ Ֆլեշի մի քանի բենզալցակայաններում բենզին են տալու, Գրիգորին շտապեց այնտեղ։ Զանգեց և ասաց, որ հազարավոր մարդիկ են հերթում, պիտի սպասի, մինչև հերթը հասնի։ Այդպես մի քանի անգամ հեռախոսով խոսել ենք»։

Մերիի վերջին հեռախոսազրույցն ամուսնու հետ սեպտեմբերի 25-ին էր՝ 17։13-ին։

«Երբ զանգեցի, ասաց, որ Հայկազովի տեղամասում է, հերթը շատ մեծ է, ու ինքն էլ ահավոր հոգնած, բայց պետք է սպասի։ Հետո ասաց, որ մայրիկին տեղեկացնեմ, որ գնացել է եղբայրական հուշահամալիր և 44-օրյա պատերազմում զոհված եղբորն ու մարտական ընկերներին հրաժեշտ տվել, որպեսզի  մայրը հանգիստ լինի։ Ասաց նաև, որ հուշահամալիրում ասեղ գցելու տեղ չկար, բոլորը եկել էին վերջին հրաժեշտի»։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930