Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց պայքարի հերթական օրը: «ՔԿ-ին ներկայացված մեր առաջին պահանջը կատարվել է՝ ձերբակալվածներից ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ երկրորդ պահանջն այն է, որպեսզի վարույթ իրականացվի այն բոլոր ապօրինի գործողությունների դեմ, որոնք իրականացվել են ոստիկանության կամ նրա շարքերում ծվարած մարդկանց կողմից»,-ասաց նա։
«Առաջ եթե 4 հոգով էին մարդ ծեծում, հիմա 30, ուրեմն այդպե՞ս է ոստիկանությունը բարեփոխվում։ Բա էդ բարեփոխողները, որ հսկայական գումարներ են տալիս, չեն հարցնո՞ւմ, էս ի՞նչ եք անում։ Իրենց երկրում, երբ մի քաղաքացի ոստիկանների կողմից վնասվում է, դուրս են գալիս փողոց խանութներ են վառում, մենք էլ այդպես անե՞նք»,-հարց հնչեցրեց նա։
Անդրադարձ եղավ նաեւ իշխանական շրջանակների կողմից շրջանառված իր վերաբերյալ ապատեղեկատվությանը. «ԱԱԾ-ն հայտարարել է, որ ես գործակալ չեմ ու միլիոններ չեմ ստանում։ Բա հիմա սրա պատասխանն ո՞վ է տալու։ Ամիսներով մեր հասցեին ինչ ասես չեն ասել, անվանական ինձ են ասել, է՛լ լրագրողներ, է՛լ խորհրդարանում գտնվողներ»։
«Մեր երկրում անպատասխանատու մարդիկ չպետք է լինեն, ես հետամուտ եմ լինելու, որ բոլոր զրպարտողները դատարանում պատասխան տան… Իրենք գործակալ լինելով՝ թող հայելի պահեն իրենց առաջ, ոչ թե ուրիշներին մեղադրեն»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Կարդացեք նաև
Իրավապահ համակարգի մասին խոսելիս էլ՝ ընդգծեց. «Ամբողջ ոստիկանությունն ու իրավապահ համակարգը վերածվել է մեկ մարդու թիկնազորի։ Իրավապահ համակարգը պետք է ծառայի միայն պետության ու հասարակության շահին, այլ ոչ մեկ մարդու քմահաճույքին»։
Սրբազանը նաեւ նշեց. «Մենք պետք է գնանք Վարդենիս ու Սյունիք, որովհետև սահմանազատման այս անպետք գործընթացն այդ գծով է գնում»: