Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԵ Մասյացոտնի թեմը կդիմի ԿԳՄՍՆ-ին Աղջոց վանքն իրենց հանձնելու հարցով

Հունիս 03,2024 22:22

Վերականգնող ճարտարապետ Գարեգին Կնյազյանը խնամքով, դեռեւս թղթի վրա, վերականգնել է միջնադարի ճարտարապետական գլուխգործոց  համարվող Աղջոց վանական համալիրը:  Գեղարդից 7 կմ դեպի հարավ արեւելք լեռան լանջին է գտնվում երբեմնի վեհաշուք այս վանքը, այն  ավերածություններից թեեւ խոնարհվել, բայց չի կորցրել իր վեհությունը:

«Աղջոց համալիրը նշանավոր է նրանով, որ ըստ Հայ Առաքելական եկեղեցու սրբազան ավանդության, հիմնվել է  առաջին հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի կողմից, հիմնվել է որպես կուսանաց վանք: Վայրն էլ ընտրվել է  այն տեղանքը, որտեղ նահատակվել է Հայաստանում 3-րդ դարի երկրորդ կեսին Քրիստոսի քարոզչության գործ կատարած անձանցից մեկը՝ Սուրբ Ստեփանոս քահանան»,- պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը:

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն էլ պատմեց, որ Գեւորգ Ալիշանի պեղած տեղեկությունների համաձայն՝ վանքը պետք է, որ հիմնված լինի 4-րդ դարում: Ի սկզբանե, որպես սրբավայր է եղել, իսկ որպես վանք՝ ձեւավորվել 13-րդ դարում. ի պատիվ հռիփսիմյան կույսերի էլ անվանվել  է Աղջկոց, այսինքն՝ աղջիկների վանք:

Սուրբ Ստեփանոս եկեղեցին վանքի  գլխավոր եկեղեցին է, ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան կողմում գտնվում է Գավիթը: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը: Համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է եւ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին,  որը գտնվում է Ս. Ստեփանոս եկեղեցու հյուսիսային կողմում:

Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 13-րդ դարում եղծված շինարարական արձանագրությունը: Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է: Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերում Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների հարթաքանդակներն են, որոնք միջնադարյան քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930