ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի՝ Վեդի այցելության ժամանակ դպրոցահասակ երեխաներին պաղպաղակ բաժանելու մասին ասաց. «Ճիշտն ասած, դա սովորական գողություն է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անում է տարբեր խանութներից։ Նախորդ անգամ, կարծեմ, Տավուշի մարզում էր, որ գնացել էր։ Կադրերը որ նայում ես, երեխաներին հրավիրում է մի խանութ, առանց աշխատողին զգուշացնելու բացում է սառնարանը, առանց գինը հարցնելու, առանց քանակը ճշտելու հանում է պաղպաղակները, բաժանում երեխաներին։ Հետո չի մոտենում վաճառողին՝ հարցնելու, թի ինչ արժեր, քանի հատ էր։ Ոչ հաշվարկ, ոչ բան։ Մեկը 150 դրամ արժի, մեկը՝ 120, 240։ Փողը չի տալիս, ՀԴՄ կտրոն էլ չկար։ Դուրս է գալիս եւ գնում է։ Գուցե, մեծ չի ծավալը, չորս կամ հինգ հազար դրամ, բայց գողություն է։
Իր պարագայում սովորություն է դարձել ուրիշների հաշվին խալխի երեխաներին պաղպաղակ բաժանելը։ Առավել եւս, որ պարզ չի երեխաները նրանից խնդրե՞լ են, ուզե՞լ են։ Դա իր համար պարզ PR է։ Իբրեւ ինքը շատ բարի է։ «Դետոչկինը շատ էր սիրում երեխաներին» շրջանակներում ուրիշների ունեցվածքը հանում, բաժանում է։
Իսկ ինչ վերաբերում է Վեդիում Ամֆիթատրոնի բացմանը, այդ առումով շատ լուրջ բացահայտում արեց լրագրող Սյուզի Բադոյանը, որը ծնունդով Վեդիից է։ Այցից առաջ իրեն շատ ծնողներ էին զանգել, ասել, որ երեխաներին ստիպում են մասնակցել այդ հանդիպմանը, երբ արարողությունը դպրոցի, ուսումնական գործընթացի հետ կապված չի ընդհանրապես։ Ի դեպ, մայիսին դպրոցներում եղել է վերջին զանգի արարողությունը եւ ուսումնական գործընթաց չկա։ Միայն ավարտական դասարաններում քննություններն են։ Կադրերը որ նայում ես, Ամֆիթատրոնում միայն երեխաներ են։ Չափահաս մի կին կար, որը բազմազավակ ընտանիքի մայր էր։ Երեւի օգնության, սոցիալական ինչ-որ հարցով էր դիմել։ Մնացած բոլորը երեխաներ էին։
Պարզ է չէ՞, որ այդ երեխաներին ստիպողաբար էին տարել, Սյուզին էլ դա իր գրառումներով բացահայտել էր, որ դասղեկները, տնօրենները զանգում են ծնողներին եւ ստիպում դպրոցական ավարտական համազգեստով ներկա լինել։ Ոչ մի երեխա իր կամքով չի գնացել։
Կարդացեք նաև
Դա հանցագործություն է։ Մեր երկրի օրենսդրությամբ ստիպողաբար կամ շահադիտական նպատակներով որեւէ հավաքի մարդու մասնակից դարձնելը քրեորեն պատժելի արարք է։ Առավել եւս, եթե դա վերաբերում է անչափահասներին, այն էլ քաղաքական նպատակներով։
Դպրոցից դուրս համայնքային միջոցառման մասնակցելը, այն էլ՝ վարչապետի պարագայում, ակնհայտ վարչական ներգործություն է։ Սա նաեւ վկայություն է, որ ոչ մի չափահաս, սեփական գիտակցությամբ մարդ նրա հետ հանդիպման այլեւս չի գնում, չեն ուզում հետը նկարվել՝ հասկանալով ում հետ գործ ունեն։ Սա նաեւ ցույց է տալիս նրա քաղաքականապես խեղճ վիճակը։
Ստացվում է, որ իշխանությունը մի կողմից երեխաներին է ստիպողաբար տանում քաղաքական հավաքների, մյուս կողմից արգելում է մարդկանց, որպեսզի իրենց գիտակցված որոշմամբ գան Սրբազան պայքարի հավաքներին մասնակցեն, ինչը նորից հանցագործություն է»,-ասաց հասարակական գործիչը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ