«Պարոն Այվազյան, ո՞ւր է ձեր ղեկավարը, ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն ո՞ւր է»,- այսօր ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այս հարցն ուղղեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին:
Հիշեցնենք, որ ԱԺ պետք է գար Արգիշտի Քյարամյանը: Չէր եկել: Խամոյանն արձանագրեց, որ իրավապահ մարմիների եւ ոչ մի ղեկավար չեկավ ու զեկույցով հանդես չեկավ՝ պատասխանելով խորհրդարանական երկրի պատգամավորների հարցերին: Հուշեցին, որ Սասուն Խաչատրյանն եկել է: Պատգամավորն արձանագրեց. «Մեջների սեւամորթը պարոն Խաչատրյանն է, դա էլ հավանաբար շնորհակալությունն է իր եղբորը ՍԴ անդամ դարձնելուն»:
Վլադիմիր Վարդանյանը հորդորեց էթիկայի շրջանակներում մնալ, Խամոյանը հակադարձեց, թե սեւամորթ է ասել. «Ոչ մի էթիկական խախտում թույլ չեմ տվել: Պարո՛ն Այվազյան, դուք կասեք, որ պարոն Քյարամյանը զբաղված է, գերծանրաբեռնված է: Ինչո՞վ: Ընդդիմադիրների վրա քրեական գործեր կարելով»:
Նա ասաց, որ ամբողջ աշխարհն է տեսել, թե ոնց են պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա «ոհմակով հարձակվում»: Վլադիմիր Վարդանյանը սկսեց տեղից միջամտել. «Թույլ չեմ տալու ավարտել», կողքից Արփի Դավոյանը վիճեց, թե ոհմակով հարձակվելը ո՞րն է: Խամոյանն էլ բացատրեց, թե դրա անունն ի՞նչ է, երբ 60 հոգով հարձակվում են:
Կարդացեք նաև
Արսեն Այվազյանը պատասխանեց, որ Քյարամյանի ներկայությունը պլանավորված էր, սակայն վերջին պահին ծանրաբեռնված լինելով, չնորմավորված աշխատանքով պայմանավորված՝ չի կարողացել գալ: Ինչ վերաբերում է գործեր կարելուն իրենց գործեր չեն կարում, գործեր հարուցվում են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ