Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր մոտեցումները հաշվի առնեն, շարժումը ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա». ինչ է պատասխանել Բագրատ սրբազանը Էդմոն Մարուքյանի այս առաջարկին

Հունիս 03,2024 18:06

ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում խոսել է Բագրատ սրբազանի հետ ունեցած հանդիպման եւ շարժման հաջողության իր մոտեցումների մասին։

«Մենք ասել ենք, որ սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի։ Նա ոչ թե պետք է դա հստակ արձանագրի, այլ ցույց տա։ Միջազգային չափանիշ կա. ասում է՝ դատավորը պետք է ոչ միայն լինի անկախ, այլեւ երեւա անկախ։ Նույն բանը ասել եմ նաեւ սրբազանին։ Եթե մեր մոտեցումները հաշվի առնեն, շարժումը ավելի մեծ ժողովրդական աջակցություն կունենա»,-ընթերցել է նա իր հրապարակայնացրած տեքստի այդ հատվածը։

Մարուքյանը մեկնաբանել է իմաստը եւ նպատակները՝ նշելով, որ նախկինների վերադարձի հնարավոր լինելու խնդիրը իշխանությունները եւ այլ ուժեր փորձում են օգտագործել ընդդեմ շարժման։

Մանրամասն՝ տեսանյութում

Բագրատ սրբազանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպման մասին ասաց հետեւյալը. «Ես Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել եմ ուշ գիշերային ժամի։ Առավոտյան ինքը մեկնում էր արտերկիր։ Ոչ մի մանրակրկիտ մանրամասնություն չենք քննարկել։ Խոսել ենք, ողջունել ենք։ Այսքանը։ Անկեղծորեն ասած՝ չեմ էլ հիշում ինչ ենք խոսել։ Ասել ենք՝ հստակ է, որ այս մարդը պետք է հեռանա։ Համաձայն են, համախոհ են։ Իր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», ներկա է եղել ուժերի հանդիպմանը։ Դրանից հետո ինչ զարգացումներ են եղել, ինչ են արել, չգիտեմ»։

Դիտարկմանը, որ Էդմոն Մարուքյանն ասում է, թե ճանապարհներ է առաջարկել, սրբազանը պատասխանեց. «Անկեղծորեն ասած, չեմ հիշում։ Գուցե առաջարկել է։ Շատ կարճ հանդիպում է եղել, մի 10-15 րոպե։ Ես բոլորի հետ էլ հանդիպում եմ անխտիր, բոլորին էլ ուզում եմ տեսնել խոսքին տեր կանգնած՝ փողոցում»։

Շարժման առաջնորդը նաեւ հավելեց, որ կան ուժեր, որոնք աշխատասենյակներից են աջակցում։ «Ես ասել եմ. ով ինչ ասել է, դրան տեր պիտի կանգնի։ Չեմ տարանջատում, բայց մասնակցային պատասխանատվությունը շատ ակնհայտ պետք է լինի։ Որեւէ մեկին ոչ պախարակում եմ, ոչ քննադատում եմ, ոչ մեղադրում եմ։ Բայց իրավունք ունեմ խոսելու։ Մարդիկ, որոնք համախոհության են հայտնել, որ այս մարդը պետք է գնա, իմ պարտադրանքը չի, որեւէ մեկի պարտադրանքը չի։ Համախոհությունը վստահել են իմ տկար անձին՝ ասելով, որ տեսնում ենք որպես այս շարժման առաջնորդ։

Ես ասում եմ՝ ի՞նչ ծավալով, ի՞նչ կերպով ենք այս համախոհությունը դարձնում իրականություն։ Պատկերացնո՞ւմ եք ես հայտնեմ համախոհություն ու այստեղ չլինեմ։ Կան ուժեր, որոնք այստեղ են, բայց դա բավարար չէ։ Թող գործողություններ կատարեն, իրենց տեսքով իրականացնեն, առաջին դեմքերով էլ թող իրականացնեն։

Ես իմ ժողովրդին էլ գիտեմ, քաղաքական ուժերին էլ գիտեմ»,-ասաց Բագրատ սրբազանը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930