Լրահոս
Օրվա լրահոսը

Սելեկտիվ աբորտներ. ՀՀ-ն ունի տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշը

Հունիս 03,2024 17:50

1. Վիճակագրական պատկեր

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պարբերաբար դառնում են վիճակագրական հետազոտությունների և հրապարակումների նյութ, ինչը փաստում է, որ խնդիրը չի դադարում մնալ հրատապ ու մտահոգիչ։ Վերջին ծավալուն հետազոտությունը՝ «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածությունն ու պատճառները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ, արվել է 2022-ին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից և ՕքսԵՋեն հիմնադրամի աջակցությամբ։ Եզրահանգումները կազմվել են 18-49 տարեկան՝ երբևէ հղիություն ունեցած կանանց շրջանում արված ուսումնասիրության տվյալների հիման վրա։

Միանգամից նշենք, որ ծանոթանալով արդյունքներին՝ ևս մեկ անգամ համոզվում ես, թե որքան տագնապեցնող է այս թեմային առնչվող վիճակագրությունը, գրեթե անփոփոխ է նաև հանրության լայն շերտերի մոտեցումը խնդրի հանդեպ՝ նույն պատճառաբանություններով, հիմնավորումներով ու մտածելակերպի նույն կարծրատիպերով, որոնք առկա են այս և այլ կազմակերպությունների կողմից նախկինում արված հետազոտություններում ևս։

Նորածինների սեռերի համամասնության բնական մակարդակ է համարվում 104-106 տղայի հաշվով 100 աղջիկ ցուցանիշը, որի խախտվելու կամ զգալի տատանումների դեպքում ցանկացած քաղաքակիրթ երկրում պետական մակարդակով տագնապ են հնչեցնում ու միջոցներ ձեռնարկում։ Մինչդեռ մեզ մոտ փաստն արձանագրվում է, ցուցանիշը հրապարակվում ու քննարկվում է, ծրագրերը կազմվում են և նույնիսկ ինչ-ինչ քայլեր են արվում, բայց, ըստ էության, անարդյունավետ։

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատար է. 2021-ին հրապարակված Գենդերային խզման գլոբալ զեկույցի տվյալներով՝ 153 երկրների շարքում մենք 98-րդ տեղում ենք, Վրաստանն ու Ադրբեջանը՝ համապատասխանաբար 74-րդ ու 94-րդ տեղերում։ Թեպետ տարբեր տարիներին վիճակագրությունը փաստել է իրավիճակի որոշակի բարելավումներ, բայց այդ կարճատև միտումը չի վերածվել կայուն արդյունքի՝ պարբերաբար արձանագրելով հետընթաց, ինչի հետևանքով Հայաստանը շարունակել է մնալ նորածինների սեռերի համամասնության ամենամեծ շեղում ունեցող երկրների թվում։

Սեռերի համամասնության շեղումները մեր երկրում խնդիր են դարձել հատկապես 1990-ականների սկզբից՝ շարունակաբար աճելով և հաստատվելով կայուն բացասականի մակարդակում։ Եվս մեկ կայուն իրողություն, որն արձանագրվել է թե՛ վերջին երեք տասնամյակի ընթացքում, թե՛ հիմա. սեռով պայմանավորված հղիության ընդհատումների ցուցանիշով մայրաքաղաքը միշտ զիջել է մարզերին, ինչը ենթադրելի է, քանի որ Հայաստանի մարզերում առավել ընդգծված են երևում սոցիալական բնույթի խնդիրները և կարծրատիպային մտածելակերպի դրսևորումները։

Վերադառնալով 1990-ականների վիճակագրությանը՝ նշենք, որ 1995-ին 100 աղջկա հաշվով ծնվել է 110 տղա, 1998-ին՝ 115-ից ավելի, իսկ 2000-ին՝ 120։ Հաջորդ տասնամյակը, որ Հայաստանն անցկացրեց առանց լայնածավալ պատերազմի՝ սոցիալ-տնտեսական վիճակի աստիճանական բարելավման պայմաններում, նորածինների սեռերի անհամամասնությունը կրճատվեց։

Տեղափոխվելով արդեն 2020-ականներ, երբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը՝ կարող ենք փաստել, որ նշված համամասնությունը վերստին սկսում է խախտվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ նորածինների սեռերի համամասնությունը 2021-ին եղել է 108.8 տղա 100 աղջկա հաշվով, իսկ 2022-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ ցուցանիշը կրկին աճել է և հասել 111-ի։

 

2. Օրենսդրական պատկեր

Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրությունն արձանագրում է, որ հղիության ընդհատումը թույլատրելի է մինչև հղիության 12-րդ շաբաթը, իսկ 12-ից 22-րդ շաբաթներում արհեստական ընդհատումը թույլատրելի է միայն ըստ բժշկական ցուցումների, որոնց ցանկը սահմանված է կառավարության համապատասխան որոշմամբ: Թեպետ սեռով պայմանավորված հղիության ընդհատումն օրենքով թույլատրված չէ, սակայն գործնականում պատկերն այլ է. ուլտրաձայնային կամ գենետիկական հետազոտության միջոցով նախապես իմանալով երեխայի սեռը՝ զույգը, եթե նպատակադրվել է չունենալ աղջիկ երեխա, այդ տեղեկատվության օգնությամբ հնարավորություն է ստանում իր մտադրությունը կյանքի կոչելու՝ իգական սեռի պտղից ազատվելու։

Դեռևս 2014թ.-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով 2012-13թթ.-ի «Սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտությունը, շրջանառության դրեց մի նախագիծ, ըստ որի՝ արգելվում էր մինչև հղիության 30 շաբաթը լրանալը կնոջը հայտնել երեխայի սեռը։ Նախագիծը լայնորեն քննարկվեց պետական ու հասարակական սեկտորի կողմից, սակայն այդպես էլ չհաստատվեց որպես գործող օրենքի դրույթ, քանի որ հակազդեցություն կար կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների կողմից։

2016թ.-ին փոփոխություններ արվեցին «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում և արձանագրվեց, որ «բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումների` նախատեսված կարգով ընդունված ցանկում չնախատեսված որևէ այլ դեպքում, ներառյալ՝ սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական ընդհատումն արգելվում է»։ Այս փոփոխությունը, սակայն, սելեկտիվ աբորտների կանխարգելման կամ նվազեցման առումով գործնականում անօգուտ էր, քանի որ հղիության 12 շաբաթը լրանալուց հետո, եթե չկան բժշկական հատուկ ցուցումներ, ընդհատումը, այսպես թե այնպես, արգելված է։ Այսինքն՝ արդեն իսկ գործող օրենքի համատեքստում պարզապես հիշատակվեցին սեռով պայմանավորված աբորտները։

Թերևս, առավել արդյունավետ կլիներ օրենքում պարզապես ամրագրել, որ սելեկտիվ աբորտը արգելվում է բոլոր դեպքերում՝ անկախ հղիության ժամկետից, իսկ աբորտ կատարող բժիշկը պետք է առնվազն հարցեր տալու միջոցով համոզվի, որ աբորտը չի կատարվում պտղի սեռի պատճառով։ Այդուհանդերձ, արձանագրելով «սելեկտիվ աբորտ» կոչված երևույթի անընդունելիությունը, պիտի անկեղծորեն փաստենք, որ այն տարանջատելի չէ առհասարակ «աբորտ» կոչված երևույթի անընդունելիությունից, քանի որ արարքի բովանդակությունը չի մեղմանում, սրվում կամ այլ կերպ փոփոխվում երեխայի սեռի, ֆինանսական, սոցիալական և այլ թույլ հիմնավորումների պատճառով։ Եթե դատապարտելի է, ապա դատապարտելի է բոլոր տեսանկյուններից, իսկ այս դեպքում «եթե»-ները դերակատարում չունեն, որովհետև խոսքը մարդկային կյանքի մասին է՝ նոր ձևավորվող, փխրուն, խոցելի, բայց արդեն գոյություն ունեցող կյանքի։ Միայն այսպիսի մոտեցման պարագայում հնարավոր կլինի արձանագրել աբորտների, մասնավորապես՝ նաև սելեկտիվ աբորտների, թվաքանակի նվազում։

 

3. Հոգեբանական պատկեր

Սեռով պայմանավորված հղիությունների ընդհատման վիճակագրական ընդհանուր պատկերը, ինչպես ցանկացած վիճակագրություն, ունի իր ներքին տրամաբանությունը. պատերազմի գործոնն օղակներից ընդամենը մեկն է այդ շղթայում։ Մյուսն այն օրինաչափությունն է, որ առաջին երեխայի՝ աղջիկ լինելու դեպքում զույգերը գրեթե երբեք չեն դիմում աբորտի՝ հետագայում անպայման տղա երեխա ունենալու հույսով։ Մեծաթիվ չեն նաև երկրորդ աղջիկ երեխայի դեպքում հղիությունն ընդհատելու օրինակները, քանի որ, ինչպես փաստում են զույգերի շրջանում անցկացված տարբեր հարցումները, «դեռ կա տղա երեխա ունենալու հույս»։

Երրորդ և չորրորդ աղջիկ երեխայի դեպքում պատկերը կտրուկ փոխվում է. ընդհատումների թիվը դառնում է բավականին մեծ, իսկ որպես պատճառաբանություն ներկայացվում են սոցիալական և նմանօրինակ խնդիրները, որոնք, սակայն, եթե անկեղծորեն փաստենք, հազիվ թե ընդհատման պատճառ դառնային երրորդ, չորրորդ կամ հինգերորդ երեխայի՝ տղա լինելու դեպքում։

Պատճառաբանությունները, որոնք ներկայացվում են սելեկտիվ աբորտի դիմած զույգերի կողմից, ևս նույն տրամաբանության շրջանակներում են՝ գրեթե միանման, միևնույն մտածելակերպից բխող։ Օրինակ՝ տղա երեխան ապահովում է ազգի «շարունակականությունը», տղա երեխան է տարեց ծնողների համար ապրուստի միջոց ապահովողը, տղա երեխան, դառնալով տղամարդ, հասարակության մեջ հանդես է գալիս որպես ինքնուրույն, անկախ «դերակատար», որդին, հատկապես՝ գյուղական համայնքներում, համարվում է գլխավոր աշխատուժ, տղային ավելի հասանելի են ազատ տեղաշարժն ու արտագնա աշխատանքը, որդին ծնողների ունեցվածքի ժառանգորդն է, և այլն։

Աղջիկ երեխայի դեպքում կիրառվում է պատճառաբանությունների այլ «փաթեթ». օրինակ՝ աղջիկների հետագա կյանքը լի է հոգսերով ու դժվարություններով, և ծնողին ցավ է պատճառում դա տեսնելը, կամ՝ ամուսնանալուց հետո դուստրն այլևս քոնը չէ, դստերն ամուսնացնելը հոգեբանորեն դժվար է, աղջիկը չի կարող տղայի պես անկախ լինել ու տղայի պես կայանալ հասարակական կյանքում, այժմյան բարքերի պայմաններում աղջիկ երեխա մեծացնելը մեծ ռիսկ է պարունակում, և այլն։

Իհարկե, անմիջապես նկատելի է, որ այսօրինակ պատճառաբանությունների հիմնական մասը ժամանակավրեպ է, հնացած, քանի որ իրականության մատուցած պատկերը զգալիորեն ուրիշ է՝ մեր երկրում կանանց ու աղջիկների ակտիվ դերակատարման, ֆինանսապես ինքնաապահովման, մասնագիտական, ընտանեկան, հասարակական և այլ հարթություններում պատասխանատվության մեծ չափաբաժնի հաղթահարման առումով։ Սակայն կարծրատիպերը, իներցիայի ուժով, միշտ դիմացկուն են լինում ժամանակի ռիթմին ընդդիմանալիս։ Սելեկտիվ աբորտների թվաքանակի նվազումը, թերևս, ինքնաբերաբար տեղի կունենա նաև մտածողության այս կարծրատիպերի հետզհետե կոտրվելու արդյունքում։

 

 Անուշ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930