Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ իշխանությունը կտրվել է ժողովրդից, նախկինում մետրոյով էիք երթեւեկում, վերջին անգամ ե՞րբ եք դուրս եկել ու քայլել ժողովրդի մեջ՝ նա պատասխանեց. «Գնացեք խնդրեք տարբեր օբյեկտների տերերին, ես երեկ մի երկու ժամ 9:3-10-ից եղել եմ Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայում, հրապարակում, Մոսկովյանում, Նալբանդյանում»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ԿԳՄՍՆ-ն հայտնել էր, որ այս տարի Սնուփ Դոգի համերգը, այնուամենայնիվ, կկայանա, քննարկումներն ի՞նչ փուլում են՝ նա պատասխանեց. «Գիտեմ, որ այն ժամանակ ԼՂ-ում տեղի ունեցած դեպքերից հետո այն հետաձգվել էր: Նպատակն այն էր, որ, այնուամենայնիվ, համերգը կայանա եւ այլ ժամկետ խնդրեն, հիմա ենթադրում եմ, որ այլ ժամկետ են խնդրել»:
Հարցին՝ ընդունո՞ւմ եք մեղադրանքները ձեր հասցեին, որ չարժեր այդ համերգի համար այդքան գումար հատկացնել առանց որեւէ մրցույթի՝ նա պատասխանեց. «Չեմ ընդունում, որովհետեւ կառավարությունն ի վերջո որոշում է կայացնում՝ այս կամ այն ուղղությանը զարկ տալու համար եւ եթե մենք ասում ենք, որ պետք է տուրիստական ուղղություն դառնանք, ապա նաեւ ներդրումներ պետք է անենք՝ ոլորտը զարգացնելու համար: Իսկ նման ներդրումը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացում, կարողությունների զարգացում: Եթե չեմ սխալվում, ավելի քան 10 հազար տոմս էր վաճառվել, միայն արտերկրից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ