Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Բագրատ սրբազանի գործունեությամբ պայմանավորված գործող իշխանության պահվածքի մասին՝ արձանագրեց, որ հատկապես վերջին օրերին հանրությունն ապրում է ժողովրդական շարժման օրակարգով։
«Հետեւեք լրատվական հոսքին կամ պարզապես, մտեք ինտերնետ։ Օրինակ, Ազգային ժողովի աշխատանքին ո՞վ է հետեւում։ Վարչապետն է ԱԺ-ում խոսել եւ դրա մասին գրեթե հիշատակում չկա։
Հիմա երեւի շատ մարդ մեզ էլ չի լսում, որովհետեւ այսօր բոլորը նայում են, թե ինչ է կատարվում Քննչական կոմիտեում, ուր գնացել է Բագրատ սրբազանը։ Այսինքն, ինքն այսօր հանրային կյանքը փաստացի ղեկավարում է։ Մնում է միայն հասկանանք, թե սրբազանը իր գործողություններով ու քայլերով մեզ երբ է հասցնում նպատակակետին։
Ի տարբերություն ինձ եւ այլ գործիչների, սրբազանը մի խառնվածք ունի, որը շատ վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի համար։ Դա հավասարակշռված, հանգիստ լինելն է։ Ես, օրինակ, ունեմ հախուռն, ուղիղ եւ արագ գործողությունների մոտեցում։ Սրբազանը հանգիստ է։ Իսկ նրա հանգստությունը ոչ թե նահանջի նշան է, այլ ավելի հաստատուն, ամուր քայլերի ապացույց։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, որպեսզի մեր ժողովրդին այլեւս վնաս չտա, պետք է Հայաստանի վարչապետը չլինի»,-ասաց նա։
Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ Բագրատ սրբազանի հետ հանդիպելուց խուսափող պաշտոնյաների մեկնաբանություններին։
«Նիկոլ Փաշինյանն ասում է, թե իր հետ հանդիպելու ձեւ կա։ Բա ես քո հետ հանդիպման ձեւով առաջնորդվել եմ։ Մտել եմ կառավարության կայք, գրանցվել վարչապետի հետ հանդիպման համար։ Հիշո՞ւմ եք. 2023-ի օգոստոսի 23-ին գրավոր էլ եմ տարել տվել, ասել եմ՝ հանդիպում եմ խնդրում։ Հինգ հազար մարդ էլ եկել էր այդ հանրահավաքին, ասում էր՝ հանդիպի էս մարդու հետ։ Ես էլ ընդամենը իր խոսքերի փաթեթ էի պատրաստել, թե ինքը ինչեր է ասել նույն հրապարակում։ Ուզում էի նրա հետ հանդիպել, թղթերը ցույց տալ ու հարցնել, թե ինչո՞ւ է խաբել ժողովրդին։
Բա ինչի՞ չհանդիպեց, փախավ Սեւան։ Նույնը՝ նախարարները։ Դուք միայն ՔՊ- հետ պիտի հանդիպե՞ք։
Հիմա կարդում եմ, որ Արարատ Միրզոյանը փակ հանդիպում է ունեցել ՔՊ պատգամավորների հետ։
Հարց. ԱԺ կանոնակարգը հանդիպման նման ձեւաչափ չի նախատեսում։ Որ կառավարությունը հաշվետու է ԱԺ- ին, մեր սահմանադրության մեջ գրված է։ Բայց հաշվետու է բոլորին, ոչ թե մի խմբակցության պատգամավորներին։ Սրանք Հայաստանը լրիվ սարքել են վաղ բոլշեւիկյան ժամանակաշրջանի պետություն՝ միակուսակցական համակարգ։ Միայն իրենք իրենց կուսակցության անդամների հետ հանդիպեն, իրենց կուսակցությունն առանց ուրիշների կարծիքը հաշվի առնելու որոշումներ ընդունի, դա էլ պիտի լինի մեր բոլորի որոշումը», -ասաց Էդգար Ղազարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ