2023 թվականին Հայաստանի վարկային շուկայում ակտիվության աճ է արձանագրվել, վարկերի աճի տեմպը տարեվերջին կազմել է 21%՝ մոտ 5 տրիլիոն դրամ: Այս մասին այսօր «2023 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության» ներկայացման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Զեկույցի համաձայն՝ ավանդային պորտֆելը նույնպես աճել է ՝ 9․2%, այն, ըստ Գալստյանի, աճել է բացառապես ՀՀ ռեզիդենտների ավանդների աճով պայմանավորված, դրանք տարվա ընթացքում աճել են 18%-ով։
Վարկավորման աճ է գրանցվել գրեթե բոլոր ուղղություններով՝ բիզնես վարկեր, սպառողական վարկեր, գյուղատնտեսական, հիփոթեքային վարկեր։ Սպառողական, բիզնես եւ գյուղատնտեսական վարկերի աճը 2023-ի վերջին կազմել է 20-21% աճ։
«Չնայած բազայի էֆեկտով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի տարեկան աճի տեմպը որոշակի նվազել է, բայց շարունակել է մնալ բավականին բարձր մակարդակի վրա՝ մոտ 28%»,-ասաց Գալստյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով բանկային համակարգի շահութաբերությանը, ըստ զեկույցի, 2023 տարեվերջին այն որոշակիորեն նվազել է հիմնականում պայմանավորված մի քանի բանկերի կողմից մի գործոնով պայմանավորված՝ խոշոր դուրսգրումներով։
2023 թվականի ընթացքում բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշները դրսեւորել են հարաբերական կայուն միտումներ, էական նվազում նկատվել է դեկտեմբերին։
Ի տարբերություն նախորդ տարվա՝ 2022 թվականի, անցած տարի բանկային համակարգի շահութաբերությանը նպաստել է զուտ տոկոսային եկամուտների աճը, եւ ինչպես ԿԲ նախագահն ասաց, վերջինս համաշխարհային եւ ներքին շուկաներում համեմատաբար բարձր մակարդակի եւ բանկերի վարկային պորտֆելի դրամայնացման արդյունքն է։
Ֆինանսական կայունության հիմնական ռիսկերը ներկայացնելով, ԿԲ նախագահը առանձնացրեց երկուսը՝ աշխարհաքաղաքական բարձր անորոշությունների պայմաններում լարվածությունների հետագա էսկալացիայի ռիսկեր, ինչ արդյունքում համաշխարհային եւ ներքին տնտեսական ակտիվության ապագա հեռանկարի հետ կապված ռիսկեր, համաշխարհային գնաճային նոր ճնշումների առաջացման, քաղաքականության վերանայման ռիսկեր։
Մյուս ռիսկը՝ հիփոթեքային վարկերի եւ անշարժ գույքի գների շարունակական բարձր աճի պահպանումը, հիփոթեքային վարկավորման շուկայում հնարավոր գերտաքացման ռիսկեր։
«Անցած տարի նոր տրամադրվող հիփոթեքային վարկերի մեծածավալ աճը պահպանվել է, ինչն ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով, միմյանց փոխսնուցող աճ՝ մեկի աճը հանգեցնում է մյուսի աճին»,-նշեց Գալստյանը։
2017-2018 թվականներից սկսած աճել է հիփոթեքային վարկ ունեցողներ կշիռը, 2023-ի տարեվերջին երկու հիփոթեք ունեցող անձանց տեսակարար կշիռն ընդհանուր հիփոթեքային վարկային պորտֆելում կազմել է 14%, երեք հիփոթեք ունեցողներինը՝ 4%:
Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ բանկային համակարգը ունակ է դիմակայելու ենթադրյալ շոկային սցենարներին․«Բանկային համակարգը ներկայումս բնութագրվում է կապիտալի եւ իրացվելիության բարձր բուֆերների պաշարներով, ուստի մակրոսթրես- թեստավորման արդյունքները վկայում են, որ նույնիսկ խիստ վատատեսական սցենարի դեպքում համակարգն ունակ է կլանել հնարավոր կորուստները՝ պահպանելով ֆինանսական միջնորդության անընդհատությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ